Գրքեր
7 Ապրիլ, Գշ, Ս. Զատկի Գ օր Ավետումն Սբ. Աստվածածնի

«Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43) Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. Ա:38): Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը: Ապրիլի 7-ի Օրվա խորհուրդ Ի՞նչ էր սա: Միայն ավետի՞ս, որը տրվեց Մարիամին, թե՞ ավելին: Միանշանակ՝ ավելին, քանզի այն տրվեց ոչ միայն Ս. Մարիամին, այլև համայն մարդկությանը: Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Աննկարագրելի և անբացատրելի է այն իրողությունը, երբ կինը շուրջ ինն ամիս իր սրտի տակ կրում է իր նմանին: Երբ մեկ մարմնի մեջ բաբախում են երկու կամ երբեմն ավելի սրտեր: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես և բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ: Մեզ համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Զավակը, երբ լույս աշխարհ է գալիս, առաջինը գգվում է իր մոր կրծքին: Առաջին անգամ հագենում է իր մոր կաթով և մշտապես ապահով է զգում մոր գրկին: Նույնպես և մենք: Մեր Մայր եկեղեցուց ստանում ենք մեր հոգևոր ծնունդը: Սնունդ ենք առնում և ապահով ենք զգում մեր Մայր հայրենիքում: Մեր Մայր լեզուն է, որ զորացնում է մեր միտքն ու բանականությունը: Մենք պետք է նաև հասկանանք, որ ապրիլի 7-ը ոչ միայն օր է, երբ տոնվում է Ս. Աստվածածնի Ավետումը, որի ընթացքում մենք նվերներ ենք ընծայում կանանց և մայրերին, այլև խորհուրդ, որ մշտապես պետք է կրենք մեր մեջ: Մեզ համար յուրաքանչյուր օր պետք է լինի ավետման օր: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք ապրել Ավետման խորհուրդը: Այսօր ուրախանում ենք, երբ մեզանում ավելանում են երեխաների ծնունդները, սակայն ուշադրություն չենք դարձնում այն փաստին, որ հազարավոր երեխաներ իրենց կյանքը շարունակում են մանկատներում: Մեր ընտանիքներին և զավակներին առանձնակի ջերմությամբ և գուրգուրանքով ենք շրջապատում և չենք էլ հիշում, որ կան հազարավորներ, ովքեր զուրկ են օթևանից, ծնողական քնքշանքից: Մեզ համար տոն է ապրիլի 7-ը: Մենք այն հռչակել ենք մայրության և գեղեցկության տոն, սակայն անհոգ ենք այն սոսկալի փաստին, երբ կանայք արհեստականորեն զրկում են իրենց մայր դառնալու աստվածատուր շնորհից: Ինչի՞ համար է այս տոնը: Զուտ ուրախանալո՞ւ, նվերներ բաշխելո՞ւ: Այդ ամենը պետք է լինի: Սակայն մենք չպետք է մոռանանք, որ Փրկիչը մեզ պատգամեց նաև հետևյալ խոսքերը. «Սիրեցէ՛ք զմիմեանս»: Եվ Աստված Իր Միածին Որդուն մարդկանց համար բացահայտեց Աստվածածնի Ավետման միջոցով: Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․