23 Դեկտեմբեր, Բշ
11․ Եթէ ոք խօսիցի՝ իբրև զԱստուծոյ պատգամս. եթէ ոք մատակարարիցէ՛ իբրև ՚ի զօրութենէ զոր շնորհէ Աստուած. զի յամենայնի՛ փառաւորեսցի Աստուած ՚ի ձեռն Յիսուսի Քրիստոսի, որում փա՛ռք և զօրութիւն յաւիտեանս ամէն։
Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման: Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, Որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից. ամեն
«Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման»:
Առաքյալն ասես անորոշ թողեց Աստծու շնորհների մասին խոսքը՝ դրանց «պես-պես» կոչումը տալով և բազմազանության մասին վկայելով միայն: Ապա երանելին այդ շնորհները երկու տեսակի է բաժանում և յուրաքանչյուր շնորհ Աստծուն «ծառայելուն» է արժանի համարում, որպեսզի շնորհներ ստացողները չմոլորվեն ու դրանք իրենց անձին չծառայեցնեն՝ այդպիսով չարի թակարդն ընկնելով և ճշմարտությունից շեղվելով:
Ահա թե ինչու է առաքյալն ասում. «Եթե մեկը խոսի» և ավետարանի այն շնորհով, որ ստացել է Աստծուց, թող այդ շնորհն իրեն չվերագրի, այլ թող խոսի այնպես, ասես քարոզում է «Աստծու պատգամները»: Ուստի թող քարոզի երկյուղածությամբ և դողությամբ, որպեսզի պատշաճությունից զուրկ լինելու պատճառով չդատապարտվի կամ քարոզելու այդ շնորհն իրեն չվերագրի ու կորցնի այն՝ իբրև անհավատ դատվելով և շնորհազուրկ դառնալով:
Աստծու խոսքի քարոզիչներ էին նաև մարգարեների ու առաքյալների դասերը, որոնք այնպես էին քարոզում, որ ունկնդիրները պարզորոշ գիտենային, որ իրենք Աստծու խոսքերը փոխանցողներն են, միջնորդներ և պատգամաբերներ: Այդպես Դավիթն իր լեզուն «արագագիր դպիր» էր անվանում և, ինչպես մյուս մարգարեները, խոնարհեցնում էր իր անձը. «Ես հովիվ և գառնարած էի,- ասում է,- ո՛չ մարգարե և ո՛չ մարգարեի որդի»: Այս խոսքով Դավիթը Հոգուն էր վերագրում իր մարգարեության շնորհները:
Իսկ Պողոսն իր խոսքերը Քրիստոսի անունով էր քարոզում: Այդպիսին պիտի լինեն և նույն ուղով պետք է ընթանան բոլոր նրանք, ովքեր Աստծու անունից են քարոզում:
«Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է»:
Ինձ այնպես է թվում, որ, ինչպես վերևում ասացի, Աստծու բոլոր շնորհները երկու տեսակի են լինում՝ տեսական և գործնական: Չէ՞ որ բոլոր հոգևոր շնորհներն, իբրև վարդապետություն, նախ տեսական ոլորտում են «ծագում», ուստի նաև մարգարեները «տեսանողներ» են կոչվում, իսկ առաքյալները՝ «պատգամաբերներ», իսկ արդեն առաքինության արարքների ներգործությունը ազդում է գործնականում, և այդ ներգործուն շնորհներով արդարանում ու փառավորվում են նաև հենց նրանք, ովքեր Աստծու զորությամբ աստվածային շնորհների մատակարարներ են դառնում: Ահա թե ինչու է երանելի առաքյալն ասում. «Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է»:
Յուրաքանչյուր շնորհ, որ մարդ ունի, լինի այդ շնորհը հոգևոր թե մարմնավոր, Աստծուց է տրված, քանի որ մարդ ինքնին Աստծու արարչագործությունն է, ուստի ամենայն ինչ և ամեն խորհուրդ աստվածապարգև են, էլ առավել այն շնորհները, որոնք Արարիչը ստեղծել է մարդու համար:
«Արդ,- ասում է,- դու, ո՛վ մարդ, որ մատակարարում ես Աստծուց ստացած բարիքները, դրանք քո զորությանը կամ արժանավորությանը մի՛ վերագրիր, այլ գիտեցիր, որ դրանք քեզ պարգևված Աստծու շնորհներն ու զորությունն են, և դու, որ տկարության ենթակա մարդ ես, պարտավոր ես այդ աստվածային շնորհները Պարգևատուի կամքին ծառայեցնել»:
Երանելի Պետրոս առաքյալը, երբ այս խոսքերն ասաց ու խրատեց ունկնդիրներին՝ նրանց միտքն իմաստնացնելով և ուսուցանելով, թե ինչպիսի պատվի են արժանացել ու ինչպիսի շնորհների վրա վերակացու կարգվել, այնուհետև ավարտեց իր խոսքը Հայր Աստծու փառաբանությամբ՝ ասելով. «Որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով»:
Այսինքն՝ Աստծու զանազան, բազմապատիկ բոլոր շնորհները, խոսելու, քարոզելու, ներգործելու և մյուս կարողությունները, որոնք մարդիկ ունեն, աստվածատուր շնորհներ են ու Աստծու զորությամբ են պարգևվում մեզ, և քանի որ մեր մարդկային բնությունը այս ամենի փոխարեն Աստծուն որևէ բան չի կարող փոխհատուցել, ուստի պարտավոր է օրհնություններ ու փառաբանություններ մատուցել Տիրոջը: Դա պարտավոր են անել ոչ միայն աստվածային շնորհներ ունեցողները, այլև շնորհալիր պատգամներն ունկնդրողները և Աստծու անեզր մարդասիրությունը վայելողները:
Իսկ «Հիսուս Քրիստոսի միջոցով» խոսքը նշանակում է, որ Քրիստոսի փրկագործ տնօրինության միջոցով Աստծու մարդասիրության առատագույն շնորհները հեղվեցին մարդկության վրա, և այդպիսով տգետներն իմաստնացան, տկարները զորացան, աղքատները հարստացան, մեղավորները սրբվեցին, անիրավները արդարացան, հեռավորները մերձավոր դարձան, «շները» որդիներ դարձան, և օտարները՝ ընտանիներ: Հիսուս Քրիստոսի փրկության միջոցով Հայր Աստծու այսպիսի մարդասիրությունը վայելելով՝ մարդիկ պիտի փառավորեն Աստծուն:
Ապա, երբ խոսեց հանրության փառաբանության մասին, նաև իր փառաբանությունը մեջբերեց՝ ասելով. «Որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից. ամեն»:
Սրբերը և մանավանդ առաքյալներն ու մարգարեները սովորություն ունեն, մարդկային բնության վրա առատապես հեղված Աստծու անեզր մարդասիրությունը տեսնելով, երախտագիտության և հավատարմության մեծավայելուչ խոսքեր ասել Աստծուն՝ իրենց ասելիքը փառաբանությամբ ավարտելով և Աստծու խորհրդի անհասությունն ու անճառելիությունը գովերգելով:
Այս մասին է վկայում նաև աստվածընկալ Պողոս առաքյալը, որը, Աստծու անքնին գիտության խորքերը հայացք գցելով, իրեն անարժան մեկը համարեց և փառաբանությամբ ավարտեց իր խոսքը՝ ասելով. «…Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով, Որին փառք հավիտյանս. ամեն»:
Ահա թե ինչու նաև Պետրոս առաքյալն է իբրև ժողովրդին ուղղված քարոզչության գլխավոր, հիմնական և առաջնորդող խոսք ամենքի հետ փառաբանություն վերառաքում առ Աստված՝ ասելով. «Որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից. ամեն»:
Մեծ են մարդկության հանդեպ ցուցաբերած Աստծու երախտիքները, անասելի են շնորհները, և մշտնջենավոր՝ բարիքները, ուստի և երանելին հավիտենական փառաբանություն է մատուցում Աստծուն: Չէ՞ որ հավիտենականը ժամանակով չի չափվում և որևէ կերպ չի եզերվում, այլ անհունաբար գոյատևում է Աստծու հետ:
Բացի դա պատշաճ և վայելչագեղ է, որ մարդկային տկար միտքը Աստծուն փառաբանություն մատուցի և՛ այժմ, և՛ հավիտենապես, երկրավորների ու երկնավորների կողմից, քանի որ, արդարև, ներկայիս օրհնաբանությունն առհավատչյան է գալիք կյանքի օրհնաբանության, երբ երկրավորներն ու երկնավորները միաբանությամբ, միաձայն և պարակցելով գերաշխարհիկ տոնախմբություն պիտի կազմակերպեն՝ յուրաքանչյուրն ըստ իր կարողության, զորության և արժանավորության, անլռելի ձայնով, մեծազդու գոչյունով ու զանազան եղանակներով անվախճան հավիտենության մեջ օրհնաբանելով և փառավորելով Աստծուն:
Ահա թե ինչու է երանելի առաքյալն այսաշխարհային փառաբանության և Աստծու պես-պես շնորհների մասին խոսելուց հետո նաև հավիտենականության մասին հիշատակում՝ ասելով. «Որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից. ամեն»:
ՀՈՐԴՈՐԱԿ
Մենք ևս փառավորե՛նք Աստծուն մեր Քահանայապետի՝ Հիսուսի միջոցով, Որով փրկվեցինք և ազատագրվեցինք, սրբվեցինք մեղքերից ու անօրենությունների տիղմից՝ ընծայվելով Հայր Աստծուն՝ երկնքում, և ժառանգելով անհուն փառքը:
Իսկ Աստծուն կփառավորենք, եթե ջերմեռանդորեն ձեռնամուխ լինենք առաքինի գործերի կատարմանը, եթե Հիսուսի անցած նեղ ու անձուկ ճանապարհով ընթանանք, եթե կարողանանք զատորոշել լավը վատից, եթե «ճանաչենք» մահացու և ապրեցնող կերակուրները, եթե տարբերենք սիրելիին թշնամուց, եթե երկրում մեռցնենք երկրավոր անդամները, եթե սպանենք մեր միջի չար գազանին՝ ցանկասիրությանը, եթե հոգու խոնարհությամբ նետահարենք մահաբեր թռչնին:
Ահա այդ ժամանակ Հայրը կփառավորվի Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, քանի որ այդ Որդու միջոցով մենք ուսանեցինք այսքան առաքինությունները, երկնաթռիչ ուղին բռնեցինք և երկրում ապրելով՝ հրեշտակային առաքինություններին վարժվեցինք:
Արդ, փառավորե՛նք Հորը Որդու միջոցով, որպեսզի Որդին էլ փառավորվի Հոր միջոցով, քանի որ Հոր և Որդու փառքը մեկ է ու ոչ տարանջատ: Եվ արդ, երբ փառավորվում է Հայրը, փառավորվում է նաև Որդին, և երբ փառավորվում է Որդին, Նրա հետ փառավորվում է նաև Հոգին: Ու ինչպես Սուրբ Երրորդության այս երեք Անձերը մեկ և նույնն ու անբաժանելի են մնացյալ ամեն ինչով՝ ո՛չ բնությամբ, ո՛չ էությամբ, ո՛չ աստվածությամբ և ո՛չ զորությամբ չտարբերվելով իրարից, այլ զանազանվելով միայն Անձնավորությամբ, ահա այդպես էլ աստվածային երեք Անձերը անբաժան են նաև փառքով:
Հայրը փառավորվում է Որդու միջոցով, և Որդին՝ Հոր: Հոգին փառավորվում է Որդու, և Որդին՝ Հոգու միջոցով: «Նա,- ասում է,- կփառավորի Ինձ, որովհետև ինչ որ վերցնի Ինձնից, այն էլ կհայտնի Ձեզ»: Դարձյալ. «Հա՛յր, փառավորի՛ր Քո Որդուն»: Իսկ Հորը դիմելով էլ՝ ասում է. «Ես փառավորեցի Քեզ երկրում»:
Տեսա՞ր, որ սուրբ և համապատիվ Երրորդության մեջ փառքի զանազանություն չկա: Արդ, փառավորե՛նք Սուրբ Երրորդությանը, և թեպետ չենք կարող օրհնաբանել այնպես, ինչպես արժանի է Աստված, սակայն կարող ենք փառաբանել ըստ մեր տկարության: Չէ՞ որ հենց այդ փառաբանության համար է Աստված մեզ այս աշխարհում հաստատել ու դա է խրատում անել Իր պատգամներով: «Օրհնաբանող պատարագը,- ասում է,- փառավորում է Ինձ»: Եվ դարձյալ. «Աստծուն օրհնության զոհե՛ր մատուցիր»: Իսկ Պողոսն էլ աղաչում է և ասում. «Պատրաստե՛ք ձեր մարմինները որպես զոհ կենդանի, սուրբ, աստվածահաճո. դա՛ է ձեր բանական պաշտամունքը»:
Ո՜վ մարդ, Աստված քեզ պարգևած Իր անեզրական բարիքների փոխարեն մեծամեծ բաներ չի խնդրում քեզնից, այլ միայն շուրթերիդ փառաբանությունը: Արդ, չուրանա՛նք աստվածային պարգևներն ու չանտեսե՛նք Տիրոջ պատգամը, այլ մշտապես հիշե՛նք Աստծու բյուրավոր պարգևները՝ և՛ այսաշխարհային, և՛ գալիք, ու ջանանք այդ պարգևների գոնե մի մասը «փոխհատուցել» մեր Շնորհատուին:
Ես չեմ խոսում հանդերձյալ կյանքում սպասվող անպատում և անասելի բարիքների դիմաց «փոխհատուցելու» մասին, քանի որ գալիք այդ շնորհներն անգամ մտքով տեսանելի չեն և ոչ էլ խոսքով ճառելի, ուստի քրտնաջան աշխատանք ու վաստակ, էլ չեմ ասում՝ բազմապատիկ առաքինություններ են անհրաժեշտ, որպեսզի կարողանանք երախտահատույց լինել հանդերձյալ պարգևների համար: Այլ ես խոսում եմ ա՛յն պարգևների համար փոխհատուցելու մասին, որոնք աչքով տեսանելի են ու խոսքով ճառելի և որոնք մենք մարմնով վայելում ենք, որոնք թեպետ չնչին են հանդերձյալ կյանքում սպասվող բարիքների համեմատ, բայց այդուհանդերձ այնքան բարերար շնորհներ են, որ անհնար է որևէ ձևով «փոխհատուցել» դրանց համար:
Մենք գոյություն չունեինք, և Աստված ստեղծեց մեզ ու անէությունից գոյության կոչեց, զարդարեց բանականությամբ և պատվեց Իր պատկերով, երկինքը կապեց մեր գլխավերևում ու այն շքեղացրեց լուսատուներով, հաստատեց երկիրը և այն պսակեց տարվա չորս եղանակներով, այլև վայելչացրեց կենդանիներով ու թռչուններով, գետերով և աղբյուրներով, լցրեց ծառերով, ծաղիկներով ու տեսակ-տեսակ բույսերով, ստեղծեց ծովերը, և դրանք լիացրեց զանազան ու բազմապիսի կենդանիներով:
Մեր Արարիչն ու Տերը այս ամենը մեզ համար հորինեց, և մեզ իշխան ու թագավոր կարգեց այս բոլորի վրա, փառքով և պատվով պսակեց ու բնակեցրեց բերկրության դրախտում՝ այնտեղ ապրելու և վայելելու, սակայն մենք անմտությամբ կորսվեցինք ու այսպիսի դատապարտության արժանացանք:
Արդ, եթե Մաթուսաղայի ապրած տարիների պես կյանքի երկար ժամանակաշրջան ունենայինք, ինչպես նա, որ ապրեց գրեթե հազար տարի, ապա մարմնում եղած այդ ամբողջ ժամանակահատվածում, այլև մշտնջենապես անձանձրույթ պիտի փառաբանեինք Աստծուն, սակայն անգամ այդ դեպքում Աստծու երախտիքների մի մասն անգամ չէինք կարողանա «փոխհատուցել», էլ չեմ խոսում աստվածապարգև բոլո՜ր բարիքների մասին:
Ուրեմն փառավորե՛նք Աստծուն և այդպիսով նմանվենք հրեշտակներին, որոնք հավիտենաբար փառաբանում են Տիրոջը: Ու թեպետ մյուս բոլոր հատկանիշներով տարբեր ենք հրեշտակներից, սակայն այս մի հատկությամբ չտարբերվե՛նք նրանցից: Արդ, եթե նրանք՝ հրեշտակները, Աստծուց ստացած միայն մեկ պատվի ու երախտիքի, այն է՝ Տիրոջ ձեռամբ արարչագործվելու համար այդքա՜ն փառավորում և օրհնում են Արարչին, ուրեմն ի՞նչ պիտի անենք մենք՝ տառապյալներս ու դատապարտվածներս, որ վայելել և վայելում ենք Աստծու բյուրապատիկ երախտիքները:
Այս ամենից հետո արդյո՞ք մենք իրավունք ունենք ծուլանալու Աստծուն փառաբանելիս: Չէ՞ որ Աստված հրեշտակներին ստեղծեց իբրև Իր մեծությանը սպասարկու բանական հոգիներ, իսկ մեզ զարդարեց ու պատվեց Իր պատկերով՝ մարդկային փոքր բնությունը հաստատելով հոգեղեն և նյութեղ էությունների միջնասահմանին:
Եվ ահավասիկ հենց մարդու մեջ են տեսանելի ողջ արարչության բնութենական տարրերը. մարդն իր էությամբ երկնքից ավելի վեր և երկրից առավել խոնարհ է՝ այդպիսով «վկայելով» իր Արարչի իմաստությունն ու զորությունը: Աստված հրեշտակներին ոչ մի արարածի վրա տեր և իշխան չկարգեց, իսկ մեզ արժանացրեց բոլոր արարածներին իշխելու պատվին:
Աստված չմարդացավ և մարմին չհագավ հանուն հրեշտակների, այլ հանուն Աբրահամի սերնդի, ինչպես ասում է Պողոսը: Հանուն մեզ Աստված խոնարհվեց Իր անպատմելի փառքից և, Հոր կերպարանքն ունենալով, ծառայի զգեստ հագավ ու ծառայաբար լվաց ծառաների ոտքերը:
Տերն անգամ ամենաչնչին մի կիրք չկրեց հանուն հրեշտակների, մինչդեռ հանուն մեզ հանձն առավ կրել ոչ միայն նվազագույն կրքերը, այլև մեծագույնները. Քրիստոս չարչարվեց, ապտակվեց, քացախ խմեց, լեղի կերավ, գամվեց խաչին ու գերեզման դրվեց:
Տեսա՞ր այն միատեսակ պատիվը, որին Տերը արժանացրեց հրեշտակներին, քանի որ վերջիններս միայն արարչությամբ պատվվեցին, և տեսա՞ր այն բյուրապատիկ ու հրաշափառագույն շնորհները, որոնցով պարգևատրվեցինք մենք՝ Աստծու հետ միավորվելով և Հոր աջ կողմում բազմելով:
Արդ, նրանք անլռելի ձայնով օրհնաբանում և անդադար փառավորում են, անհատապես գովերգում ու մշտնջենավոր սրբաբանությամբ բարեբանում են, ահով և դողով սարսռում ու մեծ երկյուղածությամբ զարհուրում են: Մինչդեռ մենք ծուլանում ենք փառաբանելիս, օրհնաբանում ենք քնաթաթախ հոգնությամբ, բարեբանելու փոխարեն շատախոսում և լկտի երգերով ու կատակաբանությամբ առավել ենք մեղանչում՝ առ ի համեմատություն սերովբեական սրբաբանության: Չենք երկնչում և չենք երկյուղում Աստծու Դատաստանից, չենք ակնածում Տիրոջ բյուրապատիկ երախտիքներից:
Հապա ուրեմն ո՞վ կազատի մեզ անդրերկրային տանջանքներից, կամ մեզ ո՞վ ողորմության ու քավության կարժանացնի: Զարթնե՛նք այսուհետև, աղաչում եմ, վանե՛նք այն քունը, որը Դավիթը «մահ» է կոչում, և մեր տկարությամբ հանդերձ փառավորե՛նք Աստծուն: Ոչ թե այն բանի համար, որ լրացնենք աստվածային փառքի «պակասը», քանի որ Աստված փառքի կարոտություն չունի, այլ որպեսզի մենք փառավորվենք Նրանից՝ Նրան փառավորելով:
Հիրավի, հողեղեն մարդու համար ավելի մեծ ի՞նչ փառք կարող է լինել, քան Աստծուն օրհնելն ու փառավորելը: Որպիսի՞ փառքը, որպիսի՞ պատիվը կարող է գերազանցել աստվածօրհնությանը, այսինքն՝ արժանավորաբար Աստծուն օրհնելուն, մշտապես Աստծու անունը փառաբանելուն և Տիրոջը հավետ բարեբանելուն:
Լսի՛ր, թե մարգարեն ինչ էր ասում Աստծուն. «Իմ հատուցած բարիքները Քեզ «պետք չեն», քանի որ իմ գործած այդ բարիքները Քեզնից են»: Գուցե մեկը մարգարեին հարցնի. «Ապա ուրեմն Աստված ինչո՞ւ է մեզնից պահանջում բարիք գործել». որպեսզի մեր գործած այդ բարիքների փոխարեն Նա ավելիով փոխհատուցի մեզ: Չէ՞ որ դու Աստծուն «փոխ ես տալիս» իբրև ամեն բանի կարոտյալ մարդ, իսկ Նա հատուցում է քեզ իբրև որևէ բանի կարիք չունեցող Աստված:
Դու Աստծուն կորնչելի ոսկի ես տալիս, իսկ Նա քեզ «փոխհատուցում» է մեղքերի թողությամբ: Դու Նրան մի փոքր արծաթ է տալիս, իսկ Նա քեզ արդարություն ու մաքրություն է շնորհում: Դու Աստծուն հացի մի նկանակ ես տալիս, իսկ Նա երկնքից իջած, աշխարհն ապրեցնող Հացն է պարգևում քեզ: Դու Նրան մի բաժակ ջուր ես տալիս, իսկ Նա դեպի հավիտենական կյանք հոսող ջրի աղբյուրն է շնորհում քեզ:
Դու Արարչին հանդերձանք ես տալիս, իսկ Նա քեզ զգեստավորում է դրախտային, լուսեղեն պատմուճանով: Դու Նրան ապրելու հարկ ես տալիս, իսկ Նա քեզ բնակեցնում է Երկնքի արքայության մեջ: Դու Աստծուն «ոտքեր» ես տալիս՝ դեպի Նա ընթանալով, և Նա առաջնորդում է քեզ դեպի վերին Երուսաղեմ: Դու փառավորում ես Նրան խոսքերով, իսկ Նա փառավորում է քեզ գործով և ճշմարտությամբ, թագ է դնում գլխիդ ու զարդարում է քեզ ի տես համայն տիեզերքի՝ լուսեղեն առագաստ մուտք գործելուն արժանի դարձնելով:
Տեսնո՞ւմ ես, որ Տերը ոչ թե Իր, այլ հենց մեզ համար է բարեգործություններ պահանջում մեզնից: Արդ, Աստծուն «փոխ տանք» ոչ միայն մեր փառաբանությունը, օրհնությունը և սրբաբանությունը, այլև մեր խոնարհությունն ու հեզությունը, անոխակալությունը, համբերատարությունը, անհիշաչարությունը, եղբայրասիրությունը, ողորմածությունը, հավատը, հույսն ու սերը, որպեսզի երբ ժամանակը գա, Աստված ավելիով փոխհատուցի՝ մեզ արժանի դարձնելով Երկնքի արքայությանը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, Որով ու Որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն վայել է փա՜ռք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ․
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը