23 Դեկտեմբեր, Բշ
1. Ապաշխարիր յուրաքանչյուր մեղքի համար և մահվանից առաջ տարակուսանք չես ունենա (Անտոն Անապատական):
2. Նախկինում կատարած մեղքերիդ մասին հոգումդ հիշողություններ մի թող, որպեսզի նորից չկրկնվեն: Համոզված եղիր, որ երբ ապաշխարությամբ Աստծո ձեռքը հանձնեցիր՝ ներվեցին: Համոզված եղիր (Անտոն Անապատական):
3. Ասում են՝ փրկվելը դժվար է, բայց և ամոթ է ու աններելի, եթե չփրկվես քեզ տրված բոլոր հնարավորություններից հետո (Հովհան Ոսկեբերան):
4. Ոչ հուսահատվենք մեղքերի մեջ ընկնելիս, ոչ էլ ավելորդ հույս դնենք մեր բարի գործերի վրա (Հովհան Ոսկեբերան):
5. Երբեք մի վախեցիր պատժից, այլ վախեցիր մեղքից, որ այդ պատիժն է ծնում (Հովհան Ոսկեբերան):
6. Ով մեկին տխրեցնի ապաշխարության համար՝ բարություն արած կլինի (Հովհան Ոսկեբերան):
7. Ապաշխարությունն այնտեղ տանող աստիճաններն են, որտեղից որ ընկանք (Եփրեմ Ասորի):
8. Երբ մոտենում է մահվան ժամը, ուղարկվում են հոգեառ հրեշտակներ, որպեսզի վերցնեն հեռացող հոգին և ներկայացնեն Աստծո դատաստանին: Տեսնելով նրանց, խեղճ մարդը, եթե նույնիսկ թագավոր է կամ իշխանավոր, կամ աշխարհակալ, ամբողջովին համակվում է սարսափով՝ ինչպես երկրաշարժի ժամանակ, դողդղում է ինչպես տերևը քամուց, թփրտում է ինչպես բռնված թռչուն, տեսնելով ահավոր զորությունները, իր համար նոր և հզոր երևույթները, նաև տեսնելով ահեղ և խիստ դեմքեր, տեսնելով բաներ, որոնք առաջ չի տեսել: Դա տեսնում է միայն նա և մեր վրա այլևս ուշադրություն չի դարձնում: Ինքն իր մեջ աղոթում է, որքան որ ուժերը ներում են: Նրա վիճակից մենք էլ եզրակացնում ենք, որ նա տեսնում է վերին զորությունների, և միմյանց ասում ենք. լռեք և մի անհանգստացրեք այլևս պառկածին, որպեսզի նրան խռովության չմատնեք: Ավելի լավ է աղոթենք նրա համար, որպեսզի խաղաղությամբ ավանդի հոգին և ողորմություն գտնի Դատավորից (Եփրեմ Ասորի):
9. Մահացավ, այլևս նա չկա, ապրեց իր դարը և պառկած է անշարժ, անշունչ և լուռ: Ի՞նչ է մարդը, երազային տեսիլք և ստվեր: Հոգեառ հրեշտակները՝ առնելով հոգին, բարձրանում են օդով, որտեղ գտնվում են թշնամու իշխանությունները, պետությունները և տերությունները: Սրանք մեզ չարախոսողներ են, այստեղ մեզ գայթակղող և մեր չար գործերը գրի առնող, իսկ այնտեղ՝ տանջահար անող: Սրանք ճանապարհին դիմավորում են վեր ելնող հուգուն, զննում են նրան և հաշվում նրա մեղքերն ըստ իրենց գրառումների՝ երիտասարդության և ծերության մեղքերը, կամա թե ակամա գործածները, նաև գործով, խոսքով և մտքով գործվածները: Օ՜, ինչ սարսափ և ինչ երկյուղ խեղճ հոգուն: Աննկարագրելի է սարսափը, որ կրում է նա իրեն զրպարտող անհամար խավարային թշնամիներից, որոնք ջանում են չթողնել նրան երկինք բարձրանալու, մտնելու կյանքի դռներով և բնակվելու ողջերի երկրում (Եփրեմ Ասորի):
10. Արթնանանք քնից: Դադարենք ինքներս մեզ սին ու փուչ հույսերով խաբելուց: Թույլ չտանք այլևս խորամանկ թշնամուն մեզ ծաղրելու: Եվ թող երկար ապրելու հույսի խորամանկ միտքը չխաբի մեզ: Շատերը շատ բաներ ծրագրեցին, սակայն չապրեցին նույնիսկ մինչև առավոտ, այլ հանկարծակի մահվամբ խլվեցին, ինչպես թռչունը բազեի կողմից: Ոմանք երեկոյան առողջ քնելով՝ չարթնացան, ոմանք ճաշկերույթի մեջ ավանդեցին իրենց հոգին, ուրիշները զբոսանքի և զվարճության, ոմանք էլ բաղնիքում լողանալիս՝ մահանալով, այնտեղ գտան իրենց թաղման լվացումը, ուրիշները մահը գտան ամուսնության ժամանակ և հարսանեկան զգեստները դարձան մահվան զգեստներ, հարսանեկան ուրախությունը վերածվեց սգի:
Այս ամենը մենք գիտենք, բայց այնուամենայնիվ չենք դադարում ինքներս մեզ խաբելուց: Դրա համար էլ ոչ մի զիջում չենք գտնի մենք Աստծո մոտ, որովհետև ոչ թե անգիտությամբ, այլ իմանալով ենք տրվում խաբկանքներին: Աղաչում եմ ձեզ, դարձեք վերջապես ձեզ տրված ուսմունքի ոչ միայն լսողներ, այլև՝ կատարողներ (Եփրեմ Ասորի):
11. Վախեցիր նորից ընկնել այն մեղքերի մեջ, որոնք ողորմած Աստվածը ներել է քեզ ապաշխարության խորհրդով, բայց եթե տկարության պատճառով նորից մեղանչես, մի ընկիր հուսահատության փոսը (Եփրեմ Ասորի):
12. Ինքը՝ Տերը, հանձնարարում է բոլորին այստեղ պատրաստվել հաջորդ կյանքի համար: Այդպես էլ անենք, իսկ եթե սայթաքելով մեղանչենք, բժշկենք այն արցունքներով, քանի դեռ ապաշխարության ժամանակ կա: Ապաշխարության ժամանակը կարճ է, իսկ երկնքի Արքայությունը վախճան չունի (Եփրեմ Ասորի):
13. Փորձությունների և ընկած վիճակի մասին պատմելը մյուսներին, հատկապես հոգևոր հորը, հաճախ բավարար է լինում, որ փորձությունն անցնի: Չար ոգիները վախենում են լույսից, վախենում են իրենց հայտնաբերումից և հեռանում են, երբ իրենց հնարքներն ուրիշների առջև ի հայտ են բերվում: Ահա թե ինչու, վանքերում գնահատվում է հայրերին խորհուրդները և մտքերը խոստովանելը (Մակար Մեծ):
14. Զղջումը փրկարար փայտ է նավաբեկությունից հետո (Կյուրեղ Երուսաղեմցի):
15. Երբ ինքդ քեզ արդարացնես՝ Աստված քեզ կմեղադրի, բայց երբ դու քեզ մեղադրես՝ Աստված քեզ կարդարացնի (Օգոստինոս Երանելի):
16. Չկա ոչ մի ակնթարթ, որ չկարողանա լինել վերջինը մեր կյանքում, միգուցե ոմանք, որ այսօր կարդացին այս տողերը, չտեսնեն վաղվա օրը (Օգոստինոս Երանելի):
17. Փորձությունների ժամանակ անհնար է, որ Տերը ու Նրա սուրբ հրեշտակները օգնության չհասնեն, միայն թե դու մի դադարիր խոնարհությամբ կանչել Նրան (Հայր Պիմեն):
18. Ով չի լացում մեղքերի համար, նա կլացի մեղքերի պատժի համար (Հայր Արսեն):
19. Վշտերը անտանելի են, ես էլ եմ դրան համաձայն, բայց և մեծ է դրանց վարձը, որ պատրաստել է Աստված համբերողներին (Բարսեղ Կեսարացի):
20. Սուրբ Հոգին մեզ սովորեցնում է փախչել մեղքից և այլևս չընկնել նրա մեջ, դա է ապաշխարությունը (Աբբա Եսայի):
21. Առաքինության պսակը սերն է: Մոլորության պսակը՝ սեփական մեղքերի արդարացումը (Աբբա Եսայի):
22. Եթե ապաշխարություն չլիներ՝ չէին լինի նաև փրկվողներ (Աբբա Եսայի):
23. Ով արդարացնում է ինքն իրեն, նա հեռացնում է իրեն ապաշխարությունից (Աբբա Եսայի):
24. Ապաշխարությունը վերադարձ է հակաբնական վիճակից՝ բնականի, սատանայից՝ Աստծուն (Հովհաննես Սանդուղք):
25. Եթե ընկել ենք մեղքերի խորխորատը, ապա այնտեղից չենք կարողանա դուրս գալ, մինչև չընկղմվենք ապաշխարողների խոնարհության անդունդը (Հովհաննես Սանդուղք):
26. Պառկելով անկողնում, պատկերացրու քեզ դագաղի մեջ և կսկսես քիչ քնել: Երբ նստես սեղանի առջև, հիշիր չսատկող որդերի ողբալի ճաշկերույթը և կսովորես չափավորություն: Երբ ջուր ես խմում, մի մոռացիր անշեջ կրակների մեջ լինելիք ծարավի մասին և, անկասկած, կզսպես քո իսկ բնական կրքերը (Հովհաննես Սանդուղք):
27. Միևնույն մեղքը, որ կատարվել է մեկի կողմից, երբեմն հարյուր անգամ ավելի է արժանի պատժի, քան եթե այդ նույն մեղքը գործած լիներ մեկ ուրիշը: Դատելով մեղսագործի բնավորությունից, այն վայրից, որտեղ մեղքը գործվել է, հոգևոր աճից, որի մեջ եղել է մեղք գործողը և էլի ուրիշ շատ այլ պատճառներից (Հովհաննես Սանդուղք):
28. Ինչպես մահացածի համար անհնար է քայլելը, այնպես էլ հուսալքվածի համար՝ փրկվելը (Հովհաննես Սանդուղք):
29. Չնայած, ոչ բոլորը կարող են ազատվել կրքերից, բայց փրկվել և հաշտվել Աստծո հետ՝ բոլորի համար էլ հնարավոր է (Հովհաննես Սանդուղք):
30. Ինչպես ջուրն է ճնշումից վեր բարձրանում, այդպես էլ փորձություններով հալածված հոգին է ապաշխարությամբ մոտենում Աստծուն (Հովհաննես Սանդուղք):
31. Մինչ մեղանչելը դևերն Աստծուն ներկայացնում են որպես մարդասեր, իսկ մեղանչելուց հետո՝ անողորմ (Հովհաննես Սանդուղք):
32. Հաճախակի ընկնելը ուղղել է անիրավներին, անկախ իրենց կամքի՝ նրանց նվիրելով փրկություն և անհիշաչարություն (Հովհաննես Սանդուղք):
33. Ով չի ուզում կրել ապաշխարության կամավոր տրտմությունը, նրան Աստծո նախախնամությունը ակամա վշտերի է ենթարկում (Աբբա Փաղաքիա):
34. Ոմանց շուրթերին մաքսավորի խոսքն է, իսկ սրտինն ու մտքինը՝ փարիսեցունը (Գրիգոր Երկխոս):
35. Ապաշխարությունը բժշկում է հոգիները (Իսահակ Ասորի):
36. Ինչպես ծովի մեջ նետված մի բուռ ավազը, այդպիսին են յուրաքանչյուր մարդու մեղքերը Աստծո ողորմության և նախախնամության համեմատ (Իսահակ Ասորի):
37. Ապաշխարությամբ մաքրվում ենք մեղքերի թույնից ու ապականությունից (Աբբա Ստիփատ):
38. Աստծո շնորհի սպասավորները Սուրբ Հոգու միջոցով խոսեցին զղջման մասին և Ինքը՝ ամեն ինչի Տերը, զղջման մասին խոսեց երդմամբ. «Կենդանի եմ Ես, -ասում է Տերը, -չեմ կամենում մեղավորի մահը, այլ՝ զղջումը». և Նա կցեց հետևյալ բարի միտքը. «Տո՛ւն Իսրայելի, հե՛տ դարձեք ձեր անօրինություններից»: «Ասացի Իմ ժողովրդի որդիներին՝ թեև ձեր մեղքերը ձգվեն երկրից մինչև երկինք և թեև լինեն որդան կարմրից ավելի կարմիր և ավելի սև, քան քուրձը, սակայն եթե դուք ամբողջ սրտով դառնաք դեպի Ինձ և ասեք՝ Հա՛յր, Ես կլսեմ ձեզ՝ որպես սուրբ ժողովրդի»:
Եվ մի այլ տեղում այսպես է ասում. «Լվացվեցե՛ք, սրբվեցե՛ք, ձեր հոգիներից դեն նետեք չարիքը Իմ աչքերի առջև, հե՛տ կանգնեցեք ձեր չարիքներից. սովորեցե՛ք բարիք գործել, արդարություն փնտրեցեք, սատարե՛ք զրկվածին, որբի դա՛տը պաշպանեցեք, արդարացրե՛ք այրուն. և եկեք քննենք միասին,- ասում է Տերը,- և եթե ձեր մեղքերը բոսորագույն լինեն, ձյան նման սպիտակ կդարձնեմ, և եթե որդան կարմիրի պես լինեն, ճերմակ գեղմի նման կսպիտակեցնեմ. և եթե ախորժեք լսել Ինձ, երկրի բարիքները կճաշակեք, իսկ եթե չկամենաք Ինձ լսել, ապա սուրը կուտի ձեզ, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս ամենը»: Եվ այսպես, Նա Իր բոլոր սիրելիներին կամենում է զղջման մասնակիցներ դարձնել, և այդ հաստատեց Իր ամենակարող կամքով (Կղեմես Հռովմեացի):
39. Մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսը ամբողջ աշխարհի մեղքերը Իր վրա վերցրեց, և բոլոր ապաշխարողներին թողություն է տալիս, իսկ դու մտածում ես, որ չի ներվի մեղքերը միայն մի մարդու, և այն էլ՝ հատկապես քոնը: Ամբողջ աշխարհի համար Նա հեղեց Իր Արյունը, իսկ դու ինչո՞ւ ես կարծում, թե միայն քո մեղքերին չի տա թողություն՝ Իր Արյամբ: Միայն թե դադարիր մեղանչելուց, միայն թե ապաշխարիր, միայն թե խոստովանիր մեղքերդ և արդարացման կարժանանաս. «Մեղքերս քեզ ցույց կտամ, և անօրենությունս չեմ ծածկի քեզանից: Ասացի, թե կխոստովանեմ մեղքերն իմ, և Դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամաբարշտությանը» (Սաղմ. 31:5) (Եպիսկոպոս Դիմիտրիուս):
40. Աղոթքից առաջ անհրաժեշտ է հիշել մեր ոչնչությունը և սգալ մեղքերի համար, դա փրկարար է անմահ հոգու համար: Սակայն ով չափազանց ողբա իր պղծության համար և, հետևաբար, չհուսա Աստծո ողորմության վրա, այնպիսինին, իբր բարի պատրվակով, դևերը կարող են ենթարկել ծայրագույն տխրության և անհուսության առ Աստված, մինչև իսկ, հասցնելով ինքնասպանության, դևերի այսպիսի հարձակումը պետք է ետ մղել՝ ասելով. «Հենց այսպիսի մեղավորի համար, ինչպիսին ես եմ, Տեր Աստված իջավ երկնքից երկիր և խաչի մահը կրեց բոլորի և հատկապես իմ համար» («Վանական ուսմունք» գրքից):
41. Ահա թե որոնք են Ս.Հոգու դեմ գործվող մեղքերը՝ ա) չափից դուրս հույս ունենալ Աստծո ողորմության վրա, բ) հուսահատություն՝ սեփական փրկության հանդեպ, գ) ակնհայտ ընդդիմություն՝ հաստատված ճշմարտության և ուղղափառ հավատքի մերժում, դ) Աստծուց ստացած հոգևոր բարիքների համար մերձավորին նախանձելը, ե) մեղքերի մեջ հարատևելը և չարության մեջ քարանալը, զ) մինչև կյանքի վերջը ապաշխարության և զղջման մասին չհոգալը (Հոգեշահ գրքերից):
42. Ինձ անհանգստացնում է այս միտքը. արդյոք Աստված կների՞ ինձ:
Դու հարցնում ես. «Կների՞ արդյոք ինձ Տերը»: Սա դիվային միտք է: Նա իր չարությամբ վախեցնում է քեզ, մի՛ լսիր նրան: Չկա այնպիսի մեղք, որ գերազանցի Աստծո ողորմությանը («Հազար ու մի հարց» գրքից):
43. Երբ խղճիդ կամ Աստծո օրենքի շնորհիվ քո մեջ նկատես մտքի, խոսքի, մտածումի մեղք կամ որևէ կիրք կամ չար սովորություն, նույն պահին, թեկուզ մտովի, ապաշխարի՛ր, այսպես դիմելով Աստծուն. «Տեր, ներիր և օգնիր»: Այսինքն, ներիր, որ մեղանչեցի և օգնիր, որ չմեղանչեմ Քո հանդեպ: Այս աղոթքով դիվային ազդեցությունները վանում ենք մեզանից: Եթե նորից կրկնվի, նորից այս աղոթքով անհրաժեշտ է վանել և դրանով հետզհետե կնվազեն չար մտքերը և մեղսալից սովորությունները:
Քնից առաջ հիշիր, ինչպես ես անցկացրել օրդ, որտեղ ես եղել, ինչ ես տեսել, ինչ ես խոսել և ինչ վատ բան արել հակառակ Աստծո, հակառակ մերձավորիդ, հակառակ խղճիդ, և եթե կտեսնես մեղքդ՝ ապաշխարի՛ր, իսկ եթե ոչինչ չես հիշի, չի նշանակում, թե մեղք չես գործել, այլ ցրվածության պատճառով մոռացել ես: Այդ դեպքում պետք է ապաշխարել նաև մոռացության համար, ասելով. «Մոռացել եմ ես Քեզ, Տեր, վա՜յ ինձ, մի մոռացիր ինձ, Քեզ մոռացողիս»: Եվ այս աղոթքը. «Տեր, ներիր և օգնիր»: Ասա դանդաղ, զղջումով, մի քանի անգամ, մինչև որ ճշմարիտ զղջման հոգոցները դուրս գան սրտիցդ:
Երեկոյան ապաշխարության այս սովորույթը շուտով սովորույթ կդառնա նաև օրվա ընթացքում, ապա և մեղք գործելիս կսովորես անմիջապես զղջալ և ապաշխարել: Այսպիսի ապաշխարությունը առաջնորդում է կատարելության՝ առանց հատուկ ճգնությունների: Ինչպես և ասում են սուրբ հայրերը, Աստված չի պահանջում մեզանից արտակարգ ճգնություններ, այլ փոքր, բայց հարատև, ըստ Հովհան Ոսկեբերանի («Վանական ուսմունք» գրքից):
44. Տիրոջ հետ լինելը Թաբոր լեռան վրա շատ հաճելի է, բայց երբ պետք լինի հայտնվել Գողգոթայի վրա, այն ժամանակ՝ դիմացի՛ր (Հոգեշահ գրքերից):
45. Կան մարդիկ, որոնք վշտացյալներին մխիթարելու փոխարեն, անհեթեթ խոսքերով գցում են տարակուսանքի մեջ և հասցնում հուսահատության: Այսպիսի մարդիկ կամ տգետ են, կամ դևերի կողմից դրդված չարամիտ թշնամիներ (Պողոս Պատրիարք):
46. Եթե չես կամենում հուսահատվել, մի հայտնիր քո սրտի ցավն այնպիսիներին, որոնք համբերությամբ չեն կրում իրենց վշտերը, կամ տկար ու երկչոտ են, կամ անտեղյակ են վիճակների դյուրափոփոխ հանգամանքներին, կամ բնավ չեն տառապել: Քանզի այդպիսիք անփորձ և անգետ լինելով վշտերին և փորձությունների մեջ եղողների որպիսությանը և իրավիճակին, այլ և այլ բաներ են խոսում՝ դրանով ավելի խորացնելով վերքերը, հուսահատական կամ անտեղի խոսքերով, քան թե՝ բժշկում: Որովհետև չգիտեն, թե ինչպես կարելի է մեկին համոզել՝ համբերատար լինել վշտերի մեջ, կամ թե ինչպես կարելի է հուսադրական քաջալերությամբ թեթևացնել դիմացինի ցավերի և կրքերի ծանրությունը: Նրանք, որոնք փորձ չունեն նեղություն և վիշտ կրելու, ինչպե՞ս կարող են փորձվողներին օգնական լինել: Սրանք և սրանց նմանները կարող են հավիտյան հուսաբեկ անել՝ մխիթարելու փոխարեն, դրա համար նեղության մեջ ընկածները չպետք է իրենց ցավը հայտնեն այդպիսիներին (Պողոս Պատրիարք):
47. Աստված ողորմած է՝ ասենք, ոչ թե այն հույսով, որ չարիք գործենք, այլ որպեսզի մեղանչելիս ապաշխարանքի հույս ունենանք (Բարսեղ Մաշկևորցի):
48. Հաճախակի դժոխքի մասին ենք խոսում, որպեսզի վախի միջոցով ձեր սրտերը փափկեցնենք և ձեզ պատրաստենք Արքայությանն արժանանալու: Ինչպես որ մուրճը իր ծանրությամբ ծուռ բաները շտկում է, նույնպես և մեր խոսքերը՝ եթե ծանր չլինեին, չէին կարող հոգիներն ուղղել: Թեև գիտենք, թե ինչպես Աստծո շնորհով սաստում ու հարվածում ենք ոչ թե փշրելու, այլ Տիրոջ համար ընտրյալ անոթ պատրաստելու և այցելության օրը ջինջ ու սուրբ ներկայացնելու, երբ հրեղեն գետը պիտի հոսի: Լավ է մի քիչ մեր խոսքով տոչորվեք, քան թե այնտեղ բոցով այրվեք (Բարսեղ Մաշկևորցի):
49. Աստված ինչո՞ւ անմիջապես չի պատժում, որովհետև քեզ զղջալու առիթ է տալիս, նա մեղավորի մահը չի ուզում, այլ զղջալն ու ապրելը (Բարսեղ Մաշկևորցի):
50. Խաղաղություն հաստատենք և՛ մեր անձերում, և՛ Աստծո, և՛ մարդկանց մեջ: Քանի որ մեր մեղքերը մեզ թշնամացնում են Աստծու հետ, ուրեմն պարզ է, որ բարի գործերով խաղաղություն ենք հաստատում Նրա հետ: Քանզի նախ Նա՛ խաղաղություն հաստատեց Իր խաչի արյամբ և այժմ, ըստ Իր կատարածի, մեզանից նույնն է պահանջում: Իսկ ինչպե՞ս է այս լինում. երբ սիրենք միմյանց, երբ տանենք միմյանց բեռները, երբ ընկերոջ կարիքները սեփական անձինը համարենք, երբ լաց լինենք լացողների հետ և խնադացողների հետ զվարճանանք, երբ վերացնենք մեր միջից թշնամությունը և լինենք Աստծո որդիներ և Քրիստոսի նման խաղաղարար: Երբ համարձակ ասենք. «Ես եղբայրն եմ, և եղբայրը՝ ես»՝ թե՛ վշտի և թե՛ ուրախության մեջ (Խոսրով Անձևացի):
51. Բազմաթիվ են նրանք, որոնք առանց խոստովանության ու հաղորդության են մնում: Արդ, մի՛ անգիտանաք, խոստովանությունը բժշկություն է հոգիների համար, փախուստ է դժոխքից, ազատություն է սատանայից և հարություն՝ մահից: Հետևաբար, պատվիրում ենք, որ ամեն կիրակի եկեղեցի գնաք և խոստովանվեք: Ողորմեցեք ձեզ, ով քրիստոնյաներ, և մի՛ մնացեք մեղքի մեջ: Մեղավորը նման է հիվանդի, որ եթե ծածկի իր ցավերը և չխոստովանի բժշկին, հիվանդության դեմ դեղ չի գտնի (Հովհաննես Երզնկացի):
52. Եթե մեր բազմաթիվ մեղքերի պատճառով անհուսությամբ տանջվում ենք, թե Նրանից ողորմություն չենք գտնի՝ չհուսահատվենք, այլ հույսով ամրանանք, որովհետև Նա ողորմած է ու գթած և ցավում է մարդկանց չարիքների վրա: Նա մեր մեղքերի համեմատ չի վարվում, մեր անօրենության համեմատ չի հատուցում և հավիտյան ոխ չի պահում, որովհետև անոխակալ բնություն է: Թեև մեր կողմից արհամարհվում է, անարգվում, նախատվում, սակայն չի զայրանում ոչ էլ ոխ պահում, ընդհակառակը՝ աղաչում է, աղերսում և մեր դարձն ուզում, որովհետև հեզահամբույր, ողորմած և անհիշաչար բնություն է (Սարգիս Շնորհալի):
53. Արդ, չդադարենք ապաշխարության համար ճգնելուց, դուռը կրկին բախելուց, որը մեղքով փակեցինք, թերևս բացվի մեզ համար (Սարգիս Շնորհալի):
54. Նա մեզ ապաշխարության է կանչում` խոսքով և գործով: Խոսքով, երբ ասում է. «Մեղավորի մահը չեմ ուզում, այլ նրա դարձը և ապրելը» (Եզեկ. 18:32). և թե՝ «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես պիտի հանգստացնեմ ձեզ» (Մատթ. 11:29): Իսկ գործով՝ երբ ապաշխարած Ենովքին այս աշխարհից երկինք փոխելով՝ պատվեց (Ծննդ. 5:24), Երբ Դավթին ընդունեց ապաշխարությամբ և Մանասեի մեղքը ներեց, մաքսավորին արդարացրեց, պոռնիկին ընդունեց և ավազակին դրախտ մտցրեց, երբ Փրկչի (չարչարանքները լսելով՝ մարդկորեն ախտացած Պետրոսին մեկ արցունքով լվաց և երեք անգամ կատարված խոստովանությամբ նրան բժշկեց), և այսպիսի ուրիշ բյուրավորների ապաշխարությամբ ընդունեց, ոմանց հորդորական խոսքերով, իսկ ուրիշներին՝ տպավորիչ օրինակով (Սարգիս Շնորհալի):
55. Արդ, սիրելիներ, հիշենք Աստծուն Իր գթությամբ և չհուսահատվենք մեր անձի փրկությունից, այլ Դավթի հետ դարձյալ ասենք. «Ինչու՞ ես տրտում, ով իմ անձ, կամ ինչո՞ւ ես խռովվում: Աստծուն հուսա, հավատա՛ Նրան, անձիս փրկությունը Աստված է» ( Սաղմ. 41:6):
Այս հույսով, աներկմիտ հավատով ու սիրով գործենք Աստծո պատվիրանների մեջ և նրանցով ավարտենք մեր կյանքը, որպեսզի խոստացված բարիքներին արժանի լինենք մեր Տիրոջ ու Փրկչի Հիսուս Քրիստոսի շնորհքով և մարդասիրությամբ (Սարգիս Շնորհալի):
56. Ապաշխարությունն ընկած հոգիներին կանգնեցնում և բարձրացնում է Աստծո մոտ. մեղքերով աղտոտված մարմինը լվում է և ձյունից ավելի ճերմակ դարձնում: Ապաշխարությունը մեղքերից մեռած հոգուն հարություն է տալիս և նրան մշտնջենավոր անմահություն է պարգևում. դժոխքի հատակը ընկղմված հոգիները արծվի նման սլացնելով դեպի բարձունքներն է հանում և Աստծո դրախտին արժանացնում. հոռետեսներին հույսով է լցնում և Աստծո հույսին է արժանացնում: Ապաշխարությունը մարդկանց բանսարկուի ձեռքից կորզելով՝ ընծայում է Աստծուն. բացում է երկնքի դռները և մեղքով տարագրվածներին Արքայություն մտցնում. մարդկանց հրեշտակ է դարձնում և երկնավորներին պսակակից և համապատիվ է անում (Սարգիս Շնորհալի):
57. Ուղիղ մտքով եղած խոստովանությունն ու ապաշխարությունը մխիթարում է սգավոր հոգին, առողջացնում է վիրավոր մարմինը, թեթևացնում է ծանրաբեռնված հոգիները և արծվի ձագերի նման զարդարում առաքինության թռիչքներով: Տաք սրտից բխած ապաշխարությունն ու արցունքները լվանում են մեղքերի թարախը, բժշկում խոցվածները և չարի նետն ու մուխը մարում: Անկեղծ հավատից բխած ապաշխարությունն ու խոստովանությունը քանդում են մեղքի կապը, խզում անօրենության պարանները, տանջանքների փակ դռները բացելով՝ մարդկանց հանգստության մեջ են պահում:
Հեծությամբ և արցունքով ապաշխարությունը Աստծուն խոնարհեցնում է դեպի մարդը, որովհետև Բարերարը տեսնելով մեզ լացի մեջ, չի կարող մեզ անտեսել (Սարգիս Շնորհալի):
58. Խոստովանությունն ու ապաշխարությունը մեզ մոտեցնում են Սուրբ սեղանին և հաղորդակից դարձնելով հոգևոր հացին՝ կատարյալ սրբություն են պարգևում մեզ: Ապաշխարությունն ու արցունքը մեզ՝ դատապարտվածներիս, սպասվող ահավոր Դատավորի սարսափելի դատաստանը անգործ են դարձնում, որովհետև ապաշխարությամբ մենք մեզ արդեն դատապարտել ենք: Ապաշխարությունը ներկայի և հանդերձյալի համար բյուրավոր բարիքների պատճառ է. և ո՞վ կարող է թվել նրա շնորհները, որոնք Արարչի կողմից մեզ են շնորհվել և ոչ հրեշտակներին: Արդարև, մեղանչած հրեշտակը չի կարող ապաշխարել, և սա հայտնի է մեղանչած և չապաշխարած բանսարկուից. մինչ մարդ, երբ մեղանչի, բյուր դատապարտության կենթարկվի, սակայն ապաշխարությամբ մեղքերը դարձյալ ջնջելով, նորից կարող է մտնել երկնքի արքայություն (Սարգիս Շնորհալի):
59. Չկա մի բան, որ ավելի ցավ և խռովք պատճառի բանսարկուին, որքան ապաշխարությունը. նա ապաշխարության համար եղած գովեստի վրա խռովվում և տագնապում է, որովհետև ապաշխարությունը իրապես խլում է նրանից իր մեծագույն զենքերը: Ո՞ր զենքերը՝ պոռնիկին ու մաքսավորին, ագահին ու կռապաշտին, ավազակին ու հմայողին և այլ այսպիսիներին: Արդարև, ապաշխարությունը նրա պողպատյա զենքերը կորզելով, նրան մերկ, կողոպտված և խայտառակ է թողնում:
Արդ, եթե այսպիսին է ապաշխարությունը, ամբողջ զորությամբ նրանով վարենք մեր կյանքը և դեպի մեզ հրավիրենք, որպեսզի նրա միջոցով մեղքերի թողություն գտնենք և Աստծո արքայությանն արժանի լինենք՝ հասնելու մեր Տիրոջ և Փրկչին՝ Հիսուսի Քրիստոսի շնորհքով և մարդասիրությամբ (Սարգիս Շնորհալի):
60. Աստված չի կամենում մարդուն փորձության տանել, այլ՝ ազատել փորձությունից և փրկել մահվանից: Քանզի նա, Ով Իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար մահվան մատնեց, Նրանով շնորհում է ամեն տեսակ բարիքներ բոլոր նրանց, ովքեր խնդրում են Իրենից: Թեպետ մենք ի վիճակի չենք փոխհատուցելու Աստծուն, սակայն չծուլանանք, այլ ջանանք, որչափ որ մեր կարողությունն է. քանի որ մեր սակավակերությունը որպես պահք է դիտում, չափավոր ըմպելը՝ գինեհատություն, միջին հանդերձը՝ համեստություն և անհրաժեշտ ստացվածքը՝ աղքատություն: Բոլորին վայել է փութաջան լինել Աստծո պատվիրանները պահելու և գործելու մեջ՝ տղամարդկանց և կանանց, ծառաներին և ազատներին, քանի որ մեր Տերը բոլորի թողության համար եկավ (Եղիշե):
61. Այս տոթ քարանձավում՝ իբրև կամավոր բանտում և կապանքներում փակված, խոսքի փոխարեն մեր գրածով ենք խոսում բոլոր նրանց հետ, ովքեր լսելու ականջ ունեն: Ձեր լսողությանն ենք երկրորդում ոչ թե մեր խոսքը, այլ՝ առաքյալների, մարգարեների և Եկեղեցու վարդապետների խոսքի զորությունը: Եթե դրանք լսելու հոժարությամբ ձեր մտքի մեջ պահեք, ինչպես բարի և պարարտ հողում սերմացուն, և գործելով պտղաբերեք Աստծուն, թե՛ ձեր փրկության և թե՛ մեր վարձատրության պատճառ կլինեք: Իսկ եթե մեկը հոժարությամբ չլսի, այլ արհամարհի այն՝ որպես Աստծո դեմ ապստամբող, կամ թե լսելով հանդերձ, գործով արդարություն չպտղաբերի, այլ անզեղջ հոգով, անզգամ սրտով և անհուսությամբ մինչև վերջ անդարձ մնա մեղքի մեջ, Աստծո և Իր բոլոր հրեշտակների և ձեր՝ բոլոր լսողներիդ վկայությամբ՝ Քրիստոսի առջև մենք անհատույց կլինենք նրա արյան համար, քանզի չխորշեցինք և ոչ էլ դադարեցինք նրան Աստծո խոսքը պատմելուց (Ներսես Շնորհալի):
62. Եվ որովհետև հասանք առաքինության սկզբին ու մորը՝ խոստովանությանը՝ զղջմամբ և ապաշխարությամբ հանդերձ, որն Աստծո սուրբ Եկեղեցու բարձրագույն աշտարակն է և սուրբ Ավազանի բոլոր ծնունդների հույսը, որը շատ է կամենում և սիրում Աստծուն և գովում Հին և Նոր Կտակարաններով, և բոլոր սուրբերը իրենց գրվածքներով հորդորում են մեղավորներիս՝ դառնալ, ապաշխարել և ընկնել Աստծո առաջ: Որովհետև Աստված շատ է կամենում, սիրում և գորովով կանչում ամեն մեկին և ուրախությամբ ցնծում մեղավորի դարձի համար: Եվ խիստ տրտմում է, երբ Իր անարատ ձեռքի ստեղծածն անզեղջ է մնում: Արդ, Աստծո մարդկանց համար ստեղծած բոլոր բարիքներից առավել մեծ և զարմանալի են խոստովանությունը և զղջման հույսը (Գրիգոր Վկայասեր):
63. Աստված ուրախանում է, և հրեշտակները ցնծում են մարդկանց զղջումով, որ արտասուքներով և խոստովանությամբ է լինում, ցնծում են և արդարների դասերը երկրի վրա, երբ տեսնում են սրտանց և անկեղծ ապաշխարությունը: Ով դու, մարդ, մի հապաղիր և մի ասա, թե՝ «Վաղը կելնեմ մեղքերից և կգնամ առ Աստված»: Մի խորհիր այդ քո մտքում, որովհետև չար դևն է սերմանում այն խորհուրդներիդ մեջ, որ հապաղես և հանկարծակի անհույս մեռնես և իր հետ այրվես հավիտենական հրում (Գրիգոր Վկայասեր):
64. Այն սիրտը, որը չի զղջում և ապաշխարում, նման է սատանայի սրտին, որը նման է դարբնի սալի: Որ բոլոր սրբերը, աստվածային խոսքերով՝ որպես մտրակով հանդիմանում են նրան և զարկում, բայց դրանք ամենևին չեն ազդում և հետք չեն թողնում նրա մեջ, ինչպես փարավոնի, Հուդայի և սոդոմացիների և Նոյի ժամանակակիցների սրտերում (Գրիգոր Վկայասեր):
65. Այնքան կարևոր և բարձրագույն գործ են խոստովանությունն ու զղջումը, որ ոչ միայն Եկեղեցու վարդապետները և Աստվածային Գրքերն են գովում այն, այլև արտաքին իմաստասերները սրա համար ասպարեզ մտան և հույժ գովեցին նրան, ով առավել ունի այն: Որովհետև կռապաշտ էին, բայց այս բարվոք խորհեցին, քանզի Պյութագորասն ասում է, թե՝ «Մի ծածկիր քո մեղքերը, այլ հանդիմանիր, որ բժշկվես»: Տիմոսթենեսն ասում է, թե՝ «Ով մարմնի ցավերը թաքցնում է բժիշկներից, չի կարող առողջ լինել, նույնպես էլ, ով թաքցնում է մեղքերը՝ չի բժշկվի»: Արիստոտելն ասում է, թե՝ «Ով հեզությամբ խոստովանում է, հավասար է լինում անմեղներին»: Կլիտարքոսն ասում է, թե՝ «Մի տախտակի վրա հուրը հանդերձի հետ մի դնիր, նույնպես և, մի պահիր մեղքերը քո սրտում»: Թեոդիմոսն ասում է, թե՝ «Աշխարհում կան մեղքեր, որոնք խափանում են Աստծո բարերարությունը» (Գրիգոր Վկայասեր):
66. Քանզի Տիրոջ խոսքը ծանրաբեռնվածներին խոստովանությամբ դեպի ապաշխարություն է կանչում, մեղքերով խավարածներին՝ դեպի արդարության լույսը, մոլորվածներին՝ դեպի ճշմարտության գիտությունը, արդարության ճանապարհներից շեղվածներին ուղղության բերում՝ խոստովանությամբ մահաբեր վարքը վերստին նորոգելու և սատանայի բոլոր խարդավանքները լուծարելու: Քանզի «Կամենում է, որ ամեն մարդ ապրի, - ասում է առաքյալը, - և ճշմարտության գիտությանը հասնի ամենագյուտ սիրո տեսչություններով» (Բ Պետ. 3:9) (Գրիգոր Լուսավորիչ):
67. Ճշմարիտ խոստովանողներն ու ապաշխարողներն ազատվում են Քրիստոսի փրկավետ Մարմնով ու Արյամբ: Քանզի դա է մեր հույսն ու քավության առիթը, և դրանով են լինում ազատություն և մուտք դեպի արդարների ուրախություն ու ժառանգություն՝ Քրիստոսի սուրբ սիրո երախտիքներով, որն արդարացնում է ապաշխարող մեղավորներին (Գրիգոր Լուսավորիչ):
68. Ապաշխարություն է սեփական անձն ամբաստանելը և վնասակար ու չար ցանկություններից հրաժարվելը (Գրիգոր Լուսավորիչ):
69. Ում մեղքերի վերքերը սաստիկ են, և ինքնակամ է բռնվել նրանցից, որ օրենքով ունի Տիրոջից տրված քրիստոնեության անունն ու կարգը, այդպիսին ունի սպառնալիքների հանգամանքներ: Ուստի, ըստ հանցանքների չափի, թող մեծ ջանք, ջերմեռանդ արտասուք, սրտի փշրվածություն ձեռք բերի՝ որոշակի ժամանակով հեռացվելով Եկեղեցուց՝ խափանելու համար խիստ մեղքերի դժնդակ ձմեռը: Որպեսզի Հոգու հարավային տաք քամու փչմամբ ժամանի հոգևոր գարունը, սաստիկ անձրևների պես վերից թափվեն արտասուքի հոսանքները, որ թարմ հողը ծլեցնի բույսեր ու ծաղիկներ, տունկերը սաղարթավորվեն ու պտուղներ տան, որոնք վայելելով՝ թագավորներն ու ռամիկները զվարճանում են: Նույնպես էլ, ով Հոգու ջերմությամբ հեղում է արտասուքի հոսանքներ և խզում ձմեռային մեղքերի կապանքները, առաքինության բույսեր են արձակում, և արդարության տնկիները պտուղներ են տալիս, որով երկնավորներն ու երկրավորները ուրախանում են Աստծո փառքի համար (Գրիգոր Լուսավորիչ):
70. Ապաշխարողները այսպիսի միտք և բարք պետք է ստանան, որպեսզի ազատվեն գեհենի անշեջ հրի և անմահ որդերի հարվածների պարտքերից: Եվ, հաստատվելով արտասուքի ավազանով՝ ստույգ ապաշխարությամբ, արքայության ժառանգավորներ լինեն՝ հագնելով սրբության լույսով ճառագայթող, առաքինության վկայություններով զարդարված պատմուճանը՝ սուրբերի հետ պսակվելու և վայելելու անվախճան երանությունների մեջ (Գրիգոր Լուսավորիչ):
71. Եվ այսպես, ապաշխարության կյանքի դուռը չի փակվելու մինչև աշխարհի վախճանը: Որպեսզի ապաշխարության ավազանի հանապազօրդ արտասուքով լվանանք ու սրբենք մեր գործած ամենօրյա սխալները, որովհետև ամեն օր մեղանչում ենք՝ թե՛ խորհրդով, թե՛ խոսքով, թե՛ լսելով, թե՛ տեսնելով և թե՛ որևէ շարժմամբ: Ուստի, թող հանապազօրդ աղոթքներն ու արտասուքով լվացումները չպակասեն (Գրիգոր Լուսավորիչ):
72. Ցանկանում եմ զղջալ, խոստովանել, իսկ թշնամին հապաղեցնում է, ցանկանում եմ մտնել ապաշխարության վարքի մեջ, իսկ թշնամին ծուլացնում է, ցանկանում եմ Աստծո առաջ ընկնել, իսկ թշնամին հեռացնում է, ցանկանում եմ պաղատել, աղերսել, աղաչել, իսկ թշնամին կարծրացնում է, ցանկանում եմ ողբալ ու արտասուքներով լալ, իսկ թշնամին ցամաքեցնում է. ցանկանում եմ ողորմել աղքատին, իսկ թշնամին հիշեցնում է իմ աղքատությունը. ցանկանում եմ մաշել ինձ պահքով, իսկ թշնամին հիշեցնում է ինձ մարմնով տկարանալը. ցանկանում եմ խոնարհվել և հնազանդվել եղբորը, իսկ սիրտս խստանում է ամբարտավանությամբ. քանզի ինչով որ կարող եմ մեղքերս քավել, նրա դեմ պատրաստված եմ գտնում թշնամու չար որոգայթները (Հովհան Մանդակունի):
73. Գող է այն օրը, հափշտակող է վախճանի օրը. անտեսանելի է այս աշխարհից ելքը, հանկարծահաս և ստիպող, և չի թողնում աղաչել ու աղերսել, լալ ու ողբալ, ողորմել ու ապաշխարել: Բռնում է ինչպես որոգայթ, հափշտակում ինչպես առյուծ և, անողորմ վարելով, տանում ինչպես գերեվարների գերի. արտասվելով հառաչում ես և ողբալով հեծում, սակայն օգուտ չես գտնում: Քանզի, ժամ առ ժամ հետաձգելով, բաց թողեցիր ապաշխարության ժամանակը, որով կարող էիր մեղքերիդ բեռները թեթևացնել և անօրենությունների տիղմը մաքրել, լինել արդարներին երամակից, երկնավոր Հոր որդի և անանց բարիքների ժառանգորդ:
Եվ արդ, կա՛մ ըղձալի փափկության բաղձանքով, կա՛մ ահեղ տանջանքների սպառնալիքներով փութանք ապաշխարել և բեռը բեռի վրա չկապենք և ցավը ցավի վրա չավելացնենք: Եվ թող չխաբի մեզ սատանան, թե երկար է այս կյանքը, չսպասենք աններելի վախճանին և անողորմ պահանջողներին, անվաստակ չծուլանանք և անվարժ չգնանք (Հովհան Մանդակունի):
74. Եվ արդ, դու ի՞նչ ունես ասելու, ա՛նձ իմ բազմամեղ, եթե այսքան դեղերով չես բժշկվում: Սակայն փութա՛, մի՛ հապաղիր, զարթնի՛ր դառնանիրհ քնիցդ, դարձի՛ր կորստական ճանապարհիցդ, փարատի՛ր անգիտության խավարը, սթափվի՛ր անզգամ մոլորությունից և ուշքի՛ եկ, թոթափի՛ր մեղքերիդ սաստկությունը, թեթևացրո՛ւ անօրենության բեռներիդ ծանրությունը, քավի՛ր հանցանքներիդ անթիվ բազմությունը, բժշկի՛ր չարաչար վերքերիդ խոցվածքները և լվա՛ ամբարշտությանդ տիղմի ժանտահոտությունը, որպեսզի սրբված և մաքրված հոգով, լուսազարդված և մեծապայծառ մարմնով կարողանաս համարձակադեմ և զվարթերես անցնել տիեզերական ահեղ և անթիվ բանակների միջով, կանգնել Աստծո ահավոր ու մեծ Բեմի առաջ և լսել Նրանից երանության քաղցրալուր բարբառը և աշխարհատես հրապարակի ավետիսը, թե՝ «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, և մտե՛ք, ժառանգեցե՛ք երկնքի բարության վայելչությունը` Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ» (Հովհան Մանդակունի):
75. Դու մի՛ հուսահատվիր մարդասեր Աստծո ողորմությունից, այլ հիշի՛ր, թե քանի՜-քանի՜ մաքսավորներ արդարացան, պոռնիկներ սրբացան, ավազակներ մաքրվեցին և դրախտ մտան (Հովհան Մանդակունի):
76. Ուստի մեղքերի բազմությունից մի՛ երկնչիր ապաշխարության մեջ մտնել, միայն Աստծո առա՛ջ ընկիր. Նա ոչ թե դատավոր է, այլ բժիշկ, ոչ թե սպանող դահիճ է, այլ՝ գորովագին Հայր: Քեզ ընդառաջ է ելնում, ինչպես անառակ որդուն, քո պարանոցով է ընկնում, որ դարձար դեպի ապաշխարություն, երկնավոր Հայրը համբուրում է քեզ՝ բերանը հպելով աչքերիդ, հրամայում է քեզ հագցնել անմեղության առաջին պատմուճանը, ամրացնում է քեզ կոշիկներով՝ թշնամու հետագա թույների դեմ: Կերակրվում ես Որդու Մարմնի Պատարագով, քեզ հետ պատարագից վայելում են ընտրյալ ծառաները, քո անառակությունից դառնալու առթիվ բոլոր սուրբերը երգում և պարում են, որից սարսափած փոքր-ինչ նախանձում է առաջին թլպատված ժողովուրդը` չմտնելով Աստծո Որդու զենման ուրախության մեջ. որոնց մոտ ելավ ու եկավ էական Աստված Մարմնով՝ աղաչելու Հորը հավատացող հրեային, հավատի կոչելու ապաշխարող հեթանոսին և ուրախ լինելու իր անառակ եղբոր դարձով, միասին վայելելու Աստծո Որդու զենումից և ժառանգելու անանց բարիքների վայելչությունը Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ. Նրան փառք և պատիվ հավիտյանս հավիտենից: Ամեն (Հովհան Մանդակունի):
Նյութերը վերցված են <<Խրատանի ապաշխարության>> գրքից: