23 Դեկտեմբեր, Բշ
Պսակը սիրո և հավատարմության ուխտն է
Նրանք շտապում էին եկեղեցի, երջանկության գագաթնակետին էին, քանի որ շատ շուտով Աստծով էր օրհնվելու իրենց միությունը: Եվ մինչ պսակի համար գրանցվելը, քահանան, իր սովորության համաձայն, հետևյալ հարցերն ուղղեց նրանց, հարցեր, որ նրանց մի պահ լռելու և խորությամբ մտածելու առիթ տվեց:
-Սիրո՞ւմ ես այս օրիորդին այնքան, որ պատրաստ ես հանուն նրա քո կյանքը զոհել, ինչպես Քրիստոս, սիրելով եկեղեցին, Իր կյանքը տվեց հանուն նրա:
- Հնազանդվելո՞ւ ես քո ամուսնուն, ինչպես եկեղեցին է հնազանդվում Քրիստոսին:
Հարցեր, որոնք հիմնային են և խորը, որոնց պատասխանատու և լուրջ պտուղները դառնալու են նոր տան հիմնաքարերը:
Ադամի կողոսկրը
Կատարելության մեջ անգամ նա մենակ էր: Ճնշվում էր անգամ դրախտում, երբ ապրում էր միայն իր համար: Այդ ժամանակ էլ Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդոց 2.18), Աստված կնոջը ստեղծեց հենց իրենից՝ Ադամից: Տեր Աստված թմրություն բերեց Ադամի վրա, և սա քնեց: Աստված հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը մաշկով ծածկեց: Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ: Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչվի կին, որովհետև իր ամուսնուց ստեղծվեց»:
«Այս նախ ցույց է տալիս, թե մարդն է մարդու օգնականը. որովհետև թեպետ մարդուն օգնական կային կենդանիներ` որպես բեռնակիր, լծկան և այլ կարիքների համար, սակայն առաքինության և հոգու սրբության համար մարդն է մարդուն օգնական: Կինն էլ որդեծնության և տան այլ բարեկարգության օգնականն է» (Սուրբ Գրիգոր Տաթևացի):
Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը՝ պետք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մի մարմին: Ավետարանում էլ ենք կարդում այս խոսքերը, որ շատերի համար գուցե տարօրինակ են հնչում: Պարզվում է, որ պսակի խորհուրդը հենց նրանում է, որ երկուսը դառնան մեկ: Խոսքը սիրո մեջ այնքան խոր միավորման մասին է, երբ երկու մարդիկ չեն պատկերացնում իրենց կյանքը առանց մեկը մյուսի, յուրաքանչյուրը գիտակցում է, որ ինքը իր սիրելիի շարունակությունն է, նրա անբաժանելի մասը:
Խորհրդի նշանակությունը
Պսակը յոթ խորհուրդներից մեկն է, որի սկիզբը դրվեց դեռևս դրախտում: Աստված, ստեղծելով Ադամին և Եվային, սահմանեց ամուսնության միությունը և օրհնելով նրանց՝ ասաց. «Աճեցե՛ք և բազմացե՛ք» (Ծննդոց 1.22,28), ինչը վերաբերում էր և՛ մարդուն, և՛ մյուս կենդանի արարածներին, բայց միայն մարդուն էր տրված այն պատվերը, որ, սիրով միավորվելով, երկուսը մեկ մարմին են դառնում: Դառնալով մեկ մարմին՝ մշտական կենակցության ուխտի մեջ են մտնում, ըստ Քրիստոսի և Իր Եկեղեցու միության օրինակի, նվիրվում են Աստծո Արքայության առաջադիմության համար միասնաբար աշխատելուն:
Քրիստոնեական եկեղեցում Պսակի խորհրդի ժամանակ, այր ու կին քահանայի աղոթքով ու օրհնությամբ ընտանիք կազմելու նպատակով միավորվում են և ստանում Սուրբ Հոգու շնորհը, որով այդ միությունը, որպես անխախտ դաշինք ամրապնդվում է նրանց համատեղ կյանքի բոլոր օրերի համար. ունենալու զավակներ և նրանց քրիստոնեկան ոգով դաստիարակելու ակնկալիքով:
Պսակի նպատակը ոչ միայն որդեծնությունն է, այլ հոգևոր-մարմնական միավորությունը, երբ մեկը մյուսին փոխադարձորեն լրացնում են և օգնում:
Ամուսնության պայմանները
Եկեղեցին հետևյալ պայմաններն է առաջարկում երիտասարդ զույգերին առողջ և ամուր ընտանիք կազմելու նախաշեմին.
Պսակի արարողությունը
Պսակի խորհրդակատարությունը երկու մասերից է բաղկացած. առաջին՝ նշանադրություն, որը ամուսնությունից առաջ երկու կողմերի համաձայնությամբ կայացած ուխտն է:
Երկրորդ՝ պսակ, որ ամուսնացող զույգի սիրո և հավատարմության ուխտն է Աստծո և հանրության առջև: Խորհուրդը կատարվում է եկեղեցում՝ ժողովրդի և խաչեղբոր վկայությամբ: Խորհուրդի արարողության խաչեղբայրը փեսայի և հարսի օրինավոր ամուսնության պաշտոնական վկան է, ով արարողության ժամանակ Քրիստոսի խաչը բռնում է նրանց գլխավերևում (հաճախ խաչեղբայրը կոչվում է կնքահայր): Ամուսնության արարողությունը կոչվում է Սուրբ Պսակ, որովհետև փեսայի և հարսի գլխին թագ կամ պսակ է դրվում. փեսան կոչվում է թագավոր, իսկ հարսը՝ թագուհի:
Խորհուրդը կատարում է քահանան, ով Մաշտոց ծիսամատյանի համաձայն հարցնում է փեսային. «Որդյակ իմ, մինչև մահ տե՞ր ես»: Փեսան պատասխանում է. «Այո, հայր սուրբ, տեր եմ հրամանովն Աստծո»: Այնուհետև քահանան հարցնում է հարսին. «Որդյակ իմ, և դու մինչև մահ հնազա՞նդ ես»: Հարսը պատասխանում է. «Այո, հայր սուրբ, հնազանդ եմ հրամանովն Աստծո»: Դրանից հետո քահանան հարսի ձեռքը հանձնում է փեսային և օրհնում: Այնուհետև օրհնում է գինին և տալիս փեսային, հարսին, ներկաներին: Գինու օրհնությունն ու բաշխումը հիշատակությունն է Կանայի հարսանիքի, որտեղ Հիսուս Քրիստոսը ջուրը գինու փոխելով՝ ուղարկեց սեղանապետին, որ բաշխի բազմությանը: Հիսուսն Իր կատարած հրաշքով օրհնեց այդ հարսանիքը և ուրախացրեց նրանց (Հովհաննես 2.1-11): Պսակի արարողության վերջում գինու բաժակի վրա կատարած աղոթքով քահանան Հիսուսի նմանությամբ օրհնում է ամուսնացող զույգին, ներկա բազմությանը և ուրախացնում նրանց: Գինի խմելը նշանակում է նաև, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է ճաշակեն:
Պսակադրության ընթացքում մատանիները, որոնք դրվում են փեսայի և հարսի մատին, նշանակն են նրանց միության անխախտելիության, իսկ վառվող մոմերը՝ հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհի: Թագերը, որ դրվում են նորապսակների գլխին, նշանն են նրանց ողջախոհության, քանզի Պսակը սուրբ է, և պետք է զերծ մնալ պոռնկական ցանկություններից: Պսակի արարողության ժամանակ հարսի պայծառ, սպիտակ զգեստները խորհրդանշում են Ադամի և Եվայի լուսեղեն զգեստները:
Պսակը կրկնելի է, երբ ամուսիններից որևէ մեկը մահանում է: Եկեղեցին թույլատրում է երկրորդ անգամ ամուսնանալ. «Կանոն կուսի պսակի» և «Կանոն երկրորդ պսակի» (Մաշտոց): Երրորդ պսակը անթույլատրելի է:
Պսակի համար թույլատրելի օրերն են.
Պսակի համար արգելված օրերն են.
Ամուսնալուծության պայմանները
Պսակը անլուծելի է պետական կամ մարդկային որևէ իշխանության կողմից. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթեոս 19.6): Ինչպես որ անհնար է Քրիստոսին Իր Եկեղեցուց բաժանել, այնպես էլ անհնար է մարդուն իր կնոջից բաժանել: Եկեղեցին, Ավետարանների մեջ ամուսնության մասին հատվածները մեկնելով, ընդունում է, որ պսակը լուծվում է միայն շնության մեղքի պատճառով:
Հայ եկեղեցին, օրինավոր պսակն անքակտելի համարելով հանդերձ, ամուսնալուծությունը թույլատրում է հետևյալ պարագաներում.
Պսակն անվավեր է, երբ.
Ամլության պատճառով ամուսնալուծություն չի կատարվում: Կրոնափոխությունն էլ ամուսնալուծության պատճառ չի ընդունվում, սակայն թույլատրելի է, եթե կրոնական բռնության դրսևորումներ կան:
Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին բարեհաջող է համարում ամուսնությունը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են և միմյանց սիրում են ինչպես սեփական անձը, մինչև որ այր ու կին չեն երևում իբրև երկու տարբեր անձ, այլ մի հոգի՝ բնակված երկու մարմնի մեջ, նաև ողջամիտ են ու աշխատասեր, ուրախ, հանդարտ, ընտանիքի փոխնիփոխ հոգածուներ, տղամարդը՝ դրսի գործերով զբաղված, կինը՝ տան կարգավորությամբ, միմյանց մխիթարող ու օգնող, այնպե՛ս, որ ապրում են ոչ այլ բանի, եթե ոչ միմյանց օգտակարության ու հաճելի լինելու համար: