22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա՛յր, զգում եմ, որ դատելու կարողությունս, դատողականությունս և մարդկային ճշմարտությունը խոչնդոտում են իմ հոգևոր զարգացմանը:
- Այո՛, իհարկե: Դրանք խոչնդոտում են հոգևոր զարգացմանը, որովհետև [դրանց պատճառով] Աստծո շնորհը հեռանում է: Իսկ դրանից հետո մարդն առանց աստվածային օգնության է մնում, անկում է ապրում և լիակատար անհաջողության է մատնվում: Սովորաբար մարդկային դատաստանն ու ճշմարտությունը անիրավ են: Աստծո ճշմարտությունը սերն է, համբերատարությունը, ներողամտությունը: Իսկ դու ամեն ինչ մարդկային դատողականության միջոցով ես ուսումնասիրում: Ահա հենց այդ մանրէից էլ սկսում է քո հոգևոր հիվանդությունը: Այդ հիվանդությունից ապաքինող դեղամիջոցը բարի մտքերն են: Երբ մարդը բարին է մտածում, այսինքն բարի, «աջ» մտքեր ունի, ապա նրա սրտի տարողունակությունը մեծանում է: Դու դատողականությունդ շատ ես օգտագործում և այդ պատճառով էլ պետք է շատ ուշադիր լինես մտքերի նկատմամբ, որովհետև այն հետևությունները, որոնց քո դատողականության օգնությամբ ես հանգում, ըստ էության մարդկային եզրակացություններ են: Դրանք հոգևոր և լուսավորված չեն:
- Հա՛յր, իսկ ես ինչո՞ւ եմ այդքան հաճախ դատապարտում:
- Քո անձնական պատճառը իրավաբանական կրթությունն է: Այդ պատճառով էլ այդպես ես դատում: Որոշակի գիտելիքները կամ մասնագիտությունը մարդկանց մեջ հաճախ չոր դատողականություն են արմատավորում: Դատողականությունը մտավորականության հիվանդությունն է: Այն ոտքից գլուխ խոցոտել է նրանց: Եվ չնայած, որ դու սիրտ ունես, դատողականությունը գերազանցում է դրան:
Որոշ մարդիկ շատ դատողականություն ունեն և եսասիրությամբ են դատում՝ իրենցից վեր ոչ ոքի չեն ընդունում: Նրանք անթերիություն են պահանջում, բայց ոչ իրենցից, այլ ուրիշներից: Իրենց սեփական թուլությունն իրենց սրտով է, իսկ ուրիշներին դատում են: Զարմանալի բան է: Նման մարդիկ իրենց արտաքին կերպարը ստեղծել են, այսինքն ոմն արտաքին մարդ են կերտել՝ ներսում լրիվ կեղծավորություն: Նրանցում պարզության հետք էլ չկա: Եվրոպացիների ու հույների (հույն ասելով ուղղափառ ոգին նկատի ունեմ) միջև տարբերությունը հենց դրանում է: Եվրոպացուն չես հասկանա, թե որ կողմից նրան մոտենաս: Մշտական «բարի գալուստ» ու կեղծ ժպիտ: Իսկ նայում ես հույնին և ամեն ինչ պարզ է: Եթե նրա հոգում ուրախություն է, ապա նա դա չի թաքցնում: Եթե անտրամադիր է, ապա դա էլ է երևում: Իսկ մարդու դրությունը տեսնելով, հեշտությամբ կարելի է կապ ստեղծել նրա հետ:
- Հա՛յր, իսկ պատճառը ո՞րն է, որ ոմանք դատում են մարդկանց, նրանց գործերը և այն ամենն, ինչ կատարվում է աշխարհում, և շատ հապճեպորեն են դա անում:
- Այդ դեպքում մարդը միայն դատողականությամբ է առաջնորդվում, այսինքն միայն նրա ուղեղն է աշխատում և նման աշխատանքի արդյունքը դատապարտումն է: Լավ կլիներ, որ Աստված պտուտակահանը վերցներ ու մի փոքր «թուլացներ» նրանց ուղեղները, ում մոտ դրանք արդեն չափազանց շատ են: Որքան գլուխն ազատվում է, այդքան մարդը շնորհով է լցվում: «Գլուխ» ասելով նկատի ունեմ մարդկային դատողութունը, եսասիրությունը, ինքնավստահությունը: Սակայն, եթե մարդը, հասկանալով, որ իր դատողությունները ճիշտ չեն, ասի. «Դատողության այն կարողությունը, որ ունեմ, աշխարհիկ է, դրանում աստվածային լույսը չկա, և այդ պատճառով էլ սխալ կգործեմ, հետևաբար չպետք է այդ կարողությունն օգտագործեմ», ապա Աստված իսկույն կլուսավորի նրան, նա լրջմտություն ձեռք կբերի և կսկսի տարբերել, թե որն է ճիշտ, իսկ որը՝ ոչ:
Բանսարկուն խելացի մարդկանց արտաքին դատաստանով է շարքից հանում: Եթե մարդու մեջ մարդկային սկիզբն է, ապա նա մարդկայնորեն է դատում և հանցանքներ գործում: Մարդկային սկիզբը պետք է անհետանա, որպեսզի դատողությունը աստվածային լինի: Աշխարհիկ դատողությունը սխալ դատողություն է: Որքա՜ն տարբեր անարդարություններ են տեղի ունենում: Քանի՜ անգամ է մարդը մեղքի մեջ ընկնում: Այդ պատճառով մշտապես բարի միտքը գործի դրեք՝ հոգու անվտանգությունն ապահովելու համար:
Յուրաքանչյուր մարդ գաղտնիք է, և որտեղից իմանաս, թե նա ինչ մարդ է: Մի անգամ Քրիստոսի Սուրբ Հարության տոնը դիմավորում էին Սուրբ լեռան խցերից մեկում: Սուրբ Պատարագից հետո սեղան նստեցինք՝ զատկական ձու և պանիր ուտելու: Կողքիս մի վանական էր նստել՝ ջորեպանը, նա ջորիներով փայտ էր տեղափոխում: Տեսնեմ նա ձուն ու պանիրը մի կողմ է հրում: «Պահքը բաց արա՛»,- ասում եմ: «Լավ, լավ,- պատասխանում է,- կբացեմ»: Նայեմ՝ չի ուտում: «Դե կե՛ր,- կրկին ասում եմ,- ախր այսօր Զատիկ է»: «Ներիր, Հա՛յր,- պատասխանում է նա,- այն օրը, որ հաղորդվում եմ, հաց չեմ ուտում: Ժամը երկուսին պահքը կբացեմ»: Նախորդ օրվանից ծոմ էր պահում և հաղորդվելու օրը օրվա երկրորդ կեսին էր ուտում: Տեսնո՞ւմ ես, թե նա ինչ էր անում ակնածանքից ելնելով: Իսկ մյուսները կարող էին կարծել, թե իրենց առջև մի հասարակ ջորեպան է:
Մարդը գաղտնիք է: Եվ եթե քեզ ստիպել են ուրիշների համար դատավոր լինել, ապա այսպես մտածիր. «Իմ դատաստանն աստվածայի՞ն է, թե կողմնակալ»: Այսինքն զե՞րծ է շահադիտությունից, թե՞ լի է դրանով: Նույնիսկ ձեր դատողության մեջ մի վստահեք ձեր «ես»-ին: Եթե մարդը դատում է, ուրեմն նրանում շատ եսասիրություն կա: Ինձ ստիպում են տարբեր առիթներով դատողություններ անել, չնայած, որ ես չեմ ուզում: Ես առանց շահամոլության ու կողմապահության եմ դատում, բայց չնայած դրան, երբ հետո աղոթքի եմ կանգնում, չեմ զգում այն քաղցրությունը, որ զգում եմ այն օրերին, երբ չեմ դատում: Եվ դա ոչ այն պատճառով, որ խիղճս ինձ որևէ բանում մեղադրում է, ո՛չ, [ուղղակի] այն պատճառով, որ ես որպես մարդ եմ դատել: Իսկ էլ ի՞նչ ասես, եթե դատը սխալ է, կամ մեղադրյալները իրենց մեղքը մեղմացնող հանգամանքներ ունեն, կամ դատավորը կատարվածը գնահատում է մարդկային չափանիշներով: Դատը կատակ բան չէ: Դատաստանն Աստծունն է: Ի՜նչ սարսափելի է: Եվ այն, որ դատավորի աթոռին նստած մարդը բարի տրամադրվածություն ունի, այս դեպքում նշանակություն չունի: Նշանակություն ունի այն արդյունքը, որին հանգեցրել է նրա կայացրած դատը:
Շատ դատողություն է պետք: Իհարկե, յուրաքանչյուր մարդ որոշակի չափով դատողություն ունի, բայց, դժբախտաբար, մեզանից շատերն այդ դատողությունը ոչ թե իրենց նկատմամբ են օգտագործում, այլ՝ մեր մերձավորների (որպեսզի հանկարծ նրանք որևէ կերպ ավելի լավը չթվան ուրիշներին, քան մենք): Այդպես մենք ապականում ենք մեր դատողությունը՝ ուրիշներին դատելով, դատապարտելով ու պահանջներ ներկայացնելով, որպեսզի նրանք ավելի լավը դառնան: Մենք պետք է միայն մեր «ես»-ի նկատմամբ պահանջներ ունենանք, որը չի համարձակվում հոգևոր սխրանք գործել և հատել իր կրքերը, որպեսզի մեր հոգին ազատագրվի ու Երկինք սլանա:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի