Գրքեր

Սաղմոս ՃԾԱ

Հաշվից դուրս այս սաղմոսը Դավթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելավ Գողիաթի դեմ՝ Սավուղի և Իսրայելի ամբողջ զորքի առջև:

1. Փոքր էի ես յեղբարս իմ, և կրտսեր ի տան հօր իմոյ, արածէի զխաշինս հօր իմոյ:

Փոքր էի ես իմ եղբայրների մեջ. և կրտսերն՝ իմ հոր տանը, հորս ոչխարներն էի արածեցնում:

2. Ձեռք իմ արարին սաղմոսարան, և մատունք իմ կազմեցին գործի օրհնութեան:

Ձեռքերն իմ սաղմոսարան ստեղծեցին, և մատներս օրհներգության գործիք պատրաստեցին:

3. Իսկ արդ՝ ո՞ պատմեսցէ զայս Տեառն իմում. ինքնին Տէր ամենայնի լուիցէ զամենայն:

Իսկ արդ, ո՞վ պիտի պատմի այս բանն իմ Տիրոջը, ամեն բանի Տերն ինքը կլսի այս ամենը:

4. Եւ առաքեաց Տէր զհրեշտակ իւր, և համբարձ զիս ի հօտէ խաշանց հօր իմոյ, և օծ զիս յօծումն իւղոյ իւրոյ:

Նա ուղարկեց իր հրեշտակին, ինձ վերցրեց հորս ոչխարների հոտից, և օծեց ինձ իր յուղի օծումով:

5. Եղբարք իմ մեծամեծս և գեղեցիկք, և ոչ հաճեցաւ ընդ նոսա Տէր:

Գեղեցիկ ու մեծ էին եղբայրներն իմ, բայց Տերը չհաճեց նրանց:

6. Ելի ես ընդ առաջ այլազգւոյն, և նզովեցի զկուռս նորա:

Ես ելա այլազգու դեմ, և նզովեցի կուռքերը նրա:

7. Հանի զսուսերն ի նմանէ, և հատի զգլուխ նորին, և բարձի զնախատինս յորդւոցն Իսրայէլի:

Առա նրա սուրն իրենից, կտրեցի գլուխը նրա, և վերացրի նախատինքը Իսրայելի որդիներից:

Ինչպես նախապես ասվեց, սաղմոսը երգ է կոչվում, ուստի և պարզ է, որ սա ևս հնում երգելով է ասվել, ինչպես որ այժմ եկեղեցում է ասվում պենտեկոստեի ժամանակ՝ Ամենասուրբ Աստծու Հոգու՝ առաքյալների վրա իջման օրը՝ հարյուր հիսուն համարից հետո, ինչպես որ Հոգին խոնարհվեց բոլորի վրա, այդպես էլ Դավիթը իր վրա կրեց Սուրբ Հոգին, որովհետև «Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սղմ. 50:19), թեկուզ և Դավթի պես սխալ գործած լինի: Եվ այդ հույսով էլ եկեղեցու մանուկները երգում են, երբ ցածրացրեց երկինքը և իջավ Տերը (Սղմ. 17:10): Որովհետև Դավիթն էլ խոնարհությամբ արժանացավ այդ ամենին և մեղքից հետո փրկվեց և ներքին հառաչանքների շնորհիվ նորոգվեց: Եվ աշխարհը ճոխացնելով ու հարստացնելով և եկեղեցին հարյուր հիսուն սաղմոսներով լցնելով՝ դնում է նաև սա՝ անձը չափավորության մեջ պահելու համար, որպես Աստծու առջև բարձրացած բոլոր հոգիների օրինակ, որպեսզի երբեք չմոռանա իր առաջին նվաստության մասին, ինչպես որ նախաստեղծները հող դարձան, ինչից որ ստեղծվել էին, որի մասին հիշեցրեց արդար Դատավորը՝ աղետալի պատուհասով: Ուստի և սաղմոսը կոչվում է խոնարհության խոսք, քաղցրության երգ, և ցանկալի Աստծուն, մարդկանց ու հրեշտակներին:

Դարձյալ, սաղմոսարանը, որ մոր արգանդում բնության անոթն ու կազմն է, ինչպես այս սաղմոսարանն է, որ կազմարան է և գործիք Աստծու մարդեղության և Քրիստոսի տղայության, և պատճառ է նորոգության՝ Աստծու պատկերից հնացածի համար:

Իսկ ինքնագիր ասելով, ցույց է տալիս, որ եթե մյուսները երգիչներն էին գրում՝ Ասաբը, Իգիթումը, Կորխի որդիները և ուրիշները, իսկ սա ինքնագիր է և Դավթի ձեռքի գործն է, իսկ խոսքերը՝ նրա սրտից բխած, ինչպես հարյուր հիսունը, որոնց գրիչ էր Դավթի լեզուն, և որ ասում է, թե թվից դուրս է, այսինքն՝ որ հարյուր հիսունից դուրս է:

Որովհետև ով իրապես խոնարհ է և ի սրտե է [խոնարհ], իր անձը սրբերի դասից դուրս է կարգում, ինչպես Պողոսն էր, որ իրեն անարժան էր համարում առաքյալների շարքին դասվելուն:

Եվ երբ նա ելավ Գողիաթի դեմ մենամարտի, այդ ժամանակ ասաց, երբ իրեն վայել էր Իսրայելի բոլոր որդիներից և Սավուղից շքեղ ու պայծառ երևալ, և նրանցից էլ բարձր, որովհետև այն ժամանակ, երբ պարողները երգում էին, ասում էին. «Սավուղը՝ հազար, իսկ Դավիթը բազմահազար մարդկանց սպանեց» (Ա Թագ. 18:7), իսկ նա այսպիսի խոսքերով ամբարտավանության դեմ է դուրս գալիս, տրորում այն, և իր հաղթանակը վերագրում Աստծուն, այնուհետև բոլոր սաղմոսներում այդպես է կարգում՝ իր միջոցով ցույց տալով բարության օրինակը բոլոր դարերի համար:

Որովհետև նա դուրս եկավ որպես նահատակ՝ հավատով զինված, և ամբողջ էությամբ և կամքով դիմելով և երբեք չերկմտելով, ինչպես որ Քրիստոսի բոլոր վկաներն են նահատակ կոչվում, որ Քրիստոսի փափագով նահատակվեցին, կամ նրան լծակից լինողներն են նահատակ կոչվում, որովհետև նախ՝ Դավիթը նահատակ կոչվեց և սպանեց ոսոխին, ապա Սավուղը և ամբողջ Իսրայելը, ինչպես որ ասում է. Փոքր էի ես իմ եղբայրների մեջ, ուզում է ասել, որ փոքր էի եղբայրներիս աչքին: Եվ կրտսերն՝ իմ հոր տանը, ինչպես որ ասաց. «Մի փոքրիկ տղա էլ ունեմ, որ ոչխար է արածեցնում» (Ա Թագ. 16:11), իսկ Աստծու համար նա շատ մեծ էր, որին Իսրայելի թագավոր ընտրեց, իսկ եկեղեցում՝ Հիսուսի Հայր և նրա գանձերի իշխան, և Տեր Աստծու տան դասերի ու դասապետերի հրամանատար: Ինչպես որ նրան խոստացված զավակը՝ ամենակալ Աստված, փոքր երևաց իր եղբայրների՝ հրեաների աչքին, նաև Հովսեփի որդիների, որ չէին հավատացել նրան իրենց հոր՝ Հովսեփի տանը և Ադամի սերունդների մեջ, բայց փոքր համարվեց և կրտսեր, քան Հովհաննեսն է, որ «Երկնքի արքայության մեջ ամենից հետինը նրանից մեծ է» (Մատթ. 11:11): Որ նախ արածեցնում էր իր Հոր ոչխարներին՝ երկնքից՝ հրեշտակների միջոցով խնամելով, իսկ երկրում՝ Իսրայելի, այլ ոչ թե օտարի, նաև իր Հոր արարածների և պաշտոնյաների միջոցով, ինչպես որ մարգարեներն էին աղերսում. «Դու, որ հովվում ես Իսրայելին, ո՛ւշ դարձրու» (Սղմ. 79:2), նաև նրանց [ուշ դարձրու], որ քոնն են, սակայն չեն ճանաչում քեզ, որ ցրված են ոչխարների պես, որոնք հովիվ չունեն, որոնց աղոթքը լսում է քաջ Հովիվը և ասում. «Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն, նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն. և պիտի լինեն մի հոտ և մի հովիվ» (Հովհ. 10:16), որոնց էլ հանձնեց Պետրոսին սիրո երեք խոստովանությունից հետո, որպեսզի արածեցնի իր գառներին և ոչխարներին (տե՛ս Հովհ. 21:15-16):

Ձեռքերն իմ սաղմոսարան ստեղծեցին. որովհետև ինքն իր ձեռքով ստեղծեց տասնալար քնարը, որպեսզի տասը մատները միավորի խոսուն լեզվին՝ Աստծուն օրհնություն մատուցելու համար, որ երկնային տասը դասերի պակասը լրացնի Ադամի որդիներով:

Իսկ յոթնալար քնարն օրինակ էր յոթ զգայարանների, որ և Հոգու յոթնարփի շնորհների բախումից Տիրոջ օրը յոթ անգամ նվագեր՝ խափանելով սատանայական սաղմոսարանն ու դիվային քնարը, որ սկիզբ առավ Կայենի դուստրերից և զարգացավ ապստամբության որդիների մեջ: Ուստի և լցվելով խնդությամբ ու գգվանքով, ասում է՝

Իսկ արդ, ո՞վ պիտի պատմի այս բանն իմ Տիրոջը. ամեն բանի Տերն ինքը կլսի այս ամենը: Ինչպես երբ Սառան ծնեց Իսահակին, ցնծությամբ ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխա կսնուցանի» (Ծննդ. 21:7), որովհետև սա հրճվանքի և գգվանքի է արժանի, կարծես թե ասում է. «Ո՞վ կարող է այս բանը պատմել նրան»: Եվ թվելով նրա երախտիքներն իմ հանդեպ ու հաշվելով իմ հանդեպ իր գործած շնորհները, որովհետև ինքը, որ Տերն է ամենայնի, կլսի այս ամենը, և ես որքան կարող եմ, օրհնություն կմատուցանեմ, սակայն չեմ կարող հատուցել: Նրան ձայն կտան շնորհներն ու երախտիքները, որ իմ մեջ են, և ինքը կլսի այս ամենը ինձանից թաքուն, բայց ոչ իրենից, ինչպես որ օրհնում է նրան մեկ այլ սաղմոսում՝ ուսուցանելով ասելով. «Ձեռքս վարժեցրեց պատերազմի և մատներս՝ ճակատամարտի» (Սղմ. 143:1): Քանի որ երգարանով պատերազմում էր դևերի հետ, որ խեղդում էին Սավուղին, իսկ ձեռքերով՝ ներքին մարդու, ինչպես որ մեկ այլ վայրում է ասում:

Նաև Հոգին բազում միջոցներով է զինում՝ ձեռքերով և մատներով հեռվից կռվել իշխանությունների դեմ, պետությունների դեմ, այս աշխարհի խավար տիրակալների դեմ, գրչի միջոցով, ինչպես Պողոսը տասնչորս թղթերով, որոնք էլ ահա քնար ու սաղմոսարան են բոլոր եկեղեցիների համար և Քրիստոսին օրհնություն մատուցելու միջոց, որը ո՞վ կպատմի Տիրոջը Սիոնի դպրոցահասակ մանուկներին օգտակար լինելու շահի մասին, այլ ինքն իսկ՝ Տերն էր խոսում նրա միջոցով:

Կլսի այս ամենը, երբ բացվեն դպրությունները, ինչպես որ Պողոսն է ասում. «Ահավասիկ ես և իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց» (Եբր. 2:13), որոնց ուսուցման համար ոչ միայն գրում էր և ասում. «Տեսեք, թե ինչպիսի գրերով գրեցի ձեզ իմ այս ձեռքով» (Գաղատ. 6:11), այլև ասում էր. «Իմ և ինձ հետ եղող եղբայրների կարիքները հոգացին այս ձեռքերը» (Գործք. 20:34), ուստի և նրանք նույնպես քնարներ են, որ Դատավորի առաջ գոհության քնարներ են երգում, և որոնց էլ, երբ լսում է, ասում է. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. 25:34):

Նաև Սուրբ Հոգին ձեռք է և մատներ Հիսուսի՝ նրա Որդու համար, ըստ մարգարեի. «Տիրոջ ձեռքն=Հոգին ինձ վրա է» (Ես. 61:1), ինքն էլ էր ասում՝ իր աստվածային մատներով հանելով դևերին, և որ Ձիթենյաց լեռան վրա, բարձրացնելով ձեռքերը՝ առաքյալներին դարձրեց երգողներ ու օրհնության մատուցողները, որով օրհնում և օրհնվում է Քրստոս Աստված բոլոր ազգերից ու ժողովուրդներից: Եվ ո՞վ պիտի պատմի Տիրոջը իր ծառաների աստվածպաշտության մասին, այլ ինքը՝ Տերն է, որ քննում է սրտերն ու երիկամները, և յուրաքանչյուրին, ըստ իր գործի, շնորհներ տալիս, որ գիտե և լսում է բոլորին, թե որքան վերցրին և շահեցին, և պարգևները կրկնապատկում է, ու ծածկում խավարն ու աչքերի լացը և ատամների կրճտոցը:

Եվ ուղարկեց Տերն իր հրեշտակին, ինձ վերցրեց հորս ոչխարների հոտից, և օծեց ինձ իր յուղի օծումով: Հրեշտակ ասելով նկատի ունի Սամուելին, որ նա երկնավոր հրեշտակի միջոցով է ուղարկվում և լսում Աստծու պատգամները, ինչպես մյուս բոլոր մարգարեներն՝ ըստ մեծն Դիոնեսիոսի: Ինձ շատ վեր բարձրացրեց՝ ոչխարների հոտի [հովվից] հասցնելով Աբրահամի աստղերի չափ որդիների վրա թագավորության: Եվ Գաբրիելն էլ Տիրոջ կողմից ուղարկվեց Սուրբ Կույսի մոտ, որ մեկն էր Հովսեփի ոչխարներից, և նրա շնորհիվ բարձրացրեց մեր բնությունը՝ հասցնելով իր աստվածային անզուգական փառքին, իսկ Սուրբ Կույսին՝ Աստվածածին կոչմանը: Այն յուղը, որով օծվեց Դավիթը, նյութական էր՝ կազմված չորս տարրերից, իսկ կուսածին մարմինը՝ աննյութական աստվածությամբ՝ ուրախության օծմամբ՝ ընկերներից առավել [մեծարելով], որոնք մարդկանցից կոչվեցին օծյալներ:

Գեղեցիկ ու մեծ էին եղբայրներն իմ, բայց Տերը չհաճեց նրանց: Եվ այս մասին պատմությունն է ասում, թե Տերը Սամուելին ասաց. «Տերը դրանցից որևէ մեկին չի ընտրել» (Ա Թագ. 16:11), թեև նախքան Տիրոջ հայտնելը, Սամուելը Եղիաբին տեսնելով ասաց, թե «Տիրոջ օծյալն իր առջև է» (Ա Թագ. 16:6), սակայն Հոգին ասաց նրան. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը, որովհետև Տերը նրան չի ընտրել» (Ա Թագ. 16:7): Քանի որ Աստված մարդկանց պես չի տեսնում, որովհետև մարդը դեմքին է նայում, իսկ Աստված՝ սրտին, քանի որ Գողիաթի մասին հարցնելու ժամանակ նախանձեցին նրան ու սաստեցին, թե՝ «Ո՞ւմ ես հանձնել այն փոքրաթիվ ոչխարներին: Ես գիտեմ քո մեծամտությունը և սրտի չարությունը, դու պատերազմը դիտելու համար ես եկել» (Ա Թագ. 17:28):

Այս խոսքերը նաև մեր Տիրոջ մասին են, որովհետև Ադամի որդիներն ու Հովսեփի որդիները նրա եղբայրներն էին կոչվում, և ոչ ոքի մասին չասվեց այս վկայությունը Հորդանանում և Թաբոր  լեռան վրա, թե. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցեք» (Մատթ. 17:5), որ Հայրն ասաց, քանզի որպես մարդ իր զորությունն էր այնտեղ, իսկ որպես Աստված՝ իր գործերը, որովհետև միայն նա կարողացավ փրկել մարդկային ազգը, և միայն միածին Որդու միջոցով դրսևորվեց մեր հանդեպ ունեցած նրա սերը՝ ըստ մեծն Հովհաննես Կարապետի:

Ես ելա այլազգու դեմ, և նզովեցի կուռքերը նրա: Որով նա անիծեց Դավթին, դրանով իսկ նզովվեց Դավթի կողմից, և ոչ միայն Դագոնը տապանակի առջև ընկնելով՝ փշրվեց, և հետո Դավթի կողմից կործանվեց, այլև բազում մեհյաններ կործանեց և կուռքեր նզովվեց, այսինքն՝ թույլ չտվեց, որ մարդիկ պաշտեն և խաբվեն դրանցով: Ուստի և կուռքերի անզորությունը Գողիաթին խայտառակեց այդ նույն օրը, որովհետև Դավթի քարի հարվածից այդ մսային զանգվածը ընկավ, իր սրով կտրելով գլուխը՝ Իսրայելի վրայից վերացավ այն նախատինքը, որ քառասուն օր կանգնած նախատում էր, որովհետև Իսրայելում չկար նրան համապատասխան մեկը, որ պատերազմի ելներ նրա դեմ: Եվ ահա Աստծուց զորացած մի պատանու միջոցով կործանվեց և հարյուրավոր ու հազարավոր այլազգիներ փոխուստի դիմելով կոտորվեցին մինչև Գեթի մուտքի մոտ (տե՛ս Ա Թագ. 17:52)՝ ի փառս Իսրայելի Աստծու:

Մեր Տերն էլ ընդառաջ ելավ այլազգի չարին՝ սատանային, որը մեր բնությունը չուներ, որովհետև Տերը մարդ եղավ և Դավթի Որդի՝ մարգարեների կողմից Դավիթ կոչվելով, որոնք ասում էին, թե Դավիթը գալու է և հայտնվի: Նրա դեմ դուրս եկավ Հորդանանում՝ քառասուն օր անապատում գտնվելու ժամանակ, Գողիաթի նման եկել և փորձում էր նրան՝ տկար համարելով, փորձելով հագեցնել քաղցը կամ աշտարակից անվնաս ցած նետել, սակայն նրա փառքի և թագավորություն մոլուցքը սաստվեց կարծես քարերի հարվածներով:

Այնուհետև առնելով նրա սուրը՝ մաքսավորներին, մեղավորներին, պոռնիկներին, հալածիչներին, կախարդներին և թագավորներին՝ կռապաշտության ջատագովներին, նրանց  միջոցով կտրում էր նրա գլուխը՝ հպարտությունն ու կռապաշտությունը, որ նրա բոլոր չարությունների գլուխն է, ինչպես Տրդատին, Կոստանդիանոսին և Կիպրիանոսին և նրանց նմաններին՝ վերացնելով աստվածատես Ադամի տան և նրա որդիների նախատինքը, որ երկրպագում էին փայտե, քարե, կավե և զազրելի կենդանիներին՝ ի պատիվ դևերի՝ իրենց կորստյան մատնողների: Եվ ոչ միայն վերացրեց այսպիսի նախատինքը, այլև մեր բնությունը վերցնելով այնքան բարձրացրեց մեր պատվի գրավականը, մինչև որ նստեցրեց բոլոր իշխանություններից, պետություններից և ամեն անունից վեր՝ իր Հոր աջ կողմում, որին երկրպագում են գոյություն ունեցող բոլոր արարածները՝ իմանալի և զգալի: Ուստի և այս պատվից և փառքից պետք է սոսկանք և զարհուրենք, որ չլինի թե անցավոր կենցաղի սնոտի խաբեություններով, առօրյա հեշտությունների պատրանքով, ցանկությամբ և ագահությամբ ընկնենք այդքան բարձրությունից, որը սարսափելի մեծ և ողբի արժանի անկում է բոլոր բանական էակների համար: Որից  թող պահի մեզ և բոլոր իր անվանը հավատացողներին Քրիստոս Աստվածը մեր և խաչյալ անմահ Թագավորը, և որ օրհնվում է բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից՝ կենդանիների և անկենդանների, վերինների և ներքինների, այժմ և այն օրը, երբ գալու է, Հոր և Ամենասուրբ Հոգու հետ հավիտյանս հավիտենից. ամեն:

Ուստի ընտրությամբ Աստծու և օծությամբ Սուրբ Հոգու, այս Բեթղեհեմացի Դավիթը՝ Հեսսեի որդին՝ արժանանալով Սուրբ Հոգու յոթնարփի շնորհներին՝ նախախնամությամբ լինելով Աստծու Որդու մարմնավոր հայր, հորինելով կազմում է օրհնության գործիք, և ժողովրդի որդիները, նրանից սովորելով, նախապես միայն Պաղեստինում էին օրհնում՝ մինչև Աստծու անճառ Բանի ծնունդը, որ ընտրեց զվարթ և իրեն ջերմորեն սիրող տասներկու առաքյալներին, և նրանցով որսվեց ամբողջ աշխարհը՝ փրկության համար, օրհնություն Ամենասուրբ Երրորդությանը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

12.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․