Ապաշխարություն. հոգևոր բժշկություն

Խրատները, բազում օրինակներն ու վարդապետությունը կարող են օգնել այն մարդուն, ով ցանկություն ունի դուրս գալու բազում մեղքերի սարդոստայնից, ուր հայտնվել է՝ հեռվանալով ուղիղ և առաքինի ընթացքից:

Եթե մարմնի հիվանդությունը բուժվում է դեղերով, ապա հոգու հիվանդությունը բուժվում է ապաշխարությամբ: Ապաշխարության մասին կայքի այս բաժնի խրատները լավագույն կերպով, օրինակներով առաջարկում են հոգին բուժելու մի շարք դեղատոմսեր:

Սբ. Հովհան Մանդակունին մարմնի հիվանդության բժշկմամբ օրինակ է բերում հոգու հիվանդությունը. «Երբ մարդը մարմնի մեծ ցավ ունի, ո՛չ սիրելիներով է բերկրում, ո՛չ ատողների թշնամանքի վրա զարմանում, ո՛չ կյանքի փափկությունն է հիշում, ո՛չ աշխարհի պատիվներն ու պայծառությունն է մտաբերում: Այլ այդ ցավի մեջ սուգով և արտասուքով տառապում է, վշտերի նեղությունների համար վշտագին պաղատում, որի պատճառով էլ մերձավորներից շատերը ողորմելով արտասվում են՝ շտապելով փնտրել բժիշկներ և դեղեր: Բժիշկներին խոստանում են վարձ և դեղերի գներ, միայն թե հիվանդի ցավերը փարատվի:

 

Եթե այս ջանքերը ապակացու մարմնի համար են, որ թեպետ բժշկվում է, սակայն մեռնել ունի, իսկ ի՞նչ անել դժոխքի ահեղ հրի մշտնջենավոր ցավերի համար, որ պատրաստ պահվում են բազմավերք հոգիների համար:

Մեղավորը չի հառաչում, հեծում, հանապազ պաղատում Աստծուն, չի լվանում իր հանցանքների վերքերը, բժիշկներ և դեղեր չի փնտրում, ունեցվածքը չի վաճառում, վարձ չի խոստանում բժշկության և անտանելի ախտերի անօրենության դիմաց: Նա նաև ողջ մարմնով է մեղքերի վերքերի մեջ: Քանի որ նրա թափառող աչքերը վիրավորված են՝ արատներին նայելով, լսելիքը ցավահարված է անվայել բաներ ախորժելու պատճառով, լեզուն՝ բամբասանքներով և երդումներով, սիրտը ցավահարված է չար ցանկություններով և պիղծ խորհուրդներով, ձեռքերը հափշտակությամբ և զրկելով, ոտքերը՝ անպարկեշտ ընթացքով: Եվ այսպես մարդը, բոլոր անդամներով մեղքերի ցավերի և վշտերի մեջ լինելով, չի մերձենում հոգու բժիշկներին, ապաշխարության դեղ չի փնտրում, արտասուքների ապաշխարությամբ չի բժշկվում: Եթե մեկն այստեղ նրան չբժշկի աղոթքով, պահքով և ողորմածությամբ, այնտեղ նրան սպասելու է ահեղ հուրը և անողորմ չարչարանքները: Իսկ մարդն աներկյուղ մեղանչում է, անհոգ գործում ամեն ինչ՝ ուտում և ըմպում է, անհոգ քնում, որպես անմահներ մեծ ագահությամբ մթերքներ հավաքում՝ չմտաբերելով Դատաստանը և հավիտենական դառն ամոթը: Եվ այս բոլոր ծուլությունները չարի հնարքներն են, որ փորձում է ուղիղ վարքն էլ դեպի չարը դարձնել: Քանի որ, մարդ ինչ փոքր է համարում և չի շտապում ապաշխարել, նրանով է կործանվում»:

Սբ. Հովհան Մանդակունին հորդորում է փութալ և սկսել ապաշխարությունը, այն միայն սկզբում է ծանր, բայց հետո հեշտանում է և քաղցր ընթանում:

«Մի վախեցիր մեղքի բազմությունից ապաշխարության գնալ, գնալ դեպի Աստված, Նա դատավոր չէ, այլ՝ բժիշկ, դահիճ չէ, այլ՝ գորովագին Հայր»,- ասում է Մանդակունին:

Իսկ ապաշխարության հետևանքը և մարդուն սրբության կյանքին առաջնորդող բանաձևը համարում է. «Զղջալ, հավատով զինվել և հավատի համաձայն կյանք վարել», քանի որ «ճշմարիտ դարձն միայն և ուղիղ խոստովանությունն բավական են փրկվելու և արդարանալու համար»:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Հայրերի վարքից
1. Եղբայրներից մեկն ասաց հայր Պիմենին. «Հայր, ես մեծ մեղք եմ գործել և ուզում եմ երեք տարի ապաշխարել»: Ծերն ասաց. «Դա շատ է»: Եղբայրը հարցրեց. «Իսկ մեկ տարվա .....
Ապաշխարության մասին
1. Ապաշխարիր յուրաքանչյուր մեղքի համար և մահվանից առաջ տարակուսանք չես ունենա (Անտոն Անապատական): 2. Նախկինում կատարած մեղքերիդ մասին հոգումդ հիշողություններ մի թող, .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․