4 Նոյեմբեր, Բշ
Դարեր ի վեր Քրիստոսի Մարմինը՝ եկեղեցին, աճում է ու զորանում Նրա Մարմինը կազմող այն նախանձախնդիր անդամների շնորհիվ, որոնք անտարբեր չեն Տիրոջ այն խոսքի հանդեպ, որ դարեր ի վեր հնչում է՝ սիրեցեք միմյանց (Հովհ. 13:34): Գործող սիրո, ուշադրության և հոգատարության շնորհիվ ներքին և արտաքին հալածանքներն ու փորձությունները չեն կարողացել խարխլել աստվածային սիրո վրա հիմնված եկեղեցին: Բոլոր ժամանակներում էլ բարի գործերին նախանձախնդիր անձինք բարի օրինակ են ծառայել իրենց միջավայրում՝ շատերի մոտ սեր արթանացնելով բարի գործերի հանդեպ: Ս. Հովհան Ոսկեբերանը նշել է, որ չկա բարիք, որ ծագած չլինի սիրուց. «Ամրացնենք սերը մեկս մյուսի հանդեպ, քանի որ «սերն է օրենքի լրումը» (Հռոմ. 13:10): Հարկավոր չեն ջանքեր, սխրանքներ, եթե սիրում ենք միմյանց, ապա դա այն ուղին է, որ առաջնորդում է մեզ դեպի առաքինություն: Ինչպես մեծ ճանապարհի դեպքում, ով գտնում է ճանապարհի սկիզբը, ապա ընթանում է դրանով՝ ուղեկցի կարիք չունենալով, այդպես էլ սիրո դեպքում, եթե որսաս նրա սկիզբը, ապա այն քեզ կառաջնորդի»:
Ապրիլի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Հակոբյան Լուսինեին (26 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ): Լուսինեն իր ամուսնու և երեք զավակների հետ բնակվում է Շահումյան 17 փ. 14 տ. հասցեում: Ընտանիքի միջնեկ զավակը՝ Լինան (5տ.), Դաունի համախտանիշ ունի: Արև Լինան մինչ կարանտինային շրջանը հաճախել է մանկապարտեզ, նա սիրում է նկարել, երաժշտություն լսել, հետաքրքրվում է կենդանական աշխարհով: Բազմազավակ ընտանիքի միակ աշխատողը՝ ընտանիքի հայրը, այժմ չի աշխատում: Լուսինեն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:
Կարինե Սուգիկյան