Անառակի կիրակի

Անառակի կիրակի | Anaraki Kiraki

Փնտրեցե՛ք Տիրոջը և, երբ գտնեք, կանչեցե՛ք նրան. երբ նա ձեզ մոտենա, ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի (Եսայի 55։6, 7)։

Սիրելի՛ եղբայրակիցներ ի Տեր Հիսուս Քրիստոս,

Մեր Երկնավոր Հոր ողորմությամբ թևակոխեցինք Մեծ պահքի օրհնաբեր շրջան և այսօր հիշում ենք մարդացյալ Քրիստոսի պատմած ամենասրտառուչ առակներից մեկը՝ «Անառակ որդու առակը»։

Ժուժկալ կյանքին անսովոր մարդն անշուշտ դժվարանում է պահեցողությանը հետևելիս։ Զանազան ու համադամ կերակուրների սովոր քիմքն ըմբոստանում է տեսականու սակավությունից, հարմարավետության սովոր մարմինը՝ չնչին անհարմարությունից։ Զգայարանները պահանջում են շարունակել շվայտ կյանքը։ Միտքը արդարացումներ է փնտրում մեր թուլամորթության ու հոգևոր ծուլության համար։ Չարը հուշում է՝ խղճա քեզ, դու թույլ ես ու տկար, և միայն հոգին է, որ ուրախանում է իր Արարչին առավել մոտենալու հնարավորությունից։ Աղոթքով, ապաշխարությամբ ու բարեգործությամբ ապրելու այս շնորհառատ շրջանը վախեցնում է շատերիս, քանի որ մարմնավոր փոքրիկ զրկանքների հետևում չենք տեսնում մեծ հոգևոր ուրախությունը։ Չենք տեսնում աստվածնմանության բերկրանքը, Ամենակարողի զորությունը զգալու երանությունը, որովհետև դեռևս ամուր կառչած ենք երկրին։ Երկնային Հոր սիրելի պատկերը դեռևս այնքան վառ չէ մեր սրտում, որպեսզի սնվենք Նրանով ու երջանիկ լինենք։ Տունդարձի դեռ սկզբում և կեսճանապարհին ենք հավանաբար, այդ պատճառով էլ անորոշության վախ ու թերամտության կասկած կա մեր սրտում։ Մեր հոգու աչքերը դեռ չեն հանդիպել մեր վերադարձին սպասող Հոր անհուն բարությամբ ու սիրով լի աչքերին։ Կրքերից կոպտացած մեր հոգին դեռ չի զգացել հայրական գրկի ջերմությունն ու ապահովությունը, ուստի և չի շտապում։ Իսկ ոմանք էլ դեռ օտար հողում են ու կարծեցյալ ազատության մեջ խոզերի կաղինն են փնտրում՝ որովայնը լցնելու համար և սուրբ Ղուկաս ավետարանչի խոսքով՝ դեռ խելքի չեն եկել՝ գիտակցելու, որ իրական, ապրեցնող ազատությունն ու կյանքը սիրող Հոր տանն է միայն։

Ռեմարկի հերոսներից մեկը, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ստիպված էր անընդհատ փախչել ու թաքնվել նացիստների հետապնդումից, ուրիշ մայրցամաքում հայտնվելով անգամ, գիշերները շարունակ վեր է թռչում մղձավանջներից ու իրեն հանգստացնելու համար անընդհատ կրկնում է․ «Ես փախել եմ։ Ես ազատ եմ, ազատ եմ, ազատ եմ»։ Նախ մտքում է կրկնում այդ «ազատ եմ»-ը, հետո արդեն բարձրաձայն և հաստատակամորեն կրկնում է այնքան ժամանակ, մինչև որ հանդարտվում է։ Ազատ կամքով ստեղծված մարդու համար, որին Արարիչ Աստված անգամ չի կարող փրկել նրա կամքից անկախ, անազատությունը ամենասարսափելի վիճակներից մեկն

է։ Եվ ողբալի է այն մարդու վիճակը, որը գտնվում է մահացու մեղքերի ու կրքերի գերության մեջ՝ չարի տիրապետության ներքո ու չի գիտակցում, որ դա է իրական անազատությունը։ Տանջվում է, տրտնջում, զգում է, որ ինչ որ բան սխալ է, բայց չի տեսնում այն թակարդը, այն վանդակը, որի պատերից ներս է փորձում կառուցել իր ազատությունը։

«Անառակ որդու առակը» ես շատ եմ սիրում, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ այն ինձ համար բացահայտում է Աստծու՝ Սիրող Հոր կերպարը և Նրա դերը յուրաքանչյուրիս դարձի ընթացքին։ Այն պարզորոշ գծում է մարդու մեղսագործության ուրվագիծը և հստակ ցույց տալիս ապաշխարության ուղին։ Եվ աչք ու ականջ ունեցողը ուրախությամբ է ընդունում Տեր Հիսուս Քրիստոսի այս հրաշալի առակը, որովհետև այնտեղ տեսնում է ոչ միայն մեղսագործ իրեն, այլև ապաշխարող ու փրկության ուղին բռնած իրեն։ Եվ սա իսկապես շատ է հուսադրում ու զորացնում փորձություններով լի այս կյանքում։ Մենք իսկապես տեսնում ենք, որ մարդկության ողջ պատմությունը՝ կազմված յուրաքանչյուրի անհատական օրինակից, մի համառ փորձ է երջանիկ կյանք կառուցելու առանց Աստծու մասնակցության։ «Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»,- ասում ենք մեր արարքներով՝ մսխելով Երկնավոր Հորից ստացած մեր ժառանգությունը՝ առողջությունը, ուժը, երիտասարդությունը, խելքը, ժամանակը․․․ Եվ դա հատկապես սարսափելի է Աստծու արարչագործության պսակ հանդիսացող մարդու պարագայում, քանի որ նրա համար բոլորովին այլ կյանք էր նախասահմանված։ Ժամանակին որդիության պատիվը կրող և անմահության համար արարված մարդն ապրում է հոգևոր ցնցոտիների, սովի ու թշվառության մեջ և գնում դեպի կործանում, սակայն Հայրը չէ, որ պատժել է նրան․ նա ինքն է պատժել իրեն, և դա յուրաքանչյուրիս ազատ ընտրությունն է։ Ինչպես Սողոմոն Իմաստունն է ասում․ «Աստված մահ չի ստեղծել, և նա չի ուրախանում ողջերի կորստյան համար» (1։13)։ Այլ դուք «Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի՛ ցանկացեք և մի՛ սպանեք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով» (1։12)։

Այո՛, մենք հրաժարվել ենք Հորից՝ արհամարհելով Նրա կամքն ու անտեսելով պատվիրանները, կոխոտել մեր որդիական պատիվը՝ տրվելով չարի ազդեցությանն ու մտնելով նրա տիրապետության ներքո, մենք քամուն ենք տվել մեր ժառանգությունն ու գլորվել հնարավորինս ցած՝ մեր բարք ու վարքով, գործունեությամբ ու մտածելակերպով դառնալով օտարի դռան խոզարած, բայց դա ոչ մի դեպքում չի փակել մեզ սիրող Հոր սիրտն ու Նրա տան դուռը մեր առջև։ «Տերը ոտքի է կանգնեցնում գլորվածներին»,- ասվում է Սաղմոսներում (145։8)։ Հարկավոր է միայն խելքի գալ, սիրելինե՛ր։ Հարկավոր է, որ զեխ կյանքին սովոր սիրտը անկեղծորեն փշրվի՝ իր մեջ կուտակված աղբը տեսնելով և լցվի այդ աղբից մաքրվելու ու մեղքի կապանքները խզելու այրող ցանկությամբ։ Մութ ու մեղավոր անցյալը կա,

այո՛, բայց հարկավոր է վճռակամորեն հրաժարվել դրանից, խզել կապերն ու տուն վերադառնալ՝ Հոր մոտ։ Իսկ մնացածն արդեն մեր սիրող Ծնողը կանի։ «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»,- ապաշխարության այս ամոքիչ խոսքերը թող հնչեն ձեր սրտում, սիրելի՛ հավատացյալներ և մի՛ վախեցեք ձեր մեղքերը խոստովանելուց՝ համարելով, որ Հոր զայրութին ու պատժին կարժանանաք։ Ո՛չ։ Կրտսեր որդու պես Հայրը ձեզնից յուրաքանչյուրին էլ կվերադարձնի որդիության պատիվը, բավական է միայն զղջումով Նրա գիրկը դառնաք։ Փրկագործ ապաշխարության համար առաջին պայմանը սեփական մեղքերը տեսնելն ու խոստովանելն է, առանց դրա հնարավոր չէ տունդարձի ճամփան բռնել։ Ինչպես մերօրյա հայրերից մեկն է ասում՝ Աստված կարող է փրկել մեղավորներին, որպիսիք մենք ենք, բայց ոչ՝ արդարներին, որպիսիք մեզ երևակայում ենք։ Ուստի մի՛ վախեցեք և մի՛ խուսափեք պատասխանատվությունից, որ կրում եք՝ ձեր կյանքի ընտրությունները կատարելով։ Այլ խոնարհաբար սիրող Հոր առջև դրեք ձեր սխալներն ու հանցանքները, անկումներն ու անարգ կյանքը՝ խնդրելով, որպեսզի ների ձեզ ու սովորեցնի ընթանալ սրբազան ճշմարտության ճանապարհով։ Սովորեցնի սիրել Իրեն, ձեր եղբայրներին ու սուրբ կյանքը։ Սովորեցնի խելամտորեն գործածել ձեր ժառանգությունը և պահպանել Աստծու որդիներ կոչվելու պատիվը։ Սովորեցնի ուրախանալ ու գոհանալ ունեցածով և արկածներ չփնտրել մոլորեցնող աշխարհում։ Սովորեցնի ընտրել կյանքը, ինչպես որ Երկրորդ Օրենքների գրքում է ասում Տերը․ «Ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները: Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը» (30։19)։

Եվ վերջում․ սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է․ «Միգուցե այստեղ կանգնածներից ոմանք, որ մեղանչել են մկրտությունից հետո, հարցնեն․ «Մեզ ի՞նչ, որ Ադամը փրկվեց։ Մենք ինչպե՞ս ներում կստանանք։ Ինչպե՞ս կփրկվենք, եթե խախտել ենք օրենքը մկրտությունից հետո»։ Մենք նրանց ասում ենք․ «Դուք մի՛ վախեցեք, իրար մի՛ անցեք, մի՛ շվարեք, փոքրոգություն մի՛ արեք։ Աստված հոգ չտարավ Ադամի մասին ու ձեզ անտեսեց, այլ եթե նրա համար դարձավ այն կինը, որ տասը դրամ ուներ, ապա քեզ համար Նա գթասիրտ հայրն է, որ երկու որդի ուներ և կրկին իր գիրկն առավ մոլորվածին։ Նա բոլորի համար դարձավ ամեն ինչ, որպեսզի Ինքը բոլորին շահի»․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

13.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․