14 Նոյեմբեր, Եշ
Բարեպաշտությամբ և առաքինի վարքով զարդարված մի եպիսկոպոս աղոթում էր բոլոր սուրբերին, բայց առավելապես Սուրբ Անդրեաս առաքյալին, այնքան որ իր բոլոր գործերը կատարելիս հանապազ այս խոսքն էր հավելում. «Ի փառս Աստծո և Սուրբ Անդրեասի»:
Իսկ մարդկանց հոգիների սկզբնաչար թշնամին` ընդդեմ սրբին նախանձով վառված, իր ողջ խորամանկությամբ հնարքներ էր բանեցնում, թե ինչպես նրան կարողանար խաբել: Ապա հույժ գեղեցիկ կնոջ կերպարանք ընդունելով` եպիսկոպոսի մոտ եկավ` ծանուցելով, թե նրա առջև կամենում էր իր մեղքերը խոստովանել: Եպիսկոպոսը խոստովանության համար նրան ուղարկեց մի խոստովանահոր մոտ, ով հենց այդ գործին էր կարգված:
Սակայն սատանան մերժեց` ասելով.
-Մարդկանցից ոչ մեկի առջև չեմ հայտնի սրտիս գաղտնիքները, բացի միայն եպիսկոպոսից:
Եվ վերջինս համաձայնվելով` կարգադրեց նրան իր մոտ գալ: Եպիսկոպոսի մոտ գալով` նա ասաց.
-Տե՛ր, աղաչում եմ քեզ, ողորմի՛ր ինձ, քանզի ինչպես տեսնում ես, մանկությունից փափուկ կյանքով եմ մեծացել: Թագավորական զարմից ծնված լինելով է, որ հենց այս զգեստներով եմ եկել, քանզի հայրս` մեծազոր թագավորը, ազնվական մի իշխանի էր կամենում ինձ կնության տալ, ում պատասխան տվեցի, թե բնավ չեմ կամենում կնության գնալ, որովհետև իմ Տիրոջ` Հիսուս Քրիստոսի առջև խոստացել եմ կուսությունս հավիտյան պահել: Բայց արդ, դա անչափ վտանգված էր. հարկավոր էր կա՛մ հորս կամքը կատարել, կա՛մ սաստիկ տանջանքներ ընդունել: Ապա գաղտնի փախա. լավ համարեցի պանդխտությամբ ապրել, քան փեսայիս հավատարիմ լինելով` ուխտազանց լինել: Արդ, լսելով սրբությանդ համբավը` եկա թևերիդ հովանու ներքո քեզ ապավինելու, հուսալով այստեղ առանձնակի տեղ գտնել, որտեղ աղոթքով, մտքի տեսությամբ ու լռությամբ զբաղվելով` կարողանամ նաև այս կյանքի վտանգներից փրկվել:
Եպիսկոպոսը, զարմանալով նրա ազգատոհմի մեծության, մարմնի գեղեցկության, հոգու ջերմեռանդության և այսպիսի քաղցր խոսքերի վրա, մեղմաբար և սիրով պատասխանեց` ասելով.
-Քաջալերվի՛ր, դո՛ւստր, մի՛ երկնչիր, քանզի Նա, ում սիրո համար և՛ քեզ, և՛ ճոխությունդ, և՛ բարեկամներիդ այդքան արիաբար արհամարհել ես, փոխարենը քեզ այս կյանքում շնորհների առավելությամբ կհատուցի և հանդերձյալում կատարյալ փառք կպարգևի: Նաև ես` Նրա ծառան, խոստանում եմ քո բոլոր կարիքների մասին հոգ տանել: Քեզ համար ընտրի՛ր ուզածդ բնակության վայրը, իսկ այժմ կամենում եմ, որ ինձ հետ ճաշես:
Եվ նա ասաց.
-Ո՜վ հայր սուրբ, մի՛ արա դա, միգուցե այստեղից մեկը կասկածներ ունենա, որից ձեր բարեհամբավ մեծությունը վնասվի:
Եպիսկոպոսը պատասխանեց.
-Մեզ հետ սեղանի շուրջ շատերն են լինում, այդ պատճառով ոչ մի չար կասկած հիրավի այստեղից չի կարող ծնվել:
Արդ, երբ եկան սեղանի մոտ, եպիսկոպոսը կարգադրեց, որ նրան իրեն դեմ հանդիման նստեցնեն, իսկ ուրիշներին այս ու այն կողմ բազմեցրին: Եպիսկոպոսը շատ էր նրան նայում և նրա գեղեցկությանը նայելու ժամանակ հազիվ էր կարողանում աչքն այլ կողմ թեքել: Եվ այսպես, որքան հայացքով նրա մեջ էր թափանցում, սիրտն այնքան վիրավորվում էր: Եվ երբ նրա երեսին նայելուց չէր դադարում, սատանան նրա հոգին սաստիկ խոցոտում էր, և մոտ էր մեղքին տրվելու, եթե ժամանակին դիպվածը օգնության չհասներ: Բարերար Աստծո խնամքը նրան թույլ չտվեց ընկնել, քանզի պանդուխտ մի մարդ գալով բախեց դուռը և մեծաձայն աղաղակեց, որպեսզի իրեն եպիսկոպոսի մոտ տանեն: Եվ քանի որ չկամեցան, է՛լ առավել ուժգին էր բախում: Եպիսկոպոսը կնոջը հարցրեց.
-Քեզ հարմա՞ր է թվում այդ մարդուն ներս բերել:
Վերջինս պատասխանեց.
-Նախ առակ առաջարկենք նրան, եթե մեկնաբանի, թող ներս գա, իսկ եթե ոչ` իբրև եպիսկոպոսի տեսությանն անարժան մեկը, թող ներս չմտնի:
Այս խոսքերը բոլորին էլ հաճելի թվացին, բայց քանի որ ոչ ոք չգիտեր այսպիսի բան առաջարկել, եպիսկոպոսը կնոջն ասաց.
-Դու, որ ամեն ինչում իմաստությամբ և ճարտարորեն գերազանց ես, ինքդ առաջարկի՛ր այդպիսի առակ:
Այնժամ կերպարանված սատանան ասաց.
-Թող նրան հարցնեն` ո՞րն է այն մեծագույն հրաշքը, որ Տեր Աստված փոքր բանի վրա արեց:
Երբ պանդուխտ մարդուն այն առաջարկեցին, նա պատասխանեց.
-Մեր երեսների զանազանությունն ու գեղեցկությունն է, քանզի մարդկանց այսքան բազմության մեջ, որ եղել է, կա և լինելու է մինչև աշխարհի վերջը, երկու հոգիներ չեն գտնվի, որոնց երեսներն ամբողջությամբ նման լինեն, նույնպես էլ Ամենազոր Աստված այս փոքր երեսների մեջ բոլոր մարմնավոր զգայություններն է դրել:
Այսպիսի պատասխան լսելով` ամենքն էլ զարմացան և ասացին.
-Հույժ գովելի պատասխան է:
Այնժամ կինն ասաց.
-Այլ ազնիվ առակ առաջարկենք նրան, որպեսզի նրա առավել մեծ իմաստությունը ճանաչենք: Թող հարցնեն նրան` որտե՞ղ է այն երկիրը, որ երկնքից ավելի վեր է:
Երբ պանդուխտին այս առաջարկեցին, պատասխանեց.
-Բարձրագույն երկնքում, որտեղ նստում է Քրիստոսի մարմինը, քանզի նա բարձրացել է բոլոր երկինքներից վեր, իսկ մարմինը մեր մարմնից է, մեր մարմինն էլ հենց երկրի էությունից է, ուրեմն ուր Քրիստոսի մարմինն է, այնտեղ է այն երկիրը, որ երկնքից վեր է:
Այս պատասխանը լսելով` ամենքը հիացան:
Այնժամ կինն ասաց.
-Տակավին կարող ենք երրորդ առակն առաջարկել նրան, առավել դժվարլուծելի, որպեսզի ճշմարիտ լինի վկայությունը նրա իմաստության մասին և արժանի լինի եպիսկոպոսի սեղանին: Արդ, թող ասի` ինչքա՞ն է երկրից երկինք հեռավորությունը:
Այս լսելով` պանդուխտը հարց-պատասխանը փոխանցողին ասաց.
-Ասա՛ նրան, ով ուղարկել է քեզ, դու քաջ գիտես, դու ի՛նքդ տուր դրա պատասխանը. քանզի ինքն իսկ այդ ճանապարհը չափել է, երբ երկնքից ընկել է դժոխք, որովհետև նա կին չէ, այլ սատանա:
Այս լսելով` հարց-պատասխան փոխանցողը զարհուրեց և, ինչ որ լսել էր, ամենքի առաջ պատմեց: Եվ երբ ամենքն էլ զարմացան, հին թշնամին նրանցից աներևույթ եղավ:
Իսկ եպիսկոպոսը հասկանալով իրեն խստորեն կշտամբում էր և աղիողորմ ու դառն արտասուքով իր մեղքն էր ողբում: Նա անմիջապես ուղարկեց, որ պանդուխտ մարդուն ներս բերեն, բայց նրան որևէ տեղ գտնել չկարողացան: Այնժամ եպիսկոպոսը կարգադրեց կանչել ամբողջ ժողովրդին, պատմեց կատարվածը և պատվիրեց, որ ամենքն էլ պահք պահեն ու աղոթք անեն, թերևս Աստված հայտնի մեկին, թե ո՞վ էր պանդուխտը, որ իրեն այդպիսի մեծ վտանգից ազատեց: Նույն գիշեր եպիսկոպոսին հայտնվեց, թե Սուրբ Անդրեասն էր, որ նրա փրկության համար պանդխտի կերպարանքով երևաց: Այնժամ եպիսկոպոսն առավել սկսեց աղոթել Սուրբ Անդրեաս Առաքյալին և գոհանում էր մարդասեր Աստծուց:
Հայելի վարուց