25 Նոյեմբեր, Բշ
Հայր Կասիանոսն ասում էր, թե հայր Մովսեսն ուսուցանում էր մեզ և ասում. «Լավ չէ թաքցնել խորհուրդները հոգևոր հորից, այլ պետք է դրանք պատմել նրանց, ովքեր ի զորու են հոգին խոստովանությամբ քննել: Անհրաժեշտ և խիստ օգտակար է՝ միայն նրանց ասել, իսկ նրանց, ովքեր միայն տարիքով են ծեր, սակայն աստվածագիտության շնորհներից թափուր են, հարկավոր չէ ասել: Քանզի շատերը, տեսնելով ալեհերությունն ու ծերությունը, հայտնեցին նրանց իրենց խորհուրդները և ապաքինման փոխարեն խոցվեցին և չարաչար հուսահատության մեջ ընկան այն պատճառով, որ անմիտներին ու անփորձներին խոստովանեցին: Այսպես, ոմն եղբայր, նեղվելով պոռնկության դևից, գնաց մի ծերի մոտ և պատմեց այդ մասին: Իսկ նա բարկացած դուրս հանեց նրան` ասելով. «Պի՛ղծ մարդ, ինչո՞ւ ես այդպիսի ցնորամտությամբ տարված. քեզ փրկություն չկա՛»: Եվ նա հուսահատվելով` կամեցավ գնալ աշխարհ և հանդիպեց հայր Ապողոնիոսին, ով հարցուփորձ արեց և ետ դարձրեց նրան` մխիթարելով խոսքով, թե. «Մի՛ հուսահատվիր, որդյա՛կ, և թո՛ղ արտառոց չթվան քեզ քո խորհուրդները: Տե՛ս` այս ծերության հասակիս և տկարությանս մեջ ես նույնպես նեղվում եմ նման խորհուրդներից: Դու մի կարճամտի՛ր քո արյան եռքի պատճառով. դա մարդկային է, սակայն աստվածային շնորհներն առավել են և կարող են օգնել: Դու դարձի՛ր քո խուցը, և թո՛ղ Աստծո կամքը լինի»: Դարձրեց եղբորը, և ինքը գնաց այն տխմար ծերի խցի մոտ և ասաց. «Աստվա՛ծ իմ, Հիսո՛ւս, փորձություն ուղարկիր եղբորը տրտմեցրած այս ծերին, որպեսզի այն, ինչ չճանաչեց և չիմացավ երիտասարդ տարիքում, ճանաչի և գիտենա ծեր հասակում»: Եվ նույն պահին տեսավ այն եղբոր սենյակից դուրս եկող մի հնդիկի, որը եկավ տխմար ծերի մոտ և ուժգին նետահարեց նրա սիրտն ու անհետացավ: Այդ օրվանից ծերն սկսեց այրվել և չէր կարողանում ո՛չ համբերել, ո՛չ էլ ամոթից որևէ մեկին պատմել, այլ վեր կացավ գնաց` պոռնկանալու: Սուրբ Ապողոնիոսը, հոգով իմանալով այդ, գնաց նրա հետևից և ասաց. «Ո՞ւր ես գնում, չա՛ր ծեր»: Իսկ նա, դողալով, հասկանալով, որ հայտնի դարձավ իր հոգու չար խորհուրդը, ամոթից պատասխան չտվեց: Հայր Ապողոնիոսն ասաց նրան. «Քո խո՛ւցը դարձիր, ծե՛ր, և սրանից հետո ճանաչի՛ր քո տկարությունը և քեզ համարի՛ր որպես ոչինչ չգիտեցող անարգ մեկը, քանզի չկարողացար օրվա մեկ ժամն անգամ դիմակայել քո խորհուրդներին և մարտնչել դևի դեմ, ինչի մեջ այն եղբայրն է արդեն բազում օրեր: Եվ սա այն պատճառով եկավ քեզ վրա, որ հուսահատության հասցրիր եղբորդ, որը ընդհանուր թշնամու դեմ էր պատերազմում, մինչդեռ պարտավոր էիր զորակցելու նրան, իսկ դու նրա հույսը կտրեցիր: Չե՞ս լսել իմաստունի խրատը, որ ասում է. «Փրկի՛ր նրանց, ում մահվան են մղում և օգնի՛ր վհատվածին» (Առակ. ԻԴ 11), և Տիրոջ ձայնը չլսեցի՞ր, որ ասում է. «Ջախջախված եղեգը չի բեկանի և առկայծ պատրույգը չի հանգցնի» (Եսայի ԽԲ 3, Մատթ. ԺԲ 20), քանզի ոչ ոք չի կարող դիմակայել թշնամու պատերազմին և բնության եռքին, եթե Աստծո շնորհները չպահեն նրան: Ուրեմն դարձի՛ր քո խուցը, և աղաչենք Տիրոջը, որպեսզի բժշկի քո սրտից այդ խոցը, որովհետև Նա է, որ հարվածում է և բժշկում, խոնարհեցնում է և բարձրացնում, դժոխք իջեցնում և այն տեղից դուրս հանում»: Աղոթեցին, և այդպես էլ եղավ: Արդ, անգետին՝ թեկուզ և ծեր, պետք չէ փորձությունները պատմել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016