23 Դեկտեմբեր, Բշ
Հունիսի 18-ին Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի կամավորներն ու աշխատակիցները «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակում ԱՀԹ-ի «Ցերեկային կենտրոն»-ի սաների համար կազմակերպեցին այց Երևանի կենդաբանական այգի: Մինչ այդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում կենտրոնի սաներին օրհնեց Տեր Զգոն քահանա Աբրահամյանը:
Կենդանաբանական այգում յուրաքանչյուր երեխա մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ էր դիտում կենդանիներին, թռչուններին ու սողուններին: Ձիերի, կապիկների, արջերի, այծերի և մյուս կենդանիների, թռչունների, սողունների բազմատեսակության շուրջ երեխաների հետ զրույց ծավալվեց, թե ո՞վ և ինչո՞ւ է ստեղծել ողջ կենդանական աշխարհը:
Երեխաները շատ լավ գիտեին, որ կենդանիներին, թռչուններին և սողուններին Աստված է արարել, նրանց անվանակոչել է Ադամը և դրախտում առաջին մարդիկ չեն վախեցել նրանցից:
Իսկ թե ինչո՞ւ է Աստված արարել այդքան կենդանիներ, թռչուններ և սողուններ, որոնցից մի մասը պիտանի են մարդկանց, մյուս մասը՝ ոչ, երեխաների պատասխաններն էին՝ որ կյանքն ավելին լինի, որ բնությունը հարստանա կենդանիներով (Գոռ 9 տ.), որ կենդանական աշխարհը պահպանվի (Ռազմիկ 12 տ.), որ բնությունը գեղեցկանա (Նարեկ 9 տ.), օրինակ՝ դելֆինները օգնում են մարդկանց (Տիգրան 11 տ.):
Երեխաներից յուրաքանչյուրն ունի իր սիրելի կենդանին կամ թռչունը: Եվ քանի որ նրանցից մի քանիսը կենդանիներ և թռչուններ են պահում, ապա նշեցին, որ մարդիկ պետք է լավ վարվեն կենդանիների հետ: Գոռի և Արենի համար սիրելի կենդանին ու թռչունն առյուծն ու արծիվն են, քանի որ խելացի լինելու համար նրանք կենդանիների և թռչունների արքաներն են համարվել, նաև բնության «սանիտարներ»-ն են:
«Ինչպես յուրաքանչյուր մարդն է որևէ մեկի համար կարևոր, այնպես էլ անբան կենդանիներն ունեն հարազատներ, և Աստված հենց այնպես չի ստեղծել ոչինչ: Ես շատ եմ սիրում շուն և իմ ընկերներին նրանց հավատարմության օրինակն եմ բերում: Եթե ընկերներդ պատրաստ չլինեն քեզ լսելու, հաստատ քո շունը կլսի, կխաղա, կզբոսնի և անգամ լաց կլինի քեզ հետ»,- ասաց Մելինեն (17 տ.):
Զրույցի ընթացքում, խոսելով այնպիսի մեծ կենդանիների մասին, ինչպիսին են՝ գետաձին, կետաձուկը, երեխաները հանգեցին այն եզրակացության, որ Աստված ամենազոր է և ամենակարող:
Աստված ստեղծեց ամեն բան սիրուց, հետևաբար Իր ստեղծագործության յուրաքանչյուր էակ ունի հատուկ նպատակ: Եկեղեցու հայրերից Սբ. Հովհան Ոսկեբերանը մատնանշում է իմաստությունը և սերը, որոնցով Աստված արարել է. «Ո՞վ կարող է ասել, թե ինչո՞ւ Տերն ստեղծեց կետաձկներին: Դրանք ինչո՞վ են օգտակար մեզ: Որն է դրանց ստեղծման առավելությունը… Մովսեսը նախ ասաց. «Աստված ստեղծեց հսկա կետերին…» և ապա շարունակում. «Աստված տեսավ, որ դրանք բարի են»: Այլ խոսքով, նա ասում է, որ չպետք է անտեղի համարել ստեղծված էակների պատճառը: Տերը տվել է Իր հավանությունը և դրանց բարի հռչակել: Ուղղամիտ մարդը կկարողանա դրանց ստեղծումից գաղափար կազմել Տիրոջ զորության և անճառելի սիրո մասին»:
Այնուհետև կեսօրին Հայկական Կարմիր խաչը երեխաների համար հյուրասիրություն կազմակերպեց, ապա շարունակվեց հետաքրքրաշարժ զբոսանքը կենդանաբանական այգով: Զբոսանքից հետո չէր կարելի չնկատել երեխաների և ծնողների գոհունակ հայացքները:
Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի աշխատակցուհի Արմինեն նշեց, որ իրենց նպատակը «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակում կապ հաստատել «Ցերեկային կենտրոն»-ի հետ՝ հնարավորինս օգտակար լինելով կենտրոնին:
ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն իր շնորհակալությունը հայտնեց Հայկական Կարմիր խաչ ընկերությանը կենտրոնի սաներին գեղեցիկ անակնկալ և հիշարժան օր պարգևելու համար:
Սաղմոսերգուն աշխարհի արարման հետ կապված հիշեցնում է մարդուն Աստծուն փառաբանելու մասին. «Օրհնեցե՛ք անունը Տիրոջ, քանզի Նա ասաց՝ և դրանք ստեղծվեցին, Նա հրամայեց՝ և հաստատվեցին» (Սաղմոս 148:5):
Կարինե Սուգիկյան