23 Դեկտեմբեր, Բշ
Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թևադրոս Բ-ին Լիբիայում ահաբեկիչների կողմից քսանմեկ ղպտի քրիստոնյաների սպանության կապակցությամբ:
Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել ղպտի քրիստոնյաներին, Եգիպտոսի ժողովրդին և սպանվածների ընտանիքներին:
Դատապարտելով իրականացված ոճրագործությունը` Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել միջազգային հանրությանը առավել ջանքեր գործադրել Միջին Արևելքում արդարության և համերաշխության հաստատման համար, որպեսզի բացառվեն բռնություններն այն շրջաններում, ուր քրիստոնյաներն ու մահմեդականները դարեր շարունակ ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ: