Գրքեր
13 Հունիս, Շբ Սբ. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Սբ. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծն անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռեւս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածուն եւ արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս: Հետագայում հայրապետական աթոռի հարկադիր գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը եւ իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգեւոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները: Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաեւ Սբ. Ներսես Հայրապետի շնորհիվ, որը ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Սբ. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»: Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին, նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․