Գրքեր
29 Մարտ, Կիր, Ծաղկազարդ Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11: 9-10): Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էին նշանակում: Ձիթենին ընկալվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական ս. պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրը Արեւելքից մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին,գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․