Մեծ ուշադրություն է հարկավոր: Անպարկեշտ ու անուշադիր վարքը խոչընդոտ է աստվածային շնորհի համար: Մարդկանց նկատմամբ հարգանքի բացակայությունն ամենամեծ խոչընդոտն է, որպեսզի աստվածային շնորհը մոտենա մարդուն: Որքան ավելի մեծ հարգանք են երեխաներն ունենում ծնողների, ուսուցիչների և ընդհանրապես ավագների նկատմամբ, այնքան ավելի մեծ շնորհ են ընդունում: Որքան նրանք անպարկեշտ ու անհնազանդ են, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից: Աշխարհիկ ազատությունը ոչ միայն ակնածանքն է վռնդել, այլ նույնիսկ՝ աշխարհիկ տարրական քաղաքավարությունը: Որոշ երեխաներ առանց ամաչելու գոչում են իրենց հորը. «Հե՜յ, հայրի՛կ, ծխախոտ ունե՞ս, թե չէ իմը վերջացել է»: Մի՞թե առաջ նման բան կլսեիր: Եթե նույնիսկ դեռահասը ծխում էր, ապա թաքուն էր անում դա: Իսկ այժմ սովորական բան է: Դե այդքանից հետո երեխաներն ինչպե՞ս վերջնականապես չզրկվեն աստվածային շնորհից: Հիմա աղջիկներն իրենց հոր և մոր ներկայությամբ ամենափողոցային խոսքերով անպատվում են իրենց եղբայրներին նրա համար, որ վերջիններս եկեղեցի են գնում, իսկ հայրը միայն լռում է: Մազերս բիզ-բիզ կանգնեցին, երբ լսեցի այդ մասին: Հետո, երբ մենակ մնացի, նույնիսկ սկսեցի ինքս ինձ հետ խոսել:
Աշխարհիկ միջավայրը և աշխարհիկ ծնողները կործանում են երեխաներին: Միջավայրը մեծ ազդեցություն է գործում երեխաների վրա: Քիչ են այն երեխաները, որոնք համեստություն և նախանձախնդրություն ունեն: Չարացած, դաժան երեխաների մեծամասնությունն այդպիսին է դառնում, որովհետև անամոթաբար է իրեն պահում: Շատ ծնողներ իրենց երեխաներին ինձ մոտ են բերում և ասում. «Հա՛յր, երեխայիս մեջ դև կա»: Իսկ ես տեսնում եմ, որ չկա: Աստված հեռու պահի: Իրենց մեջ դև ունեցող երեխաները շատ չեն: Մնացյալը դրսից են ենթարկվում դիվական ազդեցության: Այսինքն հենց երեխաների մեջ դև չկա, սակայն նա դրսից է ղեկավարում նրանց: Սակայն նա իր գործը դրսից գործելիս էլ է անում: Իսկ ինչի՞ց է այդ ամենը սկսվում: Անամոթությունից: Ավագների հետ անամոթաբար խոսելով, երեխաներն Աստծո շնորհը վանում են իրենցից: Իսկ երբ Աստծո շնորհը հեռանում է՝ դևերն են գալիս և երեխաները կատաղում են, սանձարձակություններ անում: Եվ հակառակը՝ երեխաները, որոնք ակնածանք ու հարգանք ունեն, ենթարկվում են ծնողներին, ուսուցիչներին և ավագներին՝ անդադար ընդունում են Աստծո շնորհը: Աստծո օրհնությունը մնում է նման երեխաների վրա: Աստծո շնորհը տարածվելով՝ ծածկում է նրանց: Առ Աստված ունեցած մեծ երկյուղածությունը, ավագների նկատմամբ տածած մեծ հարգանքի հետ միասին, աստվածային մեծ շնորհ է բերում երեխաների հոգիների մեջ և դրանք այն աստիճան լցնում շնորհով, որ շնորհի աստվածային փայլը նրանց ակնառու է դարձնում այլոց համար: Աստծո շնորհը փոքրիկ խռովարարների և անկարգների մոտ չի գնում, այն գնում է նախանձախնդիր, խոհեմ, ակնածալից երեխաների մոտ: Հարգանք ու երկյուղածություն ունեցող երեխաները երևում են: Նրանց աչքերը փայլում են: Եվ որքան ավելի են հարգանք ունենում ծնողների և ընդհանրապես՝ ավագների նկատմամբ, այնքան ավելի մեծ շնորհ են ստանում: Որքան նրանք անպարկեշտ ու անհնազանդ են, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից:
Երեխան, որն ուրիշներից պահանջներ ունի, երեխան, որին ոչնչով չես գոհացնի՝ մեկ սա այսպես չէ, մեկ այն՝ այնպես, կվերածվի խռովարարի, կվերածվի սատանայի: Քանի որ Արուսյակն էլ ցանկացավ իր գահն Աստծո Գահից վեր դնել: Տեսե՛ք՝ բոլոր երեխաները, որոնց քմահաճույքները ծնողները կատարում են, փոքրիկ խռովարարներ են դառնում: Եվ եթե երեխաները չապաշխարեն, որպեսզի ազատվեն իրենց փոթորկող այդ չար ալիքից, եթե շարունակեն իրենց անամոթաբար պահել, ապա Աստված հեռու պահի՝ Աստծո շնորհը նրանց կրկնակի է թողնում: Եվ նրանք նույնիսկ այնտեղ են հասնում, որ Աստծո մասին էլ են անհարգալից խոսում, ինչից հետո արդեն չար ոգիներն են նրանց ղեկավարում:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի