Աղմուկի դեմ հակաթույնը բարի մտքերն են

Ցավոք սրտի մարդիկ այժմ նույնիսկ աննշան գործերի համար են աղմկոտ տեխնիկա գործածում: Այդ պատճառով էլ, եթե որևէ մեկն աղմուկի մեջ է հայտնվում, պետք է իր մեջ բարի մտքեր մշակի: Չես կարող մարդկանց ստիպել, որ այս կամ այն աղմկոտ սարքը չմիացնեն: Դրա փոխարեն միանգամից բարի միտքդ աշխատեցրու: Օրինակ՝ լսում ես, թե ինչպես է սրսկիչ գործիքն աշխատում և այն քեզ թռչող ուղղաթիռի աղմուկն է հիշեցնում: Այսպես մտածիր. «Քույրերից մեկը կարող էր ծանր հիվանդանալ և ուղղաթիռ գար՝ նրան հիվանդանոց տանելու: Պատկերացրու, թե որքա՜ն կտխրեիր այն ժամանակ: Իսկ այժմ, փա՜ռք Աստծո, բոլորս առողջ ենք»: Այս գործում հնարամտություն և բանականություն է պահանջվում, բարի միտքը միացնելու արվեստ: Օրինակ՝ լսում ես, թե ինչպես է բետոնախառնիչը գվվում, ամբարձիչն աշխատում, էլի ինչ-որ բան է աղմկում: Ասա. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր, որ չեն ռմբակոծում, շենքերը չեն փլվում: Ընդհակառակը՝ մարդիկ խաղաղ պայմաններում են ապրում և բնակարաններ են կառուցում»:

- Հա՛յր, իսկ եթե նյարդերն այլևս բանի պետք չեն, այն ժամանակ ի՞նչ անել:

- Նյարդերն այլևս բանի պետք չե՞ն: Իսկ դա ի՞նչ է: Միգուցե մի՞տքն է շարքից դուրս եկել: Բարի մտքից լավ բան չկա: Մի աշխարհիկ մարդ մի հանգիստ վայրում տուն կառուցեց իր համար: Որոշ ժամանակ անց նրա տան մի կողմում ավտովերանորոգման կետ կառուցեցին, մյուսում՝ խճուղի, իսկ երրորդում՝ բար ու դիսկոտեկ: Դե եկ ու մինչև կեսգիշեր լսիր, թե ինչպես են թմբուկները թնդում: Խեղճ մարդը քունը կորցրեց, ականջները փակում էր անկողին մտնելուց, նույնիսկ սկսեց հաբեր ընդունել: Եվս մի փոքր՝ և նրա գիտակցությունը կմթագներ: Նա Սուրբ լեռ եկավ, գտավ ինձ ու սկսեց պատմել. «Այսպես ու այսպես, հա՛յր սուրբ, հանգիստ չունեմ այնտեղ: Ի՞նչ անեմ: Մեկ այլ տուն կառուցելու մասին եմ մտածում»: «Բարի միտքը միացրու,- ասացի նրան,- մտածիր. եթե պատերազմ լիներ և ավտովերանորոգման կետում տանկեր վերանորոգեին, սանիտարական մեքենաներով վիրավորներ բերեին հարևանությամբ գտնվող հոսպիտալ, իսկ քեզ ասեին. «Տե՛ղդ նստիր: Կյանքիդ վտանգ չի սպառնում, քեզ ձեռք չենք տա: Կարող ես հանգիստ դուրս գալ տանից, բայց այս շինությունների շառավղից դուրս գալ չես կարող, որ փամփուշտները քեզ չհասնեն»: Կամ ասեին. «Տանիցդ դուրս մի արի և ոչ ոք քեզ ոչինչ չի անի»: Մի՞թե դա քիչ կլիներ քեզ համար: Մի՞թե այդ պայմաններն իսկական օրհնություն չէիր համարի: Այդ պատճառով հիմա ինքդ քեզ ասա. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր, որ ոչ մի պատերազմ չկա, որ մարդիկ ողջ-առողջ են և իրենց գործերով են զբաղված: Մարդիկ իրենց մեքենաներն են վերանորոգում, այլ ոչ թե՝ տանկեր: Փա՜ռք Քեզ, Տե՛ր, որ հոսպիտալ չկա, վիրավորներ ու պատերազմի բերած այլ վշտեր չկան: Խճուղով տանկային շարասյուներ չեն ձգվում, այլ ավտոմեքենաներ են ընթանում՝ մարդիկ աշխատանքի են շտապում»: Եթե այսպես բարի միտքն աշխատեցնես, հետո էլ Աստծո փառաբանությունը կգա»: Խեղճը հասկացավ, որ գլխավորը հանգամանքներին ճիշտ վերաբերվելն է և խաղաղված հեռացավ: Աստիճանաբար սկսեց իրեն շրջապատող գայթակղություններին բարի մտքեր հակադրել, հետո հաբերը դեն նետեց ու սկսեց առանց դժվարության քնել: Տեսնո՞ւմ ես, թե մի բարի միտքն ինչպես է մարդուն կարգի բերում:

Իսկ մի անգամ ինչ-որ տեղ էի գնում ավտոբուսով: Վարորդի ռադիոն բարձր միացրած էր: Ուղևորների մեջ մի քանի հավատացյալ երիտասարդներ կային: Նրանք վարորդին ասացին, որ ավտոբուսում վանական կա և մի քանի անգամ խնդրեցին ռադիոընդունիչն անջատել: Մեկ անգամ խնդրեցին, երկու, նա միայն ձայնն ավելի բարձրացրեց: «Թողեք նրան,- ասացի տղաներին,- ինձ չի խանգարում: Ես շարականներ եմ երգում, իսկ ռադիոն ձայնակցում է ինձ՝ իսսոնն է պահում*»: Իսկ մտքում ինքս ինձ ասում էի. «Եթե, Աստված մի արասցե, մայրուղու վրա ավտովթար լիներ ու վիրավորներին մեր ավտոբուս բերեին՝ մեկին կոտրված ոտքով, մյուսին՝ ջարդված գլխով, ապա ինչպե՞ս պիտի դիմանայի նման տեսարանին: Փա՜ռք Քեզ, Տե՛ր, որ մարդիկ ողջ և առողջ են: Դեռ մի բան էլ երգում են»: Այդպես էլ շարականներ երգելով գնացի: Հրաշալի ճամփորդություն էր:

Ձեզ մի օրինակ էլ բերեմ, որպեսզի տեսնեք, թե մի բարի միտքն ինչպես է մարդուն կարգի բերում՝ ինչ էլ որ տեղի ունենալիս լինի: Ծանոթներիցս մեկի հետ Երուսաղեմում էի: Մեր այցը համընկավ տեղական ինչ-որ տոնի հետ: Ժողովուրդը տոնում էր ու անդադար գոչում. «Ալալա… ախ»: Աննկարագրելի է, թե ինչ էր այնտեղ կատարվում: Աղմուկ-աղաղակ, բղավոցներ: Տոնում էին ինչպես կարգն է՝ «մեծաձայն ծնծղաներով» (Սղմ. 150:5): Միայն բառերն էին անհասկանալի: Ողջ գիշեր աղմկեցին: Ծանոթս նյարդայնացավ, նստեց լուսամուտագոգին ու ողջ գիշեր աչք չփակեց: Իսկ ես բարի միտքը միացրի ու նորածնի պես քնեցի՝ Եգիպտոսից հրեաների դուրս գալն էի հիշել (Ելք 13-15) ու նույնիսկ որոշակի խանդաղատանք զգացի դրանից:

Այդպես էլ դուք, յուրաքանչյուր գայթակղություն բարի մտքերով հակադարձեք: Օրինակ՝ ինչ-որ մեկը դուռը շրխկացրեց: Ինքներդ ձեզ ասացեք. «Իսկ եթե, Աստված մի արասցե, քույրերից մեկն ընկներ ու ոտքը կոտրեր, մի՞թե կկարողանայի քնել: Իսկ հիմա դուռը շրխկաց, դե ինչ, երևի քույրը որևէ գործ ուներ»: Սակայն եթե միանձնուհին սկսի դատել ու ասի. «Ի՜նչ անուշադիրն է: Դռներն է շրխկացնում: Ինչպիսի՜ անկարգություն», մի՞թե հետո նա խաղաղ կլինի: Բավական է միայն նման մտքերն ընդունի, վե՛րջ, բանսարկուն նրան կպղտորի: Կամ, օրինակ, քույրերից մեկը կարող է լսել, թե ինչպես է ինչ-որ մեկի զարթուցիչը երկար զնգում: Զնգում է, լռում, զնգում է, կրկին՝ լռում: Եթե այդ քույրը մտածի. «Երևում է շատ է հոգնել քույրը, որ նույնիսկ վեր կենալու ուժ չունի: Ավելի լավ է կես ժամ ուշ վեր կենա իր աղոթքներն անելու համար»,- ապա ո՛չ կանհանգստանա, ո՛չ էլ կնյարդայնանա հանկարծակի արթնանալու պատճառով: Իսկ եթե մտածի. «Ահա՜, ուրիշների զարթուցիչների պատճառով արթնացա», կարող է ասել. «Այս ի՞նչ բան է: Հանգիստ չեն տալիս մարդուն»: Այդ պատճառով էլ մի բարի միտքը մարդուն բոլոր այլ սխրանքներից լավ է օգնում:

 

* Իսսոն (հուն. "ίσος" բառից՝ հավասար, միանման, նույնպիսի) – բյուզանդական եկեղեցական երգեցողության մեջ ներքևի, «հիմնական» ձայնն է:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

13.03.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․