Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայրապետական կրթաթոշակին» արժանացած երեք ուսանողներին

Փետրվարի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների երեք ուսանողներին` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Երվանդ Մկրտչյանին, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Անի Գինոսյանին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Երեմյանին, ովքեր ուսման ընթացքում ցուցաբերած իրենց բարձր առաջադիմության համար օրեր առաջ արժանացել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Հայրապետական կրթաթոշակին»:

Առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին խրախուսելու նախաձեռնությունը Հայ Եկեղեցու և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հերթական քայլերից է:

Հանդիպմանը Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կրթաթոշակակիրներին: Այնուհետև իրենց սրտի ու երախտագիտության խոսքն ասացին ուսանողները` միաժամանակ Նորին Սրբությանը վստահեցնելով, որ Հայ Եկեղեցու հոգատար վերաբերմունքը պարտավորեցնող է և ավելիով նպաստելու է իրենց ուսումնառությանը:

Այնուհետև երիտասարդներին իր օրհնության ու գնահատանքի խոսքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով «Հայրապետական կրթաթոշակը»: Նորին Սրբությունը ուրախությամբ ողջունեց կրթության ոլորտում առաջադիմություն ցուցաբերած սաներին և վստահությամբ նշեց, որ լիահույս է` մրցանակակիր լինելը, լավագույն ուսանողի պատիվը կրելը պիտի քաջալերանք լինի, որպեսզի նրանք նույն ջանասիրությամբ շարունակեն գիտելիք ամբարել և իրենց մասնագիտական հմտություններով հետագայում մեծ օգտակարություն բերեն հանրությանը: Ամենայն Հայոց Հայրապետը նկատեց, որ այցը Մայր Աթոռ առիթ կհանդիսանա գեղեցիկ անդրադարձում կատարելու իրենց անձերին ու նպատակներին և կծառայի կամքի առավել զորացմանը` հնարավորություն ընձեռելով նաև հաղորդ դառնալու մեր պատմության փառավոր անցյալին:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու ՀՀ տարբեր կրթական հաստատությունների միջև ձևավորված սերտ կապերին և համատեղ ձեռնարկներին, որոնք դրական ներգործություն են ունենում ուսանողության ոգու և նկարագրի կերտման պատասխանատու առաքելության վրա:

09.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․