Աղոթքով և համբերությամբ հաղթահարված ուխտավորների ուղին

Հունիսի 25-ին՝ կիրակի վաղ առավոտյան, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր: Ուխտավորների աղոթական ուղին կանգ առավ Իջևանի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցում՝ նրանց աղոթական ընթացքը միահյուսելով Ս. Պատարագի խորախորհուրդ արարողության աղոթքներին: Պատարագիչը՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, մինչ քարոզը ողջունեց ուխտավորներին, նրանց հետ կիսելով այն ուրախարար և նշանակալից առիթները, որ այս և մյուս տարիներին տոնախմբելու է Ս. Ներսես Շնորհալի եկեղեցին. այս տարի եկեղեցու վերակառուցման 20-ամյակն է, հաջորդ տարի՝ օծման 20-ամյակը: «Աստվածային նախախնամությամբ արդեն տասնինը տարի է, որ իջևանցիները հնարավորություն ունեն այս սուրբ հարկից ներս մկրտությամբ Աստծո որդեգիրները դառնալու, Ս. Պսակի խորհրդով ամրացնելու իրենց նորաստեղծ ընտանիքները, իրենց աղոթքը վերառաքելու առ Աստված և Տիրոջ կենարար Մարմնին ու Արյանը հաղորդվելու Ս. Պատարագի արարողությամբ: Թող Տերը, Ս. Ներսես Շնորհալու բարեխոսությամբ, արժանացնի յուրաքանչյուրիս հասնելու մեր կյանքի մեծագույն նպատակին՝ հոգու փրկությանը՝ Իր ամենազոր Աջով պահպանելով և զորացնելով Հայոց ազգը, եկեղեցին և բանակը»,- մասնավորաբար ասաց Տեր Սիմեոնը:

Ս. Պատարագի ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորները սիրո ճաշը վայելելուց հետո, աղոթքով և համբերությամբ հաղթահարեցին դեպի Սրվեղի վանք տանող երկարաձիգ և դժվարանցելի ճանապարհը: 13-րդ դարում կառուցված սրբավայրը գտնվում է Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավ՝ «Խաչի տակ» գտնվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր լանջին: Սրվեղի վանական համալիրը բաղկացած է Ս. Աստվածածին, Ս. Նշան եկեղեցիներից, խուցերից, ձիթհանքից, օժանդակ շինություններից: Գլխավոր Ս. Նշան եկեղեցին ներքևի մասում շարված է քարով, վերևում, գմբեթի հետ միասին օգտագործված է թրծած աղյուս: Հայոց աշխարհի այս հրաշալիքը Կիրանց վանքից (13-րդ դ.) հետո երկրորդ աղյուսաշեն սրբավայրն է: Գլխավոր եկեղեցու հյուսիսային կողմում գտնվող Ս. Աստվածածին եկեղեցին ավերակ է: Ս. Նշան եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Սրվեղ անունը:

Թշնամու սահմանին մոտ բարձրադիր սարի վրա վեր հառնած Սրվեղի վանքը՝ «Խաչի տակ» անվանումը կրող վայրում կառուցված, վկայում է մեր հայրերի հզոր և անխորտակելի հավատքի մասին՝ միաժամանակ փաստելով, որ խաչի ճանապարհ անցած հայոց փոքրաթիվ ազգը Տիրոջ փրկարար Նշանի ներքո շարունակում է իր խաչի ուղին՝ հարության հույսով և հավատքով լեցուն:

Ուխտավորները Սրվեղի վանքում մասնակից եղան Խաղաղական և Հանգստյան ժամերգություններին՝ իրենց աղոթքը միախառնելով վանքի դարավոր աղոթական շնչին: Ապա վանքի բակում Տեր Գրիգորը հոգևոր զրույց ունեցավ ուխտավորների հետ: «Ուխտավորի ուղին մեր կյանքի ուղին է, որ հնարավոր չէ անցնել այլ կերպ, եթե ոչ համբերությամբ և աղոթքով: Համբերատար մարդն ամենևին էլ այն մարդը չէ, որ լողում է հոսանքի ուղղությամբ և փոփոխվում՝ ըստ աշխարհի պահանջների: Այլ այն մարդն է, ով չնայած շրջապատող աշխարհի չարությանը՝ պահպանում է իր ներքին ուժը, անկախությունն ու վճռականությունը, քանի որ աստվածային լույսն է կրում իր հոգում: Մենք համբերությամբ պայքարում ենք մեր ունեցած կրքերի, վախերի ու հուսահատության դեմ: Մեր մեղավոր բնության հետևանքով հաճախ սայթաքում և անկում ենք ապրում մեր հոգևոր կյանքում, բայց ողջ իմաստը նրանում է, որ երբեք չհուսահատվենք ու չտրտնջանք, այլ Տիրոջն ապավինելով, համբերատարությամբ կրկին ոտքի կանգնենք ու շարունակենք մեր խաչը կրել»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

25.06.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․