23 Դեկտեմբեր, Բշ
21. Որ և զձե՛զ ըստ նմին օրինակի, կեցուսցէ մկրտութիւնն. ոչ զմարմնոյ աղտն ՚ի բաց ընկենլով, այլ զբարւո՛ք մտաց հանդէս առ Աստուած, ՚ի ձեռն յարութեանն Յիսուսի Քրիստոսի.
Մկրտությունն էլ, ըստ նույն օրինակի, ապրեցնում է ձեզ, ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճմտանքով հանդիսություն Աստծու առջև Հիսուս Քրիստոսի հարության միջոցով:
«Մկրտությունն էլ, ըստ նույն օրինակի, ապրեցնում է ձեզ»:
«Դուք նրանցից բյուրապատիկ ավելի մեծ փրկության եք արժանանալու,- ասում է առաքյալը,- քանի որ նրանք նախ չարչարանքներով արդարացան, հետո միայն փրկվեցին, ովքեր էլ չարդարացան, կործանվեցին, իսկ ձեզ Փրկիչը մեղքերի, կռապաշտության և պես-պես անօրենությունների միջից վեր հանեց ու ձրի շնորհներով փրկեց, մկրտությամբ լվաց ձեր մեղքերը, սրբեց և արդարացրեց՝ Աստծուն մոտեցնելով»:
Տեսա՞ր շնորհների առավելությունը, տեսա՞ր անզուգական պարգևները, որոնք համեմատելի չեն նախօրինակների հետ, այլ ամեն ինչով գերազանցում են դրանց։ Եվ դարձյալ, ինչպես որ ջրհեղեղի ժամանակ մահն ու կյանքն են մեր աչքերի առջև հառնում, մահը՝ մեղավորների, կյանքն արդարների համար, այդպես էլ մկրտության ժամանակ են մահն ու կյանքը «հայտնվում» մեզ, մահը՝ մեղքերի ու հին Ադամի համար, իսկ կյանքը մարդու և Աստծու պատկերի համար։
Սրա համար էլ երանելին ասում է.«Մկրտությունն էլ, ըստ նույն օրինակի, ապրեցնում է ձեզ, ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճմտանքով հանդիսություն Աստծու առջև»։
Սա ասելով՝ առաքյալը ցույց է տալիս մկրտության շնորհների հույժ մեծությունը, որոնք ստացողը Աստծու առջև է կանգնում իբրև արժանավոր մեկը։ Պետրոսը դյուրըմբռնելի օրինակով ամրացնում է մկրտությունն ընդունողների միտքը՝ պարզաբանելով, թե ինչպիսի բարիքների են արժանանում այդ շնորհները կրողները։
Սրա համար էլ առաքյալն ասում է. «Մկրտության ջուրը մարմնի լվացման համար չէ, որի դեպքում այդ անխորհուրդ ջուրը մարմնի աղտը միայն կմաքրեր ու մարմինը զվարթ և լուսատեսակ կդարձներ լվացման միջոցով, այլ սրանից ավելի մեծ խորհուրդ է բովանդակում մկրտության ջրի զորությունը։ Այն բարությամբ է լցնում միտքն ու փառավոր առաքինություններով Աստծու առջև է կանգնեցնում մկրտվողին»։
Եվ ինչպես որ, օրինակ, տեսանելի ջուրը լվանում ու հարդարում է տեսանելի մարմինը, այդպես էլ այն սրբում է «ներքին» մարդուն՝ անտեսանելի հոգին, նույնն է թե՝ հրաշագործում է հոգին ու միտքը, սրբում է, հարդարում և մաքրում մեղքերի աղտից։ Ինձ թվում է, որ մեր Տերը այս պատճառով հրամայեց ծնվել ջրից և Հոգուց, որպեսզի երկու ծնող ունենանք. մեկը՝ մարմնական ծննդյամբ, մյուսը՝ հոգևոր, որպեսզի երևելին և տեսանելին վկա լինի անեևրույթ և ծածուկ խորհրդին։
Մարմնի աղտեղությամբ էին լեցուն այն մեղավորները, որոնք ջրհեղեղի պատճառով կորստյան մատնվեցին, և թեպետ ջրհեղեղը «սրբեց» այդ աղտեղությունները, սակայն արդարություն «չպարգևեց» մեղավորներին։ «Այդպես չէ, սակայն, ձե՛ր լվացումը,- ասում է առաքյալը,- քանի որ այն միայն մարմնական աղտերը չէ, որ մաքրում է, այլ նաև սրբում և մեղքերի աղտից մաքրում է միտքը՝ այն ձյունից ավելի սպիտակ դարձնելով»։
Իսկ ինչո՞ւ է նախ միտքը հիշատակվում, և ապա հոգին։ Քանի որ նախ և առաջ միտքն է ախտանում ու հիվանդանում մեղքով, և ապա միայն հոգուն է ցանկության դրդում, այնուհետ էլ՝ մարմնին «քարշ տալիս» մեղքի կատարման համար։ Ուստի և երանելին ավազանի շնորհներով մտքի մաքրվելն է շեշտադրում, քանի որ մաքուր խղճմտանքն ինքնին սրբում է հոգին և մարմինը։
Իսկ «որպես մաքուր խղճմտանքով հանդիսություն Աստծու առջև» խոսքով էլ առաքյալը ոչ միայն ավազանի մաքրությունն է մատնանշում, այլ նաև աստվածատուր բոլոր պատվիրանների կատարման ուրախությունը, որը ուղեկցվում է պարերգությամբ, և ոչ թե մեղքերի կարկամությամբ, որն էլ իր հերթին մկրտությունից հետո կրկին աղտեղանալու պատճառով է լինում։
Երանելին մկրտության պարգև մեծամեծ աստվածատուր շնորհների մասին խոսելուց ու ջրհեղեղի օրինակով իր ասածը հաստատելուց հետո մեր առջև է դնում այդ հրաշագործության «պատճառը», այսինքն՝ Քրիստոսի հարությունը։ Պետրոսը կամենում է ասել, որ ինչպես Քրիստոսի չարչարանքների ժամանակ նախ մահը «ժամանեց», ապա թաղումը, ու հետո՝ հարությունը, այդպես էլ մկրտության ժամանակ նախ մահն ու թաղումն է լինում, և ապա հարությունը։ Մահը՝ մեղքերի, թաղումը՝ հին Ադամի, իսկ հարությունը՝ տիրաստեղծ մարդու և աստվածային պատկերի։
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ․
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը