Դեկտեմբերի 24-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը նշեց Ամանորը: Կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Տերունական աղոթքով սկսեց ամանորյա միջոցառումը: Տեր Հայրը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի անունից ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ և օրհնություն փոխանցեց երեխաներին, նրանց ծնողներին և աշխատակիցներին: «Սրտագին շնորհավորանքներս եմ ուղղում ձեզ և ձեր ընտանիքներին և գոհաբանությունս հայտնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Իր անսահման սիրո, երկայնամտության ու ողորմածության համար, որ արժանացրեց մեզ ևս մեկ տարի անցնելու և միասին նորը դիմավորելու: Վստահ եմ բոլորս անցել ենք մեծ ու փոքր փորձությունների, նեղությունների ու վշտերի միջով, սակայն դիմացել ենք ի փառս Հիսուս Քրիստոսի: Աղոթում եմ առ Երկնավոր Հայրը, որպեսզի Իր երանելի օրհնությունը պարգևի համայն հայությանը, Իր բազմաթիվ առաքինություններով զարդարի ամենքիս հոգիներն ու մեր սրտերից երբեք չպակասի առ Աստված և առ մերձավոր ունեցած սերը, հույսն ու հավատը, որպեսզի Բարձրյալի Սուրբ Աջի հովանու ներքո մուտք գործենք Նոր տարի և այն պահապան լինի մեզ ողջ տարվա ընթացքում»,- ասաց Տեր Գրիգորը:
Կենտրոնի աշխատակիցների, շահառուների և նրանց երեխաների ջանասիրությամբ դահլիճը տոնական տեսք էր ստացել: Խաղային ու պարային ուրախ տրամադրության սկիզբը դրեց խաղավարը, ով մասնակից երեխաներին առաջարկում էր հանելուկներ և գլուխկոտրուկներ, որից հետո երեխաները ներգրավվեցին կատակային և սպորտային խաղաշարքում: Ոգևորության և ուրախության մեջ երեխաները բնավ չէին մոռացել իրենց սիրելի և սպասված հյուրերին՝ Ձմեռ պապին և Ձյունանուշին: Դե իսկ հրաշագործ Ձմեռ պապն ու Ձյունանուշը չչարաշահեցին երեխաների համբերությունը, ժամանեցին ճիշտ ժամանակին՝ կրկնապատկելով երեխաների բարձր տրամադրությունը: Հետաքրքրաշարժ խաղերի, երգի ու պարի ուրախ ու հեքիաթային աշխարհ էին ստեղծել իրենց շուրջը Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Բայց և ահա մոտեցավ Ձմեռ պապի և Ձյունանուշի մեկնելու ժամը, թե՛ նրանց և թե՛ երեխաների համար դժվար էր միմյանց հրաժեշտ տալը: Ինչպես միշտ այս անգամ էլ Ձմեռ պապը ձեռնունայն չէր եկել, նա առատ նվերներ էր պատրաստել թե՛ իր թոռնիկների և թե՛ նրանց ծնողների համար: Ձմեռ պապը երեխաներին փոխանցեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և «Մարտին Սթար» ընկերության կողմից տրամադրած հագուստ և սնունդ, նաև Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության կողմից տրամադրած «Երեխաները կարդում են Աստվածաշունչը» և «Սուրբ Ծննդյան պատմությունը» գրքերը, իսկ կենտրոնի շահառուններից երեսուն ընտանիքների Ձմեռ պապը փոխանցեց սննդի փաթեթներ, որ տրամադրել էր Արարատյան Հայրապետական թեմը և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը:
Ավարտվեց ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ամանորյա տոնախմբությունը՝ զվարթառատ օր պարգևելով թե՛ երեխաներին, թե՛ շահառուներին և թե՛ աշխատակիցներին:
Կարինե Սուգիկյան