Մարտարվեստի վարպետն իր աշակերտին սովորեցնում է սրով մենամարտել: Աշակերտը տարակուսում է և հարցնում.
-Այս ռազմարվեստի գաղտնի գիտելիքներն ինձ փոխանցեցիր, դրա համար շատ շնորհակալ եմ, սակայն մարտի մեջ պարտվում եմ քո մյուս աշակերտներին:
Վարպետն ասում է.
-Սուր բռնել, դրա գիտելիքներն ունենալ և կիրառել, դեռ չի նշանակում հաղթանակ տոնել: Անհրաժեշտ է ամենօրյա մարզումների ջանք, համբերատար և քրտնաջան աշխատանք: Միայն այդ դեպքում կարող ես հաջողության հասնել:
Շատ անգամ աշխարհական քրիստոնյաներն առօրյա կյանքում բավարարվում են օրվա մեջ մեկ անգամ աղոթելով, մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե` համարելով, որ ամենազոր Աստված իրենց աղոթքների արդյունքը զորավոր կդարձնի, իսկ սպասվող պատասխանը կիրականացնի: Երբ նման աղոթքներն անարդյունք և անպատասխան են մնում, մարդիկ զարմանում են` ինչո՞ւ է այդպես լինում, չէ՞ որ իրենք իրենց ամբողջ սրտով էին աղոթում: Բնականաբար մասնավոր դեպքերում հանգամանքները յուրաքանչյուր մարդու համար շատ տարբեր է, բայց ընդհանուր առմամբ` Աստված ակնկալում է, որպեսզի մարդ ջանք ու աշխատանք գործադրի, աղոթքի, հոգևոր կյանքի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրի, որպեսզի Աստծո կողմից հաջողված արդյունքը տրվի: Աշխարհի առօրյայով ու խնդիրներով ապրող մարդու համար լավ օրինակ է նաև Դանիել մարգարեի օրինակը, երբ օրվա մեջ առնվազն երեք անգամ աղոթում էր (Դանիել 6.10):
Հովհաննես Մանուկյան