Վեհափա՛ռ Տեր,
Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ:
Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում երկու տասնամյակ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի հովվապետական գավազանը՝ Հայոց ազգին քրիստոնեական Ճշմարտության և սիրո շավիղներով առաջնորդելու համար: «Աստծո Միածին Որդու փրկագործական առաքելությամբ շնորհն ունենք ճշմարտությունը ճանաչելու, գտնելու կյանքի իմաստն ու նպատակը, երջանկության ճանապարհը: Ճշմարտությունը և կյանքը մեր հոգիներից պիտի բխեն, Քրիստոսին սիրող հոգիներից, որ հավատում են Նրա խոսքին՝ Սուրբ Ավետարանին….» (Գարեգին Բ Կաթողիկոս):
Ի սրտե Ձերդ Սրբությանը մաղթում ենք քաջառողջություն, շարունակական կենսունակություն՝ Ձեր եկեղեցանվեր ծառայությունն առավել պտղաբեր դարձնելու համար: Թող Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի նշանով զորակից և մարտակից լինի Ձեզ՝ ի պայծառություն լուսավորչահաստատ Հայոց Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:
Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ