«Ամենախելացին»-երից մեկն ուխտի կգնա Երուսաղեմ

Մարտի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց Արմենիա ՀԸ «Ամենախելացին» նախագծի մասնակից Էդվարդ Քեշիշյանին: Էդվարդը «Ամենախելացին» հեռուստախաղի երկրորդ եթերաշրջանի այն մասնակիցն է, ով եզրափակիչ խաղում արժանացավ Արարատյան Հայրապետական թեմի կողմից սահմանված մրցանակին` «Կրոն» թեմայում լավագույն մասնակցության համար: Սահմանված մրցանակը տասնօրյա ուխտագնացությունն է դեպի Երուսաղեմ: 
Հանդիպմանը մասնակցում էր Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը: Էդվարդը Սրբազանի հետ հանդիպման էր եկել հեռուստանախագծի տնօրեն Նվեր Ղազարյանի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի, մայրիկի` Սուսաննա Թավուզյանի, հորեղբոր` Արարատ Քեշիշյանի հետ:

Հանդիպման ընթացքում Սրբազան հայրը շնորհավորեց Էդվարդին` թեմի սահմանած մրցանակին արժանանլու համար և տեղեկացրեց, որ ուխտավորների`Երուսաղեմ մեկնող առաջիկա խումբը գլխավորելու է Տ. Գրիգորը: Հենց այդ խմբի հետ Էդվարդն ապրիլին կմեկնի Երուսաղեմ:

Շնորհակալություն հայտնելով թեմին նման աներևակայելի նվերի համար` Էդվարդն առիթն օգտագործեց նաև մի քանի աստվածաբանական «անհասկանալի» հարցերի պատասխաններ ստանալու Սրբազան հորից:

Նավասարդ Սրբազանը կարևորեց այն հանգամանքը, որ պատանին իր երազանքին հասել է սեփական գիտելիքի ու կրթության նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի շնորհիվ: «Ամենախելացին» նախագիծն արժանի է բարձր գնահատականի, քանի որ հասարակության մեջ բարձրացնում է կրթված մարդու արժեքը: Այս հանգամանքն էլ առիթ է հանդիսացել միանալու նախագծի աջակիցներին և խրախուսել պատանիներին:

Հանդիպման ավարտին Սրբազան հայրը հույս հայտնեց, որ ուխտագնացությունից հետո էլ առիթ կունենա հանդիպելու Էդվարդին:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

02.03.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․