Այսօր շատ երկրներում ամուսնությունների մի մասն ավարտվում է ամուսնալուծությամբ: Արդյոք ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան խորհուրդը հնացե՞լ է: Գուցե ամուսնալուծությունների պատճառն այն է, որ ամուսնական կառույցն ինքնին թերի՞ է:
Աստվածաշնչյան խորհուրդները, պատգամներն ու պատվիրանները երբեք չեն հնանում: Նույնիսկ Քրիստոս, ով Նոր Կտակարանում նոր պատգամներ բերեց, ասաց, որ ոչ թե ջնջում է նախկին օրենքը, այլ լրացնում (Մատթ. 5.17): Հետևաբար, նաև ամուսնության պատգամը երբեք հնացած չէ: Ամուսնությունը հաստատվեց Աստծո կողմից դրախտում, երբ Ադամին իբրև օգնական տրվեց կինը (Ծննդ. 2.18), ով մեղսագործությունից հետո, ինչպես ասվում է Աստվածաշնչում, դրվեց մարդու իշխանության տակ (Ծննդ. 3.16): Այս իշխանությունը ծառայի և տիրոջ հարաբերություն չի ենթադրում, այլ խնամքի ու սիրո իշխանություն, որը և շեշտվում է սուրբ Պսակի խորհրդակատարության ժամանակ եկեղեցում պսակվող զույգին տրվող համապատասխան խրատներով ու հորդորներով: Ամուսնական կառույցը կամ ավելի ճիշտ ամուսնական միությունը, իբրև գաղափար, չի կարող թերի լինել, որովհետև հաստատվել է Աստծո կողմից, իսկ Աստված թերություններով չի գործում: Այս տեսակետից եթե նայենք, Աստված հաստատել է իրողություններ կամ տվել է պատվերներ, որոնք երկուսի են բաժանվում` ժամանակավոր և մնայուն: Ժամանակավորներից են, օրինակ, հրեական զոհաբերությունները, որոնք նախօրինակն էին Քրիստոսի զոհագործության և դադարեցին Քրիստոսով: Մինչդեռ ամուսնությունը Քրիստոս մեծապես պատվեց նաև Կանայի հարսանիքում Իր ներկայությամբ և հարսանիքի ժամանակ կատարած Իր առաջին հրաշագործությամբ` ջուրը գինու փոխելով (Հովհ. 2.1-11): Մենք կարող ենք ասել, որ ամուսնական միությունը թերի է լինում ամուսնական զույգի գործողության մեջ, ովքեր ոչ լրիվ պատասխանատվությամբ կամ նվազ կարևորության գիտակցությամբ են մոտենում ամուսնությանը, և խախուտ հիմքի վրա է դրվում նրանց ընտանիքը:
Ամուսնալուծությունների պատճառը կարող է լինել նաև սիրո բացակայությունը: Խոսքը ճշմարիտ սիրո մասին է, որի վերաբերյալ գուցե մակերեսային պատկերացում ունեն ամուսնացող երիտասարդները: Հետևաբար, նախքան ամուսնությունը պետք է լավ մտածել և անհրաժեշտ գիտելիքներ ունենալ նաև սիրո, սեր զգացմունքի, Քրիստոսի կողմից պատվիրված սիրո մասին` Ավետարանի ընթերցանությամբ, հոգևորականների խորհրդատվությամբ, համապատասխան գիտելիքներ ձեռք բերելով: Հետաքրքրական է, որ եկեղեցական կանոնագրքում ամուսնության պարագայում կարևոր է նկատվում ոչ միայն ամուսնացող զույգի փոխադարձ հավանությունն ու համաձայնությունը, այլև նրանց ծնողների, որովհետև սիրող ծնողներն իրենց փորձառությամբ կարող են ճիշտ ճանապարհի վրա դնել երեխաներին:
Ամուսնալուծությունների պատճառ կարող է լինել նաև հետևյալը. տարիների համատեղ կյանքի ընթացքում ամուսինները նկատում են, որ իրենց կողակիցներն այն անձերը չեն այլևս, որին հանդիպել են ամուսնության սկզբին: Ֆրանսիացի մեծ գիտնական, նաև մեծագույն քրիստոնեական գրող Բլեզ Պասկալն իր հոգեշահ «Խոհեր» աշխատության մեջ այն ճշմարիտ դիտարկումն է արձանագրում, որ մարդը տասը տարի անց բոլորովին մեկ այլ անձնավորություն է: Սա բոլորն էլ պետք է հասկանան, քանի որ մարդը մեծանում է, փոխվում, զարգանում, լցվում նոր իմացությամբ ու մտքերով: Եվ սա պետք է հասկանան հատկապես ամուսնացող երիտասարդները: Ամուսնալուծության հոգեբանական պատճառ կարող է լինել նաև հանրահայտ հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի դիտարկումը, ըստ որի` ամուսնությունից հետո չկան այն սուր, արկածային, հետաքրքիր զգացումները, որոնք կապված են սիրահարների ժամադրությունների, միմյանց սպասելու, բաժանումից հետո վերստին տեսնվելու, կարոտի հետ: Դրա համար ամուսնության հիմքը պետք է դրվի ոչ միայն սիրո, այլև վճռականության վրա` ամուր պահելու ընտանիքը, և ինչպես պսակի արարողության խրատում է ասվում, դժվարությունների ժամանակ միմյանց նեցուկ և օգնական լինելու:
Ամուսնությունը կարո՞ղ է կամ պե՞տք է հարատև լինի:
Ամուսնությունը ողջ կյանքի համար է: Ամուսնացող զույգին քահանան հարցեր է ուղղում: Փեսային հարցնում է` մինչև մահ տե՞ր ես, հարսին` մինչև մահ տեր և հնազա՞նդ ես: Սա նշանակում է, որ ընտանիք կազմող զույգը միասին պիտի լինի մինչև մահ: Պողոս առաքյալն ամուսնության մասին խոսում է աստվածաբանորեն՝ այն վեհացնելով և բարձրացնելով անգամ մինչև Քրիստոսի ու Եկեղեցու խորհուրդին հավասար, համեմատելով Քրիստոսի և Եկեղեցու միավորության հետ (Եփ. 5.32): Առաքյալն ամուսիններին ասում է. «Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց Եկեղեցին և Իր անձը մատնեց նրա համար» (Եփ. 5.25): Այսինքն` սիրո մեջ անձնազոհության խորհուրդն է դնում: Քրիստոս ամուսնության մասին խրատում է և ասում. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19.6, Մարկ. 10.9): Բաժանման համար Քրիստոս միայն մեկ դեպք է նշում` անառակության, ամուսնական անհավատարմության պատճառը (Մատթ. 19.9, Մարկ. 10.10): Եկեղեցական կանոնները միայն մի քանի դեպքեր են հավելում ամուսնալուծության համար` երբ ամուսիններից մեկը յոթ տարի բացակայում է, երբ անբուժելի հիվանդություն կա: Լեռան քարոզում Քրիստոս խոսում է շնության մասին` անդրադառնալով այդ մեղքին նախ ամուսնական կյանքից դուրս, ապա` ամուսնական կյանքից ներս: Քրիստոսի խոսքն է. «Ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում» (Մատթ. 5.28): Նաև ասում է, «Ամեն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, նա՛ է, որ նրան շնության է մղում. և ով որ արձակվածին է առնում, շնանում է», «Ով իր կնոջն արձակում է, և դա պոռնկության պատճառով չէ, և ուրիշին է առնում, շնանում է. շնանում է և նա, ով արձակվածին է առնում» (Մատթ. 5.32, 19.9):
Սակայն ինչպե՞ս է, որ Եկեղեցին նաև այլ դեպքեր նախատեսեց ամուսնալուծության համար: Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի` բացատրությունն այն է, որ Քրիստոս արգելեց մարդու անհատական կամքով կնոջ արձակումը և երբեք դեմ չկանգնեց օրենսդրական կարգով ամուսնության լուծարմանը: Այսինքն` Քրիստոս մերժում էր մարդու անհատական քմահաճույքը կամ ցանկությունը նման հարցերում: Հետևաբար, ամուսնությունը պետք է ողջ կյանքի համար լինի, և բաժանում կատարվի միայն խիստ բացառիկ դեպքերում, քանի որ ամուսիններն արդեն պետք է նկատի ունենան ոչ միայն իրենց, այլև իրենց երեխաներին, որոնց վրա խիստ բացասական է անդրադառնում ծնողների բաժանումը և միայն մեկ ծնողի կողմից դաստիարակվելը:
Ասում են` ամուսնությունը հաջողվում է, երբ կողակիցներից յուրաքանչյուրն ավելի շատ մտածում է տալու, քան ստանալու մասին: Եվ, անկասկած, խնդիրներ կլինեն, եթե ամուսիններից միայն մեկը ջանա այդ ուղղությամբ: Իսկ, ընդհանրապես, ո՞րն է հաջողակ ամուսնության գաղտնիքը:
Հաջողակ ամուսնության գրավականը սերն է: Ճիշտ է, որ կողակիցներից յուրաքանչյուրը պետք է ավելի շատ մտածի տալու, քան ստանալու մասին, քանի որ ճշմարիտ սիրո հատկությունն է այս: Հետաքրքրական է, որ հունարեն լեզուն մի քանի բառեր ունի սեր հասկացությունն արտահայտելու համար: Հայերեն լեզվում այս տարբերակումը չունենք, և երբեմն դժվար է հասկանալ, թե ինչ սիրո մասին է խոսքը: Մինչդեռ հունարենը լավագույն պատկերացումն է տալիս այս պարագայում: Հունարենում սեր գաղափարն արտահայտվում է մի քանի բառերով` էրոս, ֆիլոս, ագապե, ստրոգե: Գրողների և փիլիսոփաների մոտ սրանց մանրամասն բացատրություններն են հանդիպում: Սակայն այժմ համառոտ անդրադառնանք դրանց նշանակություններին: Էրոսն այն սերն է, որով մարդն ուրիշի մեջ իր համար հաճույք է փնտրում: Այստեղ ավելի շատ գերակշռում է եսասիրությունը: Ֆիլոսը սեր է բարի իրողությունների հանդեպ: Ագապեն այն սերն է, որով մարդ ավելի շատ ցանկանում է տալ իր սիրած էակին` երջանկացնելու համար: Ստրոգեն ընտանեկան, բարեկամական սերն է: Ճշմարիտ սերն ուրիշին երջանկացնելու, ուրախություն ու բերկրանք պարգևելու մեջ է, և եթե այս սիրո վրա է հիմնված ամուսնությունը, ապա այն հաստատուն և ամուր կլինի, կդիմանա փորձություններին ու դժվարություններին և հաղթանակներ ու ձեռքբերումներ կունենա: Սա է նաև այն ամուր վեմը, ըստ ավետարանական առակի, որի վրա կառուցվում է ընտանեկան ամուր տունը, և անձրևներ, գետեր, հողմեր, այսինքն` տարբեր փորձություններ ի զորու չեն այն քանդելու և կործանելու (Մատթ. 7.24-25, Ղուկ. 6.47-48):
Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ:
Երբ Աստված ստեղծեց կնոջը, Ադամը, տեսնելով նրան, մարգարեացավ և ասաց. «Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը, պետք է կնոջը միանա, և երկուսը պետք է լինեն մեկ մարմին» (Ծննդ. 2.24): Այս խոսքերը կրկնեց նաև Քրիստոս Նոր Կտակարանում (Մարկ. 10.7-8): Ուրեմն, երկուսի միավորությունը, միաբանությունը, փոխհամաձայնությունն ամուսնության պահպանության և ամրության երաշխիքներից են: Հորն ու մորը թողնելու աստվածաշնչյան խոսքը թող չտխրեցնի ծնողներին, որովհետև սա չի նշանակում սիրելի ծնողներից հրաժարում, այլ ծնողական ընտանիքի հովանուց դուրս գալու և նոր ընտանիք ստեղծելու իրողություն: Հիշենք, որ Աստված տասը պատվիրանների մեջ հրահանգում է պատվել հորն ու մորը (Ելք 20.12), և Պողոս առաքյալն այս պատվիրանի մասին ասում է, որ սա Աստծո կողմից խոստումով տրված առաջին պատվիրանն է (Եփ. 6.2-3): Պատվիրանն այսպես է. «Պատվի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես»: Ուրեմն, երկար ապրելու, երկրային երկար կյանք ունենալու գրավականներից մեկը ծնողներին պատվելն է: Սուրբ Գրիգոր Տաթևացին նշում է, որ հորն ու մորը թողնելն ու կնոջ ետևից գնալը վերաբերում է հարսանիքին, երբ փեսան գնում է հարսի ետևից:
Պողոս առաքյալը եփեսացիներին ուղղված թղթի 5-րդ գլխում՝ «Ընտանեկան նոր հարաբերություններ» ենթավերնագրի ներքո, հորդորում է. «Ինչպես Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում: Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և Իր անձը մատնեց նրա համար» (24-25): Առաքյալի այս ուսուցման մեջ արդեն իսկ Եկեղեցու և Քրիստոսի փոխհարաբերության համեմատությունից պարզ է դառնում, որ այստեղ ստրկական հնազանդության մասին չէ խոսքը, մանավանդ, որ տղամարդկանց խորհուրդ է տրվում անձնազոհության չափ սիրել կանանց: Այստեղ հնազանդության ու անձնազոհության գաղափարները ներկայացված են հոգևոր իմաստով` միմյանց հետ միշտ ներդաշնակ լինելու, խաղաղություն պահպանելու, միմյանց խնամելու: Այսօրվա ընտանիքներում թերևս հաճախ դժվար է լինում այս ներդաշնակությունն ու խաղաղությունը պահպանելը, որովհետև երիտասարդներն այլևս ձգտում են ծնողներից առանձին ապրելու, և այդ պարագայում, երբ կողմնակի հսկող աչք չի լինում նրանց հարաբերությունների, երբեմն դժգոհությունն արտահայտելու ձևերի վրա, կանայք չեն կարողանում լռել, ավելորդ խոսքեր են ասում, ամուսիններն ավելորդ զայրույթ են ցուցաբերում: Եկեղեցի հաճախելը մարդուն հոգևոր խաղաղություն է բերում, մտքերին` հանգստություն և անդորրություն: Ընտանեկան հարկի ներքո խաղաղության ու սիրո պահպանության համար է նաև կարևոր ընտանիքների հաճախելը եկեղեցի, որով ամուսինները պարբերաբար կհիշեն իրենց ուխտը եկեղեցում, միմյանց սիրելու և նվիրվելու տերունական ու առաքելական պատվիրանները:
Ամուսնալուծությունը մե՞ղք է:
Այս հարցին պատասխանելուց առաջ նախ կցանկանայի անդրադառնալ ամուսնության նպատակին: Երբ Աստված ստեղծեց տղամարդուն ու կնոջը, ասաց. «Աճեցե՛ք, բազամցե՛ք, լցրե՛ք երկիրը» (Ծննդ. 1.28): Մինչդեռ Նոր Կտակարանում առաքյալն ասում է. «Լավ է տղամարդու համար կին արարածին չմերձենալ: Բայց չպոռնկանալու համար յուրաքանչյուր մարդ թող իր կինը ունենա, և ամեն կին` իր մարդը» (Ա Կորնթ. 7.1-2): Տեսնում ենք, որ մարդկության ստեղծումից հետո ամուսնության նպատակը եղել է սիրով միմյանց հետ ապրելը, իրար օգնելը և որդեծնությունը. վերջինիս վկայությունն է «աճեցեք և բազմացեք» խոսքը: Մինչդեռ Նոր Կտակարանի ժամանակներում ամուսնության նպատակը անառակությունից խուսափելն է: Սա ցույց է տալիս մարդկության բարոյական անկումը, որը պետք է վերելք ապրեր Ավետարանի քարոզությամբ: Երբ մարդիկ ամուսնանում են ամուսնության վերաբերյալ պարզագույն պատկերացումներով, առավել չափով մարմնական և ոչ մտքի, սրտի ու հոգու մերձավորության ու միության ձգտումներով, ապա այս դեպքում ընտանիքը կանգնում է ամուսնալուծության վտանգի առջև: Ամուսնալուծությունը մեղք է այն իմաստով, որ աստվածահաճո չէ, հակառակ է Քրիստոսի պատվիրանին, Եկեղեցու կանոններին: Դրա համար մարդիկ ամեն ինչ պետք է անեն` փրկելու իրենց ամուսնությունը: Այստեղ նաև եկեղեցականները մեծ աշխատանք ունեն մինչ ամուսնությունը քարոզչական գործունեությամբ ընտանիք կազմելու մտադրություն ունեցողներին բացատրելու, լուսաբանելու, Աստծո կամքը սովորեցնելու:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամեն տարի Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին քահանայից հավաք է լինում, որոնցից մեկի ընթացքում, ընդգծելով Եկեղեցու պատասխանատվությունը ընտանիքների ամրության և հոգևոր խնամքի գործում, հրամայական նկատվեց շարունակել զորացնել ընտանիքների կապը Եկեղեցու հետ, հոգևոր-դաստիարակչական աշխատանք տանել ընտանիք կազմելու որոշում կայացրած անձանց հետ նախաամուսնական և ետամուսնական շրջանում, որպեսզի ամուսնացյալներն ամենայն լրջությամբ գիտակցեն մշտական միության, անշահախնդիր սիրո, միմյանց սատարումի և հոգատարության առ Աստված իրենց ուխտի մեծ կարևորությունը: Ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվում են քահանայից հավաքներ, որոնց ընթացքում քննարկվում են Եկեղեցուն, հավատացյալ ժողովրդին հուզող խնդիրներ:
Ի՞նչն է ազդում ամուսնական փոխհարաբերությունների վրա, և ի՞նչ կարող է անել ամուսնական զույգը` դրանք բարելավելու համար:
Ամուսնական փոխհարաբերությունների վրա ազդում է և՛ ժամանակը, և՛ տարիների ընթացքում ամուսինների փոխվելն ըստ տարիքի, երեխաների համար հոգալը, երբեմն պատահող նեղություններն ու դժվարությունները: Այսինքն` ընտանիքը քարացած իր չէ, այլ ապրող և շնչող, զարգացող և աճող հաստատություն, և այն անընդհատ փոխվում է: Սա հանգամանք է, որի հետ պետք է հաշվի նստել: Տարիների իրադարձությունները, ընտանեկան կյանքի հետ կապված տարբեր զգացումներն ու ապրումները հաճախ ծածկում են ամուսնական զույգի առաջին հիշողությունները, որոնք սովորաբար լինում են ջերմ ու նվիրական: Միշտ պետք է կարողանալ ժամանակի հեռավորությունից պարբերաբար տեսնել այն պահը, որը սրտի ջերմագին զգացմունքով կարծես թե ի վերուստ տրված հայտնություն եղավ` միմյանց հետ կյանքը կապելու և միասնական ճանապարհով ընթանալու, զավակներ ունենալու, սերունդներ դաստիարակելու: Փոխադարձ զիջողականությունը և փոխըմբռնողությունն այն սյուներն են, որոնց վրա հաստատվում է ընտանեկան կայունությունը, միասին ապրելու վճռականությունը, միմյանց հաջողություններով ու ձեռքբերումներով ուրախանալու կարողությունը: Յուրաքանչյուր պահի, անգամ զայրույթի ու դժգոհության ժամանակ, որոնք լինում են ընտանիքներում, պետք է տեսնել սիրո այն լույսը, որը երբեմն բացասական պահերին թաքնվում է, ինչպես որ անձրևոտ եղանակին արևը` ամպերի ետևում:
Աստվածաշունչը բազմաթիվ տեղեկություններ է պարունակում ընտանիքում գործող գլխավորության վերաբերյալ: Այսօր այդ բացատրությունները չե՞ն կորցրել իրենց արդիականությունը:
Աստվածաշնչի Ծննդոց գրքի ընթերցանությունից իմանում ենք, որ նախքան մեղսագործությունը դրախտում կինը տրվեց մարդուն` որպես նրա օգնական (Ծննդ. 2.18), իսկ կնոջ պատճառով ու մարդու համաձայնությամբ մեղսագործությունից` Աստծո կամքին չհնազանդվելուց հետո կինը դրվեց տղամարդու գլխավորության ներքո (Ծննդ. 3.16): Հետևաբար, այս գլխավորությունը հաստատված է Աստծո կողմից, որի բացատրությունը տալիս է Պողոս առաքյալն արդեն Նոր Կտակարանում: Քրիստոսի և Եկեղեցու միավորության հետ ամուսնության համեմատությամբ (Եփ. 5.32) արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ ամուսնության պարագայում խոսքն իշխանաբար գլխավորության կամ տիրոջ ու ծառայի հարաբերության մասին չէ: Բացի դրանից, նաև Քրիստոս, առաքյալներին խրատելով, բացատրեց, թե ինչպես պետք է գլխավոր և առաջին լինել: Երբ առաքյալները վիճում էին, թե իրենցից ով է մեծը, Քրիստոս ասաց. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ. 9.34): Քրիստոս նաև Իր մասին ասաց, որ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28, Մարկ. 10.45): Ուրեմն, հատկանշական բացատրությամբ ու նաև Իր օրինակով Քրիստոս ցույց տվեց, որ հոգատարությամբ խնամելու, ծառայություն մատուցելու մեջ է կայանում իրական գլխավորությունը, քանզի միայն այդ դեպքում խնամակալն ու սիրողը դրվում է մարդու համար առաջին տեղում ոչ թե օրենքի կամ սովորույթի ուժով, այլ սրտի երախտագիտության ու ջերմ զգացմունքով: Հատկանշական է, որ սուրբ պսակի արարողության ժամանակ քահանան պսակվողներին հարցնում է. փեսային` խոստանու՞մ ես մինչև մահ տեր և պաշտպան լինել, իսկ հարսնացուին` խոստանու՞մ ես մինչև մահ տեր և հնազանդ լինել: Ուրեմն երկուսին էլ տրվում է տեր լինելու պատիվը, իսկ հնազանդությունը հասկացվում է քրիստոսաբանական ու եկեղեցաբանական իմաստով` Քրիստոսի և Եկեղեցու հարաբերության նշանակությամբ: Պողոս առաքյալն ասում է, որ այլևս խտրություն չկա արուի և էգի միջև, այլևս բոլորը մեկ են ի Քրիստոս (Գաղ. 3.28): Առաքյալի ասածն այսօրվա ֆեմինիզմի ջատագովություն կամ ֆեմինիստական հայտարարություն չէ, այլ հին աշխարհում իշխող ստորակարգության և հատկապես կնոջ նկատմամբ հեթանոսական վերաբերմունքների դադարեցում: Իսկ ընդհանրապես կինը և տղամարդը չեն կարող հավասար լինել, որովհետև կան բաներ, որ տղամարդը չի կարող անել կնոջ փոխարեն, և ոչ էլ կինը` տղամարդու փոխարեն: Կինը նույնիսկ կարելի է ասել առավել է տղամարդուց որդեծնության իր կարողությամբ, և Աստվածաշունչն է հրահանգում պատվել կնոջը` որպես կյանքի շնորհի ժառանգակիցների (Ա Պետր. 3.7):
Շատ կանայք և տղամարդիկ միասին են ապրում առանց այսօր ընդունված պաշտոնապես գրանցվելու կամ եկեղեցում պսակվելու, որպեսզի որոշեն հետագայում միասին ապրելու համատեղելիությունը: Ընդունելի՞ է նման մտածելակերպը:
Քրիստոնեության վաղ շրջանում քրիստոնյաներն ամուսնական միություն են հաստատել առանց Սուրբ Պսակի արարողության, որը հետագայում է կանոնակարգվել: Հայ Եկեղեցին առաջինն է, որ հաստատել է ամուսնության համար պսակի արարողության կարևորությունը 444 թ. Շահապիվանի ժողովում, մինչդեռ այլ եկեղեցիներում մինչև 19-րդ դարը քրիստոնյաներն ամուսնանում էին առանց պսակի արարողության, որը վերապահված էր ազնվականների, իշխանների ընտանիքներին: Սակայն քրիստոնյաների միությունը լինում էր ամուսնացողների առ Աստված աղոթքով, Տիրոջ օրհնության հայցով, բարեպաշտության զգացումով: Եկեղեցին կարևորում է սուրբ Պսակի արարողությունը, որպեսզի այսօրվա քրիստոնյաներն սկսեն իրենց միությունն Աստծո օրհնությամբ, հավատքով, Աստծո առջև ուխտադրությամբ, որը կարող են անտեսել` Եկեղեցուց դուրս լինելով: Չենք կարող ասել, որ այսօր առանց եկեղեցում պսակվելու միասին ապրողները բարեպաշտության զգացումներով և հավատքով են առաջնորդվում: Երբեմն առանց պետական գրանցման և եկեղեցում պսակվելու ամուսնանում են` իբրև թե նյութական ծախսերից խուսափելու համար: Սակայն առանց Աստծո օրհնության Աստծո կողմից իսկ հաստատված ամուսնությունը կամ զույգերի միավորությունը շատ փորձությունների կարող է չդիմանալ: Իհարկե, խոսքը չի վերաբերում այն ամուսիններին, ովքեր ամուսնացել են խորհրդային հասարակարգի ժամանակաշրջանում, երբ հաճախ նաև արգելվում էր եկեղեցի հաճախելը: Սակայն ներկայումս, երբ մեր հավատքը դավանելու ազատությունն ունենք, չպետք է անտեսենք Աստծո օրհնության կարևորությունը կյանքի համար այնպիսի կարևոր իրողության մեջ, որպիսին ամուսնությունն է:
Տեր Ադամ քհն. Մակարյան