Բոլոր ժամանակներում էլ մարդկային կյանքում առկա են եղել անհամաձայնություններ, որոնք առաջ են գալիս տարբեր պատճառներով՝ կարևոր և ոչ կարևոր, սկզբունքային և ոչ սկզբունքային հարցերի շուրջ: Անհամաձայնություն կարող է ծագել բոլորի մոտ՝ անկախ նրանից ընկեր են, թե՝ թշնամի, հարազատ են, թե՝ անծանոթ, հավատացյալ են, թե՝ անհավատ: Դա բացատրվում է նրանով, որ մարդկանցից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, աշխարհայացքն ու սովորությունները: Այդ պատճառով է ժողովրդի մեջ տարածում գտել «Ճաշակին ընկեր չկա» ասացվածքը:
Աշխարհը շատ հաճախ տառապում է մարդկանց եսասիրական ձգտումերից առաջ եկած անհամաձայնություններից, բաժանումներից և երկպառակություններից: Սուրբ Գիրքը բացահայտում է, որ անհամաձայնությունն առաջին հերթին աշխարհիկ մտածողության արդյունք է. «Նախանձն ու հակառակությունը, որ տակավին ձեր մեջ են, մի՞թե ցույց չեն տալիս, որ դեռ մարմնավոր եք և աշխարհիկ չափանիշներով մարդկանց պես ենք վարվում: Երբ ձեզնից մեկն ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում», իսկ մեկ ուրիշը, թե՝ «Ես Ապողոսին եմ հետևում», պարզ չէ՞, որ աշխարհիկ մարդկանց պես եք մտածում: Վերջին հաշվով՝ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ Ապողոսը, պաշտոնյաներ, որոնց միջոցով հավատացիք, և որոնցից յուրաքանչյուրը պարզապես կատարեց այն պաշտոնը, որը Տերը տվեց նրան» (Ա Կորնթ. 3:3-6):
Ս. Պողոս առաքյալը, ի թիվս Ս. Հոգու պտուղների, նշում է մարդկային գործերի շարքը. «Մարդկային գործերը հայտնի են, ինչպես՝ շնություն, պոռնկություն, անբարոյություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանումներ, չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն ու սրանց նման ուրիշ բաներ» (Գաղատ. 5:19-22): Եթե անհամաձայնության մեջ առկա են վերը նշվածները, ապա այն մարմնավոր և աշխարհիկ մտածողության արդյունք է: Նման օրինակ է փարիսեցիների և սադուկեցիների միջև եղած անհամաձայնությունը: Սադուկեցիները, ի տարբերություն փարիսեցիների, չէին հավատում հարությանը, հրեշտակներին և հոգիներին: Նրանց միջև շարունակական բնույթ կրող անհամաձայնությունը վերածվում էր կռվի և թշնամության, ինչից էլ ժամանակին իմաստուն կերպով օգտվեց Ս. Պողոս առաքյալը (Գործք Առաքելոց 23:6-10): Չորս Ավետարանները լի են նաև փարիսեցիների, օրենսգետների և մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջև եղած անհամաձայնություններով, դժվար չէ նկատել այն ատելության ոգին, որ ունեին փարիսեցիներն ու օրենսգետները Տիրոջ հանդեպ, նրանք ամեն կերպ փորձում էին Քրիստոսին ծուղակը գցել, դատել և մահվան դատապարտել: Նրանց ատելությունը հատեց Տիրոջը ձերբակալելու ժամանակ:
Բոլոր մարտիրոսներից անդրանիկը, Քրիստոսի համար նահատակված առաջին նախասարկավագը՝ Ս. Ստեփանոսը, Աստծո շնորհով և զորությամբ լցված մի մարդ էր: Նա ժողովրդի մեջ մեծամեծ հրաշքներ և նշաններ էր գործում, այդ պատճառով տարբեր ժողովարաններից մի շարք հրեաներ Ստեփանոսի հետ վիճում էին՝ չկարողանալով դեմ կանգնել Ս. Հոգուց ներշնչված նրա խոսքերին: Վիճաբանելիս նրանք լի էին ատելությամբ, որը հասավ իր գագաթնակետին, երբ նրանք կեղծ դատավարությունից հետո քարկոծեցին Ստեփանոսին, ով մինչ հոգին հանձնելը խնդրում էր Տիրոջից, որ ներում շնորհի նրանց (Գործք Առաքելոց 6-8):
Կարևոր է նաև ադրադառնալ սուրբգրային այն օրինակներին, երբ անհամաձայնությունները խաղաղ լուծում են ստացել: Ճշմարիտ հավատն իրենց սրտում ունեցողները, հոգևոր ձգտումներից ելնելով, ջանում են հասնել միության և խաղաղության: Եկեղեցու պատմության մեջ քիչ չեն այն օրինակները, երբ հավատավորների համախոհ և աստվածահաճո ընթացքն անհավատների համար դեպի Աստված դառնալու պատճառ է հանդիսացել:
Մի օր Քրիստոսի առաքյալների միջև վեճ ծագեց, թե ո՞վ է իրենցից մեծը, բայց Քրիստոս կանխեց անհամաձայնությունը՝ ասելով. «Ազգերի թագավորները տիրում են ժողովուրդներին, և իշխողները բարերար են կոչվում իրենց հպատակների կողմից: Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի: Ընդհակառակը, ձեր միջից ամենամեծը թող լինի ամենափոքրի պես, և առաջնորդը՝ սպասավորի նման» (Ղուկաս 22:24-27): Մեր Տերը ցույց տվեց անհամաձայնությունը հաղթահարելու ճանապարհը, որը սկսվում է խոնարհության ճանապարհից՝ իր մեջ ներառելով համբերության, սիրո, աղոթքի և պահքի ճանապարհները: «Մեծ է խոնարհության բարձունքը, խորն է մեծամտության անդունդը, և սրա համար էլ խորհուրդ եմ տալիս ձեզ. սիրեք առաջինը, որպեսզի չընկնեք երկրորդի մեջ» (Հայր Իսիդոր):
Օրինակ՝ Գործք Առաքելոցի 15-րդ գլխում կարդում ենք այն անհամաձայնության մասին, որ ծագեց Հրեաստանից Անտիոք եկած մարդկանց և այնտեղի հավատացյալ եղբայրների միջև: Հրեաստանից եկածներն ուսուցանում էին՝ ասելով, որ եթե Մովսեսի Օրենքի համաձայն չթլփատվեք, չեք կարող փրկվել: Արդյունքում Պողոսի և Բառնաբասի միջև ծագած հակառակությունը խաղաղ լուծում է գտնում Երուսաղեմում գումարված ժողովով:
Սուրբ Գրքի կենդանարար խոսքը կոչում է բոլորին փոխըմբռնմամբ համերաշխ և համախոհ ապրել՝ համաձայնության գալով նախ Տիրոջ և Նրա ուսուցման, ապա նաև միմյանց հանդեպ: «Բոլորդ էլ համախո՛հ եղեք, ուրախակից և ցավակից միմյանց, եղբայրասեր, բարեգութ, խոնարհամիտ» (Ա Պետրոս 3:8), «Համերաշխ և խաղաղությամբ ապրեցեք միմյանց հետ, և այն ժամանակ խաղաղության և սիրո Աստվածը պիտի լինի ձեզ հետ» (Կորնթ. 13:11):
Փոխադարձ միությունը Քրիստոսի հետևորդների մոտ կարող է կայանալ միայն Աստծո մոտ միավորմամբ: Եվ հանուն այդ միաբանության աղոթեց մեր Տերը՝ ասելով. «Չեմ աղոթում միայն նրանց համար, որոնք քարոզչությամբ հավատալու են Ինձ: Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, ինչպես որ դու, ո՛վ Հայր, Իմ մեջ ես, և Ես՝ Քո մեջ, այնպես էլ նրանք լինեն Մեր մեջ, որպեսզի աշխարհը հավատա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ: Այն փառքը, որ Դու Ինձ տվեցիր, Ես տվեցի նրանց, որպեսզի մի լինեն, ինչպես որ Ես և Դու մի ենք» (Հովհ. 17:20-23):
Կարինե Սուգիկյան