23 Դեկտեմբեր, Բշ
Ապաշխարություն. հաշտեցում Աստծո հետ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ապաշխարությունը յոթ խորհուրդներից երրորդն է: Այն քրիստոնեական նոր կյանքի սկիզբն է: Մարդու ներքին և արտաքին կյանքի փոփոխությունն է, բաղկացած մեղքի վճռականորեն մերժումից և ցանկություն ապրելու Աստվածային կամքի համաձայն:
Ապաշխարությունը ենթադրում է կյանքի ֆունդամենտալ, այսինքն՝ հիմքային փոփոխություն: Մեղավորը ճշմարիտ զղջումով և խոստովանությամբ թողություն է ստանում իր գործած մեղքերի և հանցանքների համար: Թողնում է իր եսասեր կյանքը և ապրում Աստծո պատվիրանների համաձայն:
Ապաշխարությունը խորհուրդ է
Էդուարդ Աղայանը իր «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում «ապաշխարել» բառը հետևյալ կերպ է բացատրում՝ գործած հանցանքի՝ մեղքի համար զղջալ, իսկ փոխաբերական առումով՝ նեղություն՝ չարչարանք կրել: Ըստ Հայկազյան բառարանի այն առաջացել է «ապա» (հետո) մասնիկից և «աշխարել»-ից, այսինքն՝ իբրև աշխարհից մեկուսացած: Աճառյանը «ապաշխարել»-ը իրանյան փոխառություն է համարում, որ նշանակում է՝ լալ արած հանցանքի համար: Բառին հոմանիշ է «ապաշավել»-ը նույն իմաստով: Մաշտոցն այդ բառով է թարգմանել ավետարանական «մեթանոյիա» հունարեն բառը, որը նշանակել է զղջալ արածի համար, ճանապարհները փոխել (Մատթեոս 3.2; 4.17): Հունարեն μετάνοια. բառը («մեթանոյիա»- ապաշխարություն) նաև նշանակում է «մտածողության, մտքի փոփոխություն»: Մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ կոչ է անում մեր ապրելակերպի և մտածողության փոփոխություն՝ մերժելով մեղավոր գործերն ու մտքերը:
Ըստ Տաթևացու ապաշխարությունն իր մեջ ընդգրկում է սրտի զղջում, խոստովանություն և ապաշխարություն գործով, «քանի որ երեք ձևով ենք մեղանչում,- գրում է նա,- խորհրդով, խոսքով և գործով, ուստի պետք է երեք ձևով էլ ապաշխարենք»: Սուրբ Ներսես Շնորհալին իր «Հաւատով խոստովանիմ» աղոթաշարում այս նկատի ունի, երբ նշում է. «Իմաստութիւն Հօր Հիսուս, տո՛ւր ինձ զիմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի Քո յամենայն ժամ, ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա՛ զիս…» (ԺԱ):
Ապաշխարության կարգը
Զղջումն ապաշխարության սկիզբն է. առանց սրտաբուխ զղջման չի կարող լինել և ճշմարիտ ապաշխարություն: Զղջումը գործված մեղքից հրաժարվելն է. այն առաջ է գալիս հավատից: Ճշմարիտ զղջումով և անկեղծ խոստովանությամբ ներվում է ամեն մեղք:
Ապա մեղավորը իր գործած մեղքերի համար խոստովանում է հոգևորականի առջև՝ թողություն (ներում) ստանալու ակնկալիքով:
Այնուհետև՝ հոգևորականը խոստովանողի համար սահմանում է ապաշխարություն՝ աղոթք, պահք, ողորմություն, բարեգործություն և այլ բարի գործեր:
Զղջումից, խոստովանությունից և քավությունից հետո եկեղեցում Սուրբ Հաղորդության միջոցով մարդը թողության է արժանանում, այսինքն՝ ներվում են նրա մեղքերը:
Ապաշխարությունը, աղոթքը, պահքը, խոստովանությունը մեր կյանքում միշտ պետք է «թարմացնենք», և ինչպես ասում են եկեղեցու հայրերը ամեն օր նորից պետք է ամեն ինչ սկսել:
Ապաշխարությունը կյանք է
Այն մի նոր ընթացք է քրիստոնյայի համար, ունի շարունակական բնույթ և սահմանափակված չէ ժամանակի ինչ-որ մի հատվածով:
Թեև մկրտությունը լվանում է մեր մեղքերը, սակայն մկրտությունից հետո էլ ենք մեղք գործում, քանի որ չկա աշխարհում մարդ, որ մեղք չգործի, ուստի յուրաքանչյուր մարդ պետք է զղջա մինչև իր վերջին շունչը: Այդ պատճառով այս խորհուրդը կրկնելի է: Այս մասին Հովհաննես Աստվածաբան առաքյալը ասում է. «Եթե ասենք՝ «Մեղք չունենք», ինքներս մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, վստա՛հ եղեք, թե Աստված, որ արդար է, կների մեր մեղքերը և մեզ կսրբի մեր բոլոր անիրավություններից» (Ա Հովհաննես 1.8-9): Քանի որ Աստված սեր է՝ այնքան մեծ, որ մեր ամենասոսկալի մեղքն իսկ որպես փոշեհատիկ կորչում է այդ սիրո օվկիանոսում, եթե մենք սրտանց զղջում ու վստահությամբ դիմում ենք Աստծուն:
Ապաշխարությունը սրբարար զորություն ունեցող խորհուրդ է. հաստատում է ընկածներին, վերստին կենդանացնում, նորոգում հոգևոր կյանքը և հաշտեցնում Աստծո հետ: Իսկ մարդկանց Աստծո հետ հաշտեցնելու համար Քրիստոս Իր առաքյալներին ընտրեց, որոնց իշխանություն տվեց՝ ասելով. «Ինչպես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ուղարկում եմ ձեզ: Ապա փչեց նրանց վրա և ասաց. Առե՛ք Սուրբ Հոգին. եթե մեկին ներեք իր մեղքերը, թող ներված լինեն, և եթե չներեք մեկի մեղքերը, թող ներված չլինեն» (Հովհաննես 20.22-23): Մեղքերի թողության այս իշխանությունը աշակերտները Քրիստոսից առնելով փոխանցեցին իրենց հաջորդներին: Այսօր մեղքեր արձակելու այս իշխանությունը տրված է հոգևորականներին, ովքեր ձեռնադրության և օծման միջոցով առաքյալների իրավահաջորդն են՝ ըստ մեր Տիրոջ վերոհիշյալ խոսքի: Որևէ այլ անձ, բացի օծյալ հոգևորականից, իրավունք չունի որևէ մեկին խոստովանեցնելու և մեղքերից արձակում տալու: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում վարդապետը, քահանան, սարկավագը կամ որևէ աշխարհական կարդում է «Զղջման» աղոթքը, իսկ նրա շուրջը հավաքված հավատացյալները կրկնում են. «Մեղայ Աստուծոյ»: Վերջում խոստովանահայրը կարդում է մեղքերի թողության աղոթքը: Սա ընդհանրական խոստովանության կերպն է: Հայ եկեղեցում կա նաև անհատական խոստովանություն: Խոստովանողը իր գործած մեղքերը անձնապես խոստովանում է քահանայի առաջ, և քահանան, իրեն տրված աստվածային իշխանության համաձայն, թողություն է տալիս՝ արձակելով և խրատելով, որ այսուհետ մեղավոր ճանապարհով գնալու փոխարեն բարեգործության ճանապարհն ընտրեն: Խոստովանահոր վրա դրվում են որոշակի պարտականություններ: Նա չպետք է հայտնի խոստովանությունը ոչ մեկին:
Անկեղծ խոստովանությամբ քրիստոնյան ոչ միայն մեղքերի թողություն է ստանում, այլ նաև հոգևոր առողջություն է ձեռք բերում. վերականգնվում է խղճի հանգստությունը, հոգու խաղաղությունը, Աստծո օրհնությունն է իջնում մարդու վրա: Այս խորհրդով վերականգնվում է այն, ինչ ստանում ենք մկրտության ժամանակ:
Սուրբ Եփրեմ Ասորու շուրթերով մեր Տեր Հիսուս Քրիստոս հորդորում է. «Ո՛վ մեղավոր, եթե շունչ առնելիս մեղանչել ես 70-ապատիկ 7 անգամ, և եթե չարիքներդ երկնքի աստղերի նման անթիվ են, իսկ անօրինությունդ անհամար է ծովի ալիքների պես, ողջ տիեզերքի ավազից էլ շատ, անձրևի շիթերից էլ հոծ և օդում սփռված մանրամաղ փոշուց էլ բազում, եթե չարիքդ ավելի մեծ է ու ծանր, քան աշխարհի բոլոր լեռները…. եթե զղջաս, քավություն կշնորհեմ մեղքերիդ ողջ բազմությանը բյուրապատիկ ավելի արագ, քան ակնթարթն ու շունչ առնելը, արևի ճառագայթների տարածումը. քանզի ամենակարող Արարիչ եմ և կարիք չունեմ ժամանակի՝ մեղքերը քավելու համար» («Հորդորակ ապաշխարության», ԼԳ):