Ամառային գույներով հագեցած ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի բակային ճամբարը

Ամառվա տապին ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի երեխաներին ուրախ և անմոռանալի օրեր պարգևելու մեծ ցանկությամբ Երիտասարդական Կարմիր Խաչը (ԵԿԽ) հուլիսի 8-ին մեկնարկեց իննօրյա ամառային-բակային ճամբարը: Սա ԵԿԽ-ի առաջին կազմակերպված ճամբարն էր «Ցերեկային կենտրոն»-ում:

ԵԿԽ-ի աշխատակիցների և կամավորների նախանձախնդրությունն ու պատրաստվածությունն ուղղված էր նրան, որ ճամբարային օրը յուրաքանչյուր երեխայի համար դառնա հետաքրքիր և հագեցած:

Ճամբարային օրը սկսված էր: Բոլորը կազմել էին շրջան, նրանցից յուրաքանչյուրն, որևէ շարժում անելով, իր անվանումն էր ասում:

Քանի որ ճամբարն ունի նաև ուսուցողական նպատակ, ապա ԵԿԽ-ի աշխատակից Արմինեն երեխաներին վարժություններով հիշեցրեց, որ առողջության համար շատ կարևոր է օրը սկսել մարմնամարզությամբ: Արմինեի առաջարկմամբ երեխաները մարզվեցին նաև իրենց իսկ ներկայացրած վարժություններով:

Ինչպես բոլոր ճամբարները, այնպես էլ այս ճամբարը պետք է առաջնորդվի կանոններով, ինչն էլ երեխաները կազմեցին ԵԿԽ-ի աշխատակիցների և կամավորների հետ միասին: Նրանք խոստացան, որ, համաձայն կանոնների, չեն ուշանա, կհարգեն և կլսեն միմյանց, կպահպանեն մաքրություն, չեն կռվի և ակտիվ կլինեն: Իսկ կանոնը խախտողը պետք է ամբողջ օրը հետևեր տարածքի մաքրությանը:

Երեխաները ճամբարի կազմակերպիչների հետ շրջանաձև նստած քննարկում էին նաև ճամբարի անվանումը: «Ամառային գույներ», «Զվարճալի կամ ուրախ ճամբար», «Հանգստյան ճամբար», «Արևիկ», «Լույսի շող», «Ընկերություն», «Մանուկների աշխարհ», «Նուռ», «Բաց երկինք». ահա այս առաջարկությունները եղան և ընդհանուր որոշմամբ ընտրվեց «Ամառային գույներ» անվանումը: Տիգրանը (10 տ.) ասաց, որ այստեղ շատ գունագեղ է, պայծառ, ամառային բոլոր գույները կան:

Նախաճաշից հետո երեխաները հայտնվեցին ազգային պարի աշխարհում. կամավորներից Անուշն ազգային պոպուրին էր ուսուցանում բոլորին: Նա մեր ազգային մի քանի պարերի բացատրությունն էր տալիս՝ նշելով, որ ազգային պոպուրին ծիսական պար է, տոն օրերին են պարել, իսկ, օրինակ, «Քերծեն» պարել են որսի գնալուց առաջ: Իսկ պարել սիրող երեխաների ակտիվությունը նկատելի էր. երկվորյակներ Լևոնն ու Լաուրան (11 տ.) շատ են սիրում պարել: Նրանք ուրախ են, որ մասնակից են լինելու բակային ճամբարին:

Վեցամյա Եկատիրինան առաջին անգամ է ճամբարի մասնակցում, նրա մայրը՝ Նունեն, իր զավակի հետ միասին ոգևորություն էր ապրում: «Ամառվա այս շոգին երեխային ուրախ տեսնելն արդեն իսկ ամեն ինչ արժե»,- ասաց նա:

Հայկական Կարմիր Խաչ ընկերության երիտասարդական բաժնի աշխատակցուհի Սոնա Գևորգյանը նշեց. «Ճամբարի հիմնական նպատակը միմյանց հետ առավել մտերմանալն է, լավ ժամանակ անցկացնելը, ինչպես նաև միմյանցից որևէ բան սովորելը: Կամավորները մեծ շահագրգռությամբ և սիրով առաջարկություններ են կատարել և պատրաստ են իրենց ներուժը գործածել բակային ճամբարում: Նրանց աշխատանքը բաժանված է տարբեր կոմպոնենտների: Ամեն ինչ կանենք, որ մեր ճամբարը դառնա գունավոր»:

Ճամբարում երեխաները նաև առիթ ունեցան կամավորներից Անիի հետ անգլերենով քննարկել և զրուցել գազավորված հյութերի մասին:

Ճաշից հետո երեխաները միմյանց և ԵԿԽ-ի աշխատակիցներին ու կամավորներին հրաժեշտ տվեցին հաջորդ օրը միասին ամառային գույներով հագեցած ճամբարի մի նոր, հետաքրքիր էջ թերթելու մեծ ցանկությամբ:

 

Կարինե Սուգիկյան

08.07.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․