Գրքեր
17 Հունվար, Շբ Սբ. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի հիշատակության օր

Ալեքսանդրիայի Սբ. Պետրոս հայրապետը և Աբիսողոմ սարկավագը Ընդհանրական Եկեղեցու մեծ սրբերից են: IV դարի սկզբին գլխավորելով Ալեքսանդրիայի աթոռը` Սբ. Պետրոս հայրապետն իր հավատի արիությամբ եւ Աբիսողոմ սարկավագի աջակցությամբ պահպանել է հավատավոր հոտը Դիոկղետիանոսի, Գաղերիոսի և Մաքսիմիանոսի կայսրերի հալածանքների ընթացքում: Հալածանքների սաստկացման պատճառով, համայնքի պնդմամբ հայրապետը հեռանում է Պաղեստին և Միջագետք, սակայն, լսելով քրիստոնյաների նահատակությունների մասին, շուտափույթ վերադառնում է Ալեքսանդրիա եւ քիչ անց բանտարկվում: Սրբի ցանկության համաձայն, նաև երկյուղելով ժողովրդի զայրույթից` զինվորները նրան հրապարակավ չեն գլխատում: 311 թվականին հայրապետն իր սարկավագի հետ միասին գիշերով ընդունում են արյան պսակը:

Սեբաստիայի Վլաս եպիսկոպոսը` սրբակենցաղ եւ քաջարի հովիվը, մշտապես օրինակ է ծառայել քրիստոնյաներին և քաջալերել նահատակներին: Լիկիանոս կայսեր հալածանքների շրջանում Սբ. Վլասն իր հոտին խորհուրդ է տալիս հեռանալ քաղաքից, իսկ ինքն ապաստանում է Արգեոս լեռան մենաստաններում` որտեղ ապրում է ճգնությամբ և աղոթական կյանքով: Հրաշագործ սրբի տեղը հայտնի է դառնում իշխանություններին, որին բերում են ատյան, ուր նա Տիրոջ Հոգով լցված հանդիմանում է հեթանոսներին, ինչի համար տանջանքների է ենթարկվում, նետվում Սեբաստիո լիճը և ապա գլխատվում 316 թվականին: Սբ. Պետրոս հայրապետի, Վլաս եպիսկոպոսի և Աբիսողոմ սարկավագի վարքը և մարտիրոսությունը դարեր շարունակ օրինակելի են եղել ողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև, իրապես, մարտիրոսների արյան գնով հիմնադրվեց Եկեղեցին:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․