Ամեն ինչ վերադառնում է

«Արարքներդ բումերանգի պես վերադառնում են քեզ մոտ»,-ասել է Ուինսթոն Չերչիլը: Ամեն ինչ վերադառնում է. բարին բարության դիմաց, չարը՝ չարության: Մարդը միշտ ստանում է այնքան, որքան տվել է: Բաշխված ավել ուժը, ժամանակը և սերը վերադառնում են և վերադառնում կյանքի անսպասելի պահին:

«Հարուստ է ոչ թե նա, ով շատ է ձեռք բերել, այլ նա, ով շատ է բաշխել» (Ս. Հովհան Ոսկեբերան):

Դեկտեմբերի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Բաղդասարյան Ժորային (41 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի անդամները: Սոցիալապես անապահով ընտանիքը բաղկացած է յոթ անդամներից՝ Ժորան, իր ծնողները, կինը և երեք զավակները: Բաղդասարյան ընտանիքը բնակվում է Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 15-րդ փողոցի 1/2 հասցեում:

Ժորան երրորդ խմբի զինհաշմանդամ է, տան միակ աշխատողն է: Սակայն մի քանի ամիս է, ինչ առողջության վատթարացման պատճառով ի վիճակի չէ աշխատելու: Ժորան մտահոգված է նաև իր ծնողի՝ Բաղդասարյան Նորիկի (67 տ.) առողջական խնդրով, նրա մոտ հայտնաբերել են շագանակագեղձի ուռուցք և ըստ բուժստուգումների՝ վիրահատության անհրաժեշտություն է ստեղծվել: «Թե ես և թե հայրս բուժման և վիրահատության առումով ունենք առավելություններ, բայց չենք կարողանում օգտվել, քանի որ չեմ ստացել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ: Զինծառայությունս իրականացրել եմ 1993-94 թթ. Հորադիսում և այնտեղ, մասնակցելով մարտական գործողություններին, վիրավորվել եմ»,- ասաց Ժորան:

Տեր Գրիգորը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ժորայի համար բժշկության աղոթք կարդաց:

«Եթե ունես ամեն ինչ, բայց սեր չունես, համարիր, որ ոչինչ չունես: Աստված չի ընդունում դատարկ խոսքեր, Աստված սիրում է գործեր: Բարի գործերը դա հենց սերն է: Աստված մեզանից պահանջում է մեր սիրտը, բայց առանց բարի գործերի դու չես կարող սիրտդ տալ Աստծուն: Երբ բարին ես գործում, մեկ աստիճանով վեր ես բարձրանում, իսկ մեղանչելիս՝ իջնում: Մեր ամբողջ կյանքը դա գործողություն է» (Հայր Գաբրիել):

 

Կարինե Սուգիկյան

19.12.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․