23 Նոյեմբեր, Շբ
Աբբա Դանիել Սկյութացին պատմեց, թե մի եղբայր կար Եգիպտոսում, որը ճանապարհ գնալիս, երբ օրը տարաժամեց, ցրտի պատճառով մտավ գերեզմանոց և օթևանեց այնտեղ: Եվ երբ դևերն անցնում էին այդտեղով, մեկը մյուսին ասաց. «Տեսնո՞ւմ ես` ինչպիսի խիզախություն ունի այս մենակյացը, որ գերեզմանի մեջ է ննջում. ե՛կ տանջենք սրան»: Մյուսն ասաց. «Ինչո՞ւ ենք ուզում տանջել սրան. ամբողջովին մերն է և մեզ է ծառայում` կատարելով մեր կամքը, որովհետև ուտում է, խմում, չարախոսում և զլանում է աղոթել: Սրան տանջելու փոխարեն` գնանք խռովքի մեջ գցենք նրանց, ովքեր մեզ են խռովեցնում և աղոթքներով մեր դեմ են մարտնչում օր ու գիշեր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016