22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Աղերսած խաչը

Ինչպես վստահեցնում էին սուրբ հայրերը՝ աղերսած խաչն ամենածանրն է: Օրինակ՝ մայրս միշտ երազում էր, որպեսզի ափսեները չլվանա և տունը չմաքրի… Իսկ իմ ընկերուհի Լյուլյան երազում էր արտագաղթելու մասին («միայն թե պրծնեմ այս անիծյալ երկրից»): Իսկ ծանոթներիցս մեկը՝ Լյոնյա Զոլոտարյովսկին երազում էր անհավատալիորեն հարուստ լինելու մասին: Իսկ գեղեցկուհի Իռենը երազում էր մեքենա վարել սովորել և «Ալֆա-Ռոմեո»-ի պես մի բան գնել: Եվ ահա մայրս ուղեղի կաթված ստացավ, և կյանքի վերջին տասը տարիները ո՛չ ափսե էր լվանում, ո՛չ տուն մաքրում, այլ գամված էր անկողնուն: Իսկ Լյուլյան մեկնեց Իսրայել և բնակություն հաստատեց կիբուցում (գյուղատնտեսական կոլեկտիվ համայնք): Եվ դերասանուհին, երգչուհին ու բալետի պարուհին ապրուստի համար ամեն օր անտառ մաքրելու էր գնում՝ ինչ-որ ճյուղեր հավաքելու, և արտիստի նրա արտասահմանյան կարիերան սահմանափակվում էր պարզ ինքնագործունեությամբ. տոներին երգում էր խնջույքի սեղանի շուրջն ու դերասանական վարպետությամբ կատակներ պատմում: Իսկ Լյոնյա Զոլոտարյովսկին իսկապես շատ հարստացավ, բայց նրա երեխային առևանգեցին և փրկագին պահանջեցին: Իսկ երբ նա վճարեց փրկագինն ու ազատեց երեխային, վերջինս ուժեղ կակազում էր, իսկ Լյոնյան շուտով մահացավ սպիտակարյունությունից: Բժիշկներն ասացին, որ դա տարած սթրեսի պատճառով էր: Իսկ գեղեցկուհի Իռենը սովորեց մեքենա վարել, բայց քանի որ փող չուներ, վաճառեց իր երեքսենյականոց բնակարանը, այդ գումարով «Ալֆա-Ռոմեո» գնեց ու կենտրոնում երկսենյականոց բնակարան վարձեց: Իսկ հետո բնակարանի տերերը հանկարծակի անասելի բարձրացրին վարձավճարը, Իռենը նյարդայնացավ, ջարդուփշուր արեց մեքենան և արդյունքում ստիպված էր նախկին ամուսնու մոտ տեղափոխվել: Վերջինս ապրում էր իր երիտասարդ կնոջ և երկու փոքրիկ որդիների հետ: Եվ Իռենը կես տարի նրանց խորդանոցում ապրեց, իսկ հետո անհետացավ:

Անկեղծ ասած, երբեմն մտածում եմ. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ չես իրականացրել որոշ խելահեղ ցանկություններս»:

 

Օլեսյա Նիկոլաևա

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

19.07.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․