Այն բոլոր նամակներում, որ ստանում եմ, մի բառ է դուրս լողում առջևի պլան և իմ սիրտը մխրճվում: Այդ բառը մեղքն է: Մեղքի զգացումը խեղդում է բոլորին, կեղեքում նրանց ու շատ է ճնշում, և նրանք չեն զգում այն ներքին ազատությունը, որ Քրիստոս է տալիս նրանց մեղքերի թողությունից հետո:
Այնպիսի զգացում ունեմ, որ երբեմն դիմում եմ մարդկանց, ովքեր չեն զգացել այն հանգստավետությունը, որ Տերն է պարգևում մեր սրտերին: Ողջ ժամանակ ասում ենք, որ Աստծո զավակներն ենք, որ Քրիստոս աշխարհ է եկել, որպեսզի փրկի մեզ և քավի մեր մեղքերը, որպեսզի խաչվի մեզ համար, ների մեր բոլոր մեղքերը, և մենք բոլորս, Նրա զավակները, ողջ մարդկությունը, ողջ տիեզերքն արդեն նորոգվել ենք: Քրիստոսով նոր արարածներ ենք դարձել: Շուրջբոլորն ամեն բան նոր է, դու վերածնված մարդ ես, Տիրոջ Սուրբ Մարմինն ու Արյունն ես ընդունում, հաղորդվում ես, խոստովանում մեղքերդ, մասնակցում Եկեղեցու Խորհուրդներին, արձակման աղոթք ստանում քահանայից: Յուրաքանչյուր սուրբ Պատարագի ժամանակ խնդրում ես Քրիստոսին, որպեսզի ների քեզ. «Մեր մեղքերի թողություն և քավություն ենք խնդրում Տիրոջից»:
Թողություն ես փնտրում, և Եկեղեցին տալիս է քեզ, Քրիստոս է տալիս: Սուրբ Հաղորդության նպատակներից մեկն էլ հենց այդ է՝ մենք այն ընդունում ենք մեղքերի թողության և հավիտենական կյանքի համար: Բայց չնայած այդ ամենին, միևնույն է տեսնում ես, որ ինչ-որ բան այն չէ քեզ մոտ և դա տանջում է քեզ: Դա երևում է քո կյանքից դժգոհելուց, անբավարարվածությունից, քո անքնությունից, արագ սրտխփոցից, արյան բարձր ճնշումից, հիվանդություններից… Մեղավորության այդ վիճակը, խղճի խայթը շնչահեղձ են անում քեզ, դա հավերժ շարունակվում է և երբեք չի ավարտվում:
Եվ դա ինչ-որ վայրկենական վիճակ չէ, որ կարելի լինի ասել՝ մարդը դա կհաղթահարի և կհանգստանա, կզգա Քրիստոսի ներումը: Մարդիկ կան, և միգուցե դու նրանցից մեկն ես, ովքեր իրենց մշտապես վատ են զգում: Նրանք իրենց ասում են. «Ես թերություններ, տկարություններ ունեմ, սխալներ եմ անում, մեղքեր գործում»: Բայց չէ որ միշտ գործելու ես և միշտ Ճանապարհին ես վերադառնալու: Մշտապես ընկնելու ես և միշտ վեր ես կենալու, և ինքնաճանաչման, խոնարհության և պարզության միջոցով դեպի Քրիստոս ես գնալու և ընդունելու ես. «Տե՛ր, ես այսպիսին եմ, հոգիս այսպիսին է: Ընդունիր դարձս ու ապաշխարությունս և ներիր ինձ»:
Գիտես, ախր դու դեռ երեխա ես: Այո, թեկուզև մեծահասակ ես, բայց նույնպես երեխա ես և երեխաների պես խզբզում ես քո տետրակում: Երեխա ես, ով գրել է սովորում, նստել ու մեծատառերն ես գրում՝ Ա, Բ… Եվ քո Ա-ն, երկու տողում տեղավորվելու փոխարեն, մի ամբողջ էջ է զբաղեցնում: Դեռ չես սովորել այն գրել: Սակայն ուսուցիչը գիտի քեզ, գիտի, որ երեխա ես: Իսկ երեխաների վրա չեն բարկանում: Նրանց մասին ասում են. «Ախր երեխա է: Երկրորդ-երրորդ դասարան կփոխադրվի, մի փոքր կմեծանա, այդ ժամանակ էլ կսկսի ավելի լավ գրել»:
Տառերը սխալ գրելը լավագույնն է, որ երեխան կարող է անել: Եթե կարողանար ավելի լավ անել՝ կաներ: Բայց նա այդպես է կարող, այդպես է գրում: Աստված հենց այսպես է մեզ նայում: Մենք այնքան ենք ուռճացրել այն սխալները, որ գործում ենք, որ ուժեղ սթրեսի մեջ ենք հայտնվել: Մեր հոգում տագնապ ու խստություն է մեր հանդեպ, գումարած՝ մեծ հակվածությունը դեպի ինքնախարազանում և պատիժ այն զգացումով, որ պետք է շատ թանկ վճարել, որպեսզի Նա մեզ ների: Իսկ Քրիստոս արդեն զոհաբերել է Իրեն այդ ամենի դիմաց, մեր մեղքերի բեռն Իր վրա է վերցրել, որպեսզի մեզ անմեղացնի:
Կարո՞ղ ես դա զգալ: Այդ թողությունը: Զգո՞ւմ ես, որ կրկին անմեղ արարած ես դառնում Աստծո առջև: Այդ դեպքում որտեղի՞ց այդ հակվածությունը դեպի ինքդ քեզ պատժելը, ինչո՞ւ այդքան խղճի խայթ ունենք: Ինչո՞ւ ես այդպես անողոքաբար հարվածներ հասցնում ինքդ քեզ:
«Ոչինչ ինչպես հարկն է չեմ անում, անվերջ մեղք եմ գործում»: Մեր ոգին ինչո՞ւ է այդպես ընկճվել, իսկ ինչո՞ւ մեր հոգին վեր չճախրի՝ թեթևություն զգալով, զգալով այն առույգությունը, որ Քրիստոսն է մեզ տալիս: Չէ՞ որ Տերն ասում է.
- Զավա՜կս, Ես քեզ սիրում եմ, մի՜ պատժիր քեզ: Եվ վճարել եմ ամեն ինչի համար և Ինձ եմ զոհաբերել: Ես եկել եմ քեզ ցույց տալու, որ հասկանում եմ քեզ այն բանում, թե ինչ ես անում: Ես քեզ ձեռք եմ մեկնում ոչ թե քո սխալները փորփրելու, այլ առաջ ընթանալու ճանապարհը ցույց տալու համար, որպեսզի դեպի լավագույնը գնաս:
Անառակ որդին վերադարձավ, և հայրն, իր ողջ մեծահոգությամբ, նրբանկատությամբ և կատարյալ մանկավարժությամբ, չսկսեց նրա անցյալը փորփրել, չստիպեց նրան իրեն նզովյալ զգալ: Այլ նոր զգեստներ տվեց նրան և մատին մատանի հագցրեց, որպեսզի նրա կյանքը զարդարի:
Սակայն դու քեզ շատ մեղավոր ես զգում: Ոչ մի լավ բանի արժանի չես և ոչինչ չարժես: Քրիստոնյաներ կան, որ անընդհատ մտածում են. «Ես ոչինչ չարժեմ, արժանի չեմ Աստծո սիրուն: Աստված ինչպե՞ս կարող է ինձ սիրել այնպիսին, ինչպիսին կամ: Դա անհնար է: Ո՛չ Նա է ինձ սիրում, ո՛չ էլ մարդիկ կարող են ինձ սիրել այսպիսին: Ես նույնիսկ առողջության արժանի չեմ, և ինձ մոտ ամեն ինչ այսպես է, որովհետև Աստված ինձ պատժում է»:
Այսինքն ամեն ինչում մեր մեղքն ենք տեսնում, նույնիսկ հիվանդություններում, մտածում ենք, որ ոչ մի լավ բան չենք արել և այդ պատճառով էլ Աստված մեզ պատժում է… «Երջանկության արժանի չեմ կյանքում: Ես անպետք, անհաջողակի մեկն եմ, ոչնչի պիտանի չեմ: Միակ բանն, ինչի արժանի եմ՝ պատիժն է»:
Ես ձեզ հարցնում եմ՝ մի՞թե դա քրիստոնեական կյանք է: Մի՞թե դա է այն վերջնակետը, որին հասնում ենք, այսինքն դեպի որն ուզում ենք երիտասարդներին բերել: Ուզում ես, որ երեխադ քրիստոնյա դառնա և լինի այնպիսին, ինչպիսին դո՞ւ ես: Նզովյալ, տրտնջացող ու զայրացկո՞տ: Որպեսզի մշտապես դեպրեսիայի ու ճնշվածության մեջ լինի՞: Որպեսզի նրա հոգին մշտապես զգա, որ անվերջ խեղդվո՞ւմ է այդ ճահճում: Բայց մի՞թե Քրիստոս մեզ այնտեղ է կանչում: Չէ որ Ավետարանը բարի լուր է: Իսկ մեր պարագայում որտե՞ղ է այդ բարին, այդ ուրախությունը: Որտե՞ղ է այն ներումը, որ Քրիստոս է մեզ շնորհում:
Մտածելակերպդ հասկանում եմ: Կասես.
- Բայց չէ՞ որ պետք է ապաշխարել, ողբալ մեղքերի համար, վշտանալ:
Բնականաբար դրանք պետք են: Բայց դրանք էլ իրենց «պահպանման ժամկետ»-ն ունեն: Եվ գալիս է մի պահ, երբ այն անցնում է: Չի կարելի մինչև կյանքի վերջ տրտում մնալ: Սրբերի կյանքում տեսնում ենք, որ չնայած տարբեր դարաշրջանների տարբեր երևույթների, ոմանք հոգևոր վիշտը, ինքնակշտամբանքը, լացն են ավելի արմատավորել, որը սակայն իր մեջ առ Աստված ունեցած հույսի ուրախությունն ունի: Եվ նման ապաշխարությունը նրանց հուսահատության չէր հասցնում:
Մարդիկ էլ կան, որ ավելի դեպի լույսն են ուղղված, այնտեղ, որտեղ Տերը մեզ կանչում է գնալ: Եվ մենք պետք է դեպի Աստծո լույսն ուղղվենք, այլ ոչ թե անդադար սխալները փորփրենք, որովհետև դա ոչ մի տեղ չի տանում: Դա հատկապես երևում է սրբակյաց ծեր Պորֆիրիոսի տեքստերում, որտեղ նույնիսկ ապաշխարությունն է ներկայացված որպես արբեցում՝ տոնական, սրտագին, ուրախալի իրադարձություն:
Ապաշխարությունն անդադար հեծեծանք ու տառապանք չէ: Դա հատկապես երիտասարդներին է վերաբերում, ովքեր առանց այդ էլ այնքան ուժասպառ են, թախծոտ ու տանջված: Եվ այդքանից հետո էլ դեռ ինչ-որ մեկն է հայտնվում նրանց մոտ եկեղեցուց, օձիքից բռնում և ասում.
- Պետք է լաց լինել, պետք է վատ զգալ:
Ապաշխարությունն արտաքին ճնշման տակ չի առաջանում: Մեղքի զգացումն ու խղճի խայթը գոյություն ունեն, որպեսզի մեզ հիշեցնեն, որ մեզ մոտ ինչ-որ բան այն չէ: Կարծես մեղքը քեզ ասում է. «Այն, ինչ արեցիր, սեր չէր: Հասկացիր սխալդ, ընդունիր պատասխանատվությունդ, արտասվիր դրա համար, թողություն ստացիր և ուղղվիր»: Խղճի խայթը հարվածում է մեզ, ինչպես ձիուն են մտրակում, որպեսզի տեղից շարժվի, չես մտրակում, որպեսզի վիրավորես նրան, այլ որպեսզի ընդարմացումից դուրս բերես: Այդպիսով նրան ասում ես. «Գնա՜»: Հենց դա էլ խղճի խայթից ստացած օգուտն է, դրա ֆունկցիան և նպատակը մեզ արթնացնելն է, այլ ոչ թե, որպեսզի խեղդվենք դրա մեջ…
Այն պիտանելիության ժամկետ ունի: Պահ է գալիս, երբ այն դադարում է: Այլապես որտե՞ղ է այն ուրախությունը, որ Քրիստոս քեզ հրավիրում է վերապրել:
Ինչո՞ւ ենք եկեղեցի գնում մշտական թախիծով և այնպիսի զգացումով, որ մենք աշխարհի ամենանզովյալ և անարժան մարդիկ ենք: Թեկուզև աղքատ եմ ու նզովյալ, բայց ես Աստծո զավակ եմ, և Քրիստոս հանուն ինձ աշխարհ եկավ ու խաչվեց, Իր Սրբագույն Արյունը հեղեց: Նա Իր Արյամբ կերակրում և սնուցում է ինձ, և Իր ուրախությունն է ինձ պարգևում: Եվ այդ ուրախությունից հետո արդեն չեմ կարող անշնորհակալ մնալ: Կարկառում եմ ձեռքերս ու Նրան ասում. «Շնորհակալ եմ Քեզ և ընդունում եմ այն ուրախությունը, որ տալիս ես ինձ: Ընդունում եմ Քո ներումը Խորհրդի մեջ և ուրախ հեռանում:
Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի