23 Դեկտեմբեր, Բշ
Ողջ աշխարհով մեկ գործող «Անանուն թմրամոլներ» ընտանեկան խմբերը համագործակցում են այն մարդկանց հետ, ում հարազատները հայտնվել են թմրամոլության ճիրաններում: Ծրագիրն առաջարկում է ոչ թե կրոնական, այլ հոգևոր կենսակերպ՝ հիմնված «12 քայլ» ծրագրի վրա: Այդ խմբերն իրենց անդամներին օգնում են խնդրի շուրջ սեփական վերաբերմունքը փոխել՝ այն հույսն ունենալով, որ իրենք այլևս միայնակ չեն: Խմբի կարևոր սկզբունքն է պահպանել բոլոր անդամների անանունությունը:
«Ցերեկային Կենտրոն»-ում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ 2014 թ-ից գործում է «Անանուն թմրամոլներ» ընտանեկան խումբը: Խումբը հիմնադրվել է կենտրոնի տնօրեն՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և մոսկվաբնակ Կարինե Համբարձումովայի համատեղ ջանքերով: Այն գործում է շաբաթական մեկ օր «12 քայլ» ծրագրի համաձայն:
««Անանուն թմրամոլներ» ընտանեկան խումբը նպատակ ունի յուրաքանչյուր անդամի քաջալերելու այն հարցում, որ կարիք չկա թաքնվել խնդիրը լուծելու դժվարություններից, այլ անհրաժեշտ է Աստծո օգնությանն ապավինելով՝ քայլ առ քայլ գտնել խնդրի լուծման ելքերը: Խմբի շնորհիվ նվազում է ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց ինտեգրմանն, սոցիալական վիճակի բարելավմանը և հոգևոր արժեքների ձեռքբերմանը»,- ասաց Տեր Գրիգորը:
Հունվարի 11-ին «Անանուն թմրամոլներ» ընտանեկան խմբի հերթական հանդիպմանը ներկա էր նաև Կարինե Համբարձումովան: Խմբի բոլոր հանդիպումները սկսվում են հոգևոր հանգստությանն ուղղված աղոթքով: Ապա հերթականությամբ յուրաքանչյուրն ընթերցում է ծրագրի 12 քայլերը, ընտանեկան խմբերի տասներկու ավանդույթները:
Օրվա քննարկումն անդամներին առաջարկեց մարդկային հարաբերություններում կարևորել առողջ սահմաններ հասկացությունը, ըստ որի, յուրաքանչյուրն ունի ընտրություն. իր խնդիրների մասին ուրիշներին պատմելու կամ չպատմելու, նաև սահման դնելու, որ խնդիրն է իրեն վերաբերում, որը՝ թմրամոլին: Առողջ սահմանների հետ կապված յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտեց:
Հաջորդ մտածումն էր՝ հրաժարվել ուրիշներին կառավարելու մտքից, քանի որ, ըստ ծրագրի, միակ մարդը, ում կարող է մարդը կառավարել, դա ինքն է: Երբ մարդը թողնում է թմրամոլին փոխելու փորձերը և սկսում է իրեն փոխել, ապա սկսում է զգալ և տեսնել այն հրաշքը, որ ամեն ինչ հնարավոր է: Մարդիկ գործում են սխալներ, բայց այդ մարդիկ չեն սխալները: Ամերիկացի թատրոնի և կինոյի դերասանուհի, նաև կինոպրոդյուսեր Մերի Փիկֆորդը ասել է. «Եթե դուք սխալ եք թույլ տվել, անգամ լուրջ, ապա դուք միշտ ևս մեկ հնարավորություն ունեք: Այն, ինչ մենք անվանում ենք անհաջողություն, դա անկում չէ, այլ մի փոքր կանգառ»: Այսինքն՝ ընտանեկան խմբի անդամների համար ծրագիրը կարևոր սկզբունքներ է առաջարկում՝ չդատել և չգնահատել մարդկանց, անգամ թմրամոլներին և թողնել, որ նրանք կրեն իրենց արարքների պատասխանատվությունը:
Թեմաների շուրջ խմբի անդամների միջև քննարկում ծավալվեց, յուրաքանչյուրն իր սեփական փորձն էր ներկայացնում: Խմբավարը հիշեցրեց խմբի անդամներին «Անանուն թմրամոլներ»-ի հետևյալ սկզբունքը. «Եթե լսել եք մի բան, որ ի զորու չեք ընդունել՝ հիշեք, որ ելույթ ունեցողները խոսում են սեփական փորձի մասին, այլ ոչ թե ողջ «Անանուն թմրամոլներ»-ի անունից: Ժողովի ավարտին վերցրեք ձեզ հետ այն, ինչ օգտակար կլինի ձեզ համար, թողեք այն, ինչը ձեզ չի համապատասխանում և շարունակեք մասնակցել «Անանուն թմրամոլներ»-ի ընտանեկան խմբերին»:
Հոգևոր հանգստությանն ուղղված աղոթքով ավարտվեց ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի հերթական «Անանուն թմրամոլներ» ընտանեկան խմբի հանդիպումը:
Կարինե Սուգիկյան