Գրքեր
3 Հունվար, Շբ, Սուրբ Ծննդյան պահքի Ե օր Ս. Բարսեղ հայրապետի և նրա եղբայր` Գրիգոր Նյուսացու, Հռոմի Սեղբեստրոս հայրապետի և աբբա Եփրեմ Խուրի Ասորու հիշատակի օր

Ս.Բարսեղ Մեծ արքեպիսկոպոս Կեսարացին ծնվել է 330 թվականին Կեսարիայում, հայտնի քրիստոնյա հարուստ ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է հորից, այնուհետև ուսանել է Կեսարիայի լավագույն ուսուցիչների մոտ, հետո՝ Անտիոքում: 301-ին Կոստանդնուպոլսում ուսումը շարունակել է նշանավոր հռետոր Լիբիանոսի դպրոցում, այնուհետև՝ Աթենքի համալսարանում ուսումնասիրել է քրիստոնեական վարդապետություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, աստղագիտություն, երկրաչափություն, բժշկություն: Վերադառնալով Կեսարիա Գրիգոր Աստվածաբանի հետ ուսումնասիրել է Աստվածաշունչը, հաղորդակցվել եկեղեցու հայրերի և ուսուցիչների ժառանգության հետ: Գրիգոր Աստվածաբանի հետ կազմել է «Սուրբ Գիրքը և նրա մեկնաբանը՝ Որոգինեսը» աշխատությունը: Կեսարիայում կառուցել է 2 մենաստան: Մահացել է երիտասարդ, 49 տարեկանում, 379 թվականի հունվարի 1-ին:

Գրիգոր Նյուսացին Ս.Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն էր: 372 թվականին Կապադովկիայի Նյուսա քաղաքի եպիսպոկոսն էր: Նա իր եղբոր հետ անդուլ պայքարել է արիոսականության դեմ, ինչի համար հալածվել է և արիոսամետ Վաղես կայսրը նրան աթոռազրկել է ու աքսորել: 379 թվականին նա մասնակցել է Անտիոքում գումարված ուղղափառ եպիսկոպոսների ժողովին: Որպես թեմական քննիչ և տեսուչ ուղարկվել է Պոնտոսի, Պաղեստինի և Արաբիայի թեմերը՝ ամրապնդելու ողղափառության դիրքերը՝ զսպելու արիոսականների և մյուս հերձվածողների անկարգությունները: Գրիգոր Նյուսացին 381 թվականին մասնակցել է Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովին և Գրիգոր Նազիանզացու հետ վճռական դեր խաղացել Նիկիական հանգանակը պաշտպանելու և Մակեդոնի հերձվածը դատապարտելու գործում: Ապրել է խոր ծերություն: Խաղաղ մահացել է Կոստանդնուպոլսի տաճարում: Սուրբը Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից է, Հայ Առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով:

Սեղբեստրոսը (314-335) ծնվել է Հռոմում: Հոր մահից հետո, ուսուցիչը նրան կրթության է տվել և դաստիարակել որպես ճշմարիտ քրիստոնյա: Չափահաս դառնալով նա կատարել է Աստծո պատվիրանները՝ ծառայել մերձավորներին, հատուկ օգնել թափառականներին: Քրիստոնյաներին հալածելիս, նա չի վախեցել ընդունել սուրբ եպիսկոպոս Տիմոթեոսին, որի մոտ բնակվել է մոտ մեկ տարի: Քսան տարուց ավելի նա ղեկավարել է Հռոմի եկեղեցին, վայելելով քրիստոնյաների հարգանքը: Նա խաղաղ մահացել է 335 թվականին, խոր ծերության հասակում:

Սուրբ Եփրեմ ասորի Խուրին ապաշխարության ուսուցիչն է: Ծնվել է 306 թվականին Եդեսիայում, քրիստոնյա աղքատ հողագործի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է Մծբինում: Ծնողները նրան բարեպաշտ էին դաստիարակել, սակայն մանկուց առանձնահատուկ բնավորություն ուներ և հաճախ կատարում էր չմտածված արարքներ: Մի անգամ նրան մեղադրել են ոչխարի գողության համար և բանտ նստեցրել: Երազում նա լսել է ձայն, որ կանչում էր ապաշխարության, կյանքն ուղղելու համար: Պատանուն արդարացրել են և ազատ արձակել: Նա ցանկացել է ապաշխարել և առանձնացել մերձական լեռներում, դարձել ճգնավոր: 363 թվականին, երբ պարսիկները գրավել են Մծբինը, նա ստիպված վերադարձել է Եդեսիայի մոտ գտնվող մենաստան, որտեղ հանդիպել է շատ ճգնավորների, որոնք իրենց կյանքը շարունակել են աղոթելով: Սուրբ Եփրեմ Խուրին ճգնավորական աշխատանքով համարվել է անդուլ Աստծո Խոսքն ուսուցանող: Աստված նրան ուսուցչի շնորհ է տվել, նրան մոտ են եկել մարդիկ, լսելու նրա խրատները: Սուրբն ուսուցանել է բոլոր մեղքերի խոստովանությունները, հավատքը և բարեպաշտությունը: Կռապաշտները, լսելով սրբի քարոզները, քրիստոնյա են դարձել: Սուրբ Գրությունների մեկնությունների համար նա բավականին աշխատել է: Նա գրել է շատ աղոթքներ և կրոնական երգեր: Եկեղեցին դարեր շարունակ բարձր է գնահատել Սրբի ավանդը: Նա գրել է ասորերեն, բայց նրա մեկնությունները շատ վաղ թարգմանվել են հունարեն, հայերեն, լատիներեն, նաև սլավոնական լեզուներով: Սուրբ Եփրեմ Խուրին կյանքի վերջում մեկնել է Եգիպտոս և 8 տարի ճգնել Թերոդիտի նշանավոր մենաստաններում:

araratian-tem.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․