23 Դեկտեմբեր, Բշ
Դեկտեմբերի 9-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի արդյունքների ամփոփումը: Միջոցառումը օրհնությամբ բացեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը: Ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու աշակերտներ: Ողջունելով ներկաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես ասաց. «Այսօր հավաքվել ենք, որպեսզի ամփոփենք այն ծրագիրը, որը գործադրվեց ոչ վաղ անցյալում: Մեր գլխավոր նպատակը հայրենաշինության, հայրենսիրության, հայրենի գրականության և մշակույթի վերարթնացնումն է մեր երիտասարդների մեջ գրաբարի միջոցով: Մեր երիտասարդներից շատերը գալիս են եկեղեցի, լսում են գրաբարյան ծեսը, արարողությունն ու անհաղորդ են մնում դրանց: Իրենց ցանկությանն ընդառաջ գնալով՝ մենք այս ծրագիրը կյանքի կոչեցինք Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Երախտապարտ ենք մեր Վեհափառ Հայրապետին, ում օգնությամբ իրականացնում ենք այս ծրագիրը: Մենք նպատակ ունենք արդիականացնել գրաբարը, որպեսզի երիտասարդներն անհաղորդ չմնան մեր ժառանգությանը, որի առանցքը ոսկեդարն է: Արևի ճառագայթներով վառվեց ս. Մեսրոպ Մաշտոցը՝ զորակցությամբ ս. Սահակ Պարթև կարթողիկոսի և հզոր աջակցությամբ Վռամշապուհ թագավորի: Ահա այս հոգևոր և իմացական ժառանգությունը վերարթնացնելիս, մեջբերելով հայտնի խոսքը, խավարը հավերժ անիծելու փոխարեն ոչ միայն մեկ մոմ վառենք, այլ ամեն մեկս մեկ մոմ դառնանք և լուսավորենք: Գրաբար լեզվի հետ հաղորդակցվելու զգացողությունը հայրենասիրության, հայրենիքը զգալու, մեր գրական ժառանգության հետ կենդանի կերպով ընկալելու մի գործընթաց է, որով հայկականությունը վերարթնացած, վերածաղկյալ վիճակով կտարածենք երիտասարդների մեջ, ովքեր իրենց էությամբ կդառնան մեր գրական ժառանգության լուսավորիչներ: Այդպես բոլոր մարտահրավերները կկանխարգելենք և կունենաք այդ լուսավորության տարածման զինվորներ, ովքեր կանդամագրվեն այս առաքելությանը: Առաքելություն ենք կոչում, որովհետև հայրենաշինական իմաստ, ձև և բովանդակություն ունի: Եթե չլիներ ս. Մեսրոպը, նրան աջակցող ու սատարող ս. Սահակը և Վռամշապուհը, նրանց ոսկեդարյան աշակերտները ինչպե՞ս պիտի կարողանային այս լուսավորչական, հոգեմտավոր գործն իրականացնել մեր հայոց աշխարհի մեջ և ստեղծել որակական մի նոր բարձունք քրիստոսադրոշմ հոգեկերտվածքով: Դրա համար էլ մեկ հոգով, երկու հոգով, ուսուցիչների մի խմբով այդպիսի առաքելություն առաջ տանել չի լինի: Պետք է ամենը հավաքական անել, որպեսզի լույսը արեգակնային լինի, և ճառագայթները տարածվեն մեր երիտասարդների մտքի, հոգու և սրտի մեջ: Եվ նրանք կդառնան որակապես առավել ազնվացած հայեր և կկարողանան պատկանել այդ արժեքներին: Այդ արժեքները կրելով՝ դրանք կտարածեն իրենց ընտանիքներում, իրենց միջավայրից ներս, հայրենիքի մեջ: Մենք նպատակ ենք հետապնդում ոսկեդարյա ժառանգությունը վերարթնացնել նաև գրաբարի միջոցով, և գրաբարն արդիականացնելով՝ «մեռած» լեզվից ոչ թե վերածել խոսակցական լեզվի, ինչն անհնարին է, այլ «մեռած» լեզուն դարձնել հայրենի ժառանգության հետ կենդանի հաղորդակցվելու լեզու: Այսպես հայ երիտասարդները կկրեն այդ ժառանգությունը, և իրենց մեջ կվերածաղկի այն հզոր ներդրումը, որ կատարել են սուրբ հայրերը ոսկեդարում: Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ ծրագրին և՜ նյութապես, և՜ բարոյապես աջակցելու համար: Մեզ աջակցեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում այսօր ներկայացնում է Գայանե Սողոմոնյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ով նաև մեր թեմական խորհրդի ատենապետն է և Ծիրանի Մշակութային Հանգույցի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը: Վստահ ենք, որ կվերաարժևորվի և կվերածաղկի չմարող արեգակը մեր հոգևոր և իմացական անդաստանում»: Այս տարի առաջին անգամ Արարատյան Հայրապետական թեմն իրականացրեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը: Ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպվեց գրաբարի օլիմպիադա՝ գրավոր ու բանավոր փուլերով: Դպրոցներից ներկայացված հայտերով շուրջ 90 աշակերտ մասնակցեց օլիմպիադային: «Փյունիկ» հիմնադրամը լավագույն երեք աշակերտին և իրենց ուսուցիչներին պարգևատրեց համակարգիչներով ու պլանշետներով: Լավ արդյունք ցուցաբերած աշակերտներից 7-ը ստացան խրախուսական մրցանակներ: Ծրագրի շրջանակում Երևանի բազմաթիվ ավագ դպրոցներում կազմակերպվեցին միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, ուսուցիչների ու աշակերտների ջանքերով՝ գրաբարի տեսադասընթացների ցուցադրություններ: Գրաբարի ուսուցումն ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնելու համար դպրոցներին էր առաջարկվել Ծիրանի Մշակութային Հանգույցի պատրաստած www.grabar.am կայքը և ինը տեսադասերը, որոնք ստեղծվել են վեցամյա քրտնաջան աշխատանքի արդյունքում: Բացի մրցույթից ծրագրի մասնակից ուսուցիչների ու աշակերտների համար կազմակերպվելու է ուխտագնացություն, վերապատրաստում: ԱՀԹ «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի գրաբարի առաջին օլիմպիադայի ժամանակ հաղթող ճանաչվեցին՝ Ա տեղ Լիանա Պողոսյանը (Երևանի թիվ 97 ավագ դպրոց): Բ տեղ Սվետլանա Մարտիրոսյանը ( «Շ.Շահամիրյան» կրթահամալիր) : Գ տեղ Գալինա Հարությունյանը (Երևանի Գ. Էմինի անվ. թիվ 182 ավագ դպրոց): Պարգևատրվեցին նաև՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ Գայանե Սարգսյան (Երևանի թիվ 97 ավագ դպրոց): ՔԱՋԱԼԱՎ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ Սիրանուշ Առաքելյան ( «Շ.Շահամիրյան» կրթահամալիր) : ԼԱՎ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ Սիրարփի Դավթյան (Երևանի Գ. Էմինի անվ. թիվ 182 ավագ դպրոց): Խրախուսական մրցանակների արժանացան Էլեն Գևորգյանը (Երևանի թիվ 97 ավագ դպրոց) Նաիրա Հովհաննիսյանը (Երևանի թիվ 97 ավագ դպրոց) Ռուզաննա Առաքելյանը (Երևանի թիվ 118 ավագ դպրոց) Լիլիթ Բաբայանը (Երևանի թիվ 118 ավագ դպրոց) Մանե Դավթյանը (Երևանի թիվ 118 ավագ դպրոց) Անահիտ Մարտիրոսյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) Նորայր Ասատրյանը («Մխիթար սեբաստացի» կրթահամալիր) :
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին