Գրքեր

Անհանգստանալ կարելի է, հուսահատվել՝ երբեք

Հայր Պորֆիրիոսի կերպարը, որն արդեն քսան տարի անց հայտնվում է իմ առջև, լի է խաղաղությամբ և սիրելի է։ Չեմ հիշում մի դեպք, երբ հայր սուրբը կոպիտ լիներ կամ կշտամբեր որևէ մեկին։

Նա սիրո հայր սուրբ էր։

Երբ ուզում էր որևէ բան ասել, ասում էր առանց խստության։ Նրա ձայնը․․․ «Օրհնյա՛լ եղիր․․․»,- հաճախ էր ասում այդ արտահայտությունը։ Բոլորին ասում էր․ «Ի՜նչ լավն ես դու․․․»։ Միշտ հանգիստ, խաղաղ մթնոլորտ էր ստեղծում․․․

Որքա՜ն հաճախ էր ասում․ «Քրիստոս ձեր ընկերն է, Նա ձեզ սիրում է, չի վախեցնում ձեզ դժոխքի հավիտենական տանջանքներով»։

Ծերն իր զրույցներում հատուկ ուշադրություն էր դարձնում խոստովանության խորհրդին։ Ասում էր․ «Երբ դու Եկեղեցում ես, հուսահատությանը տեղ չկա, ինչ էլ որ գործած լինես, ինչ էլ որ քեզ հետ պատահի։ Վհատվելու տեղ չկա։ Անհանգստանալ, հուզվել կարելի է, իսկ հուսահատվել՝ երբեք։

Աստված խոստովանության խորհրդի միջոցով օգնում է քեզ հաղթահարել այն ամենը, ինչը կարող է հուսահատության եզրագծին հասցնել»։ Հայր սուրբը միշտ խոսում էր հոգևորականի նշանակության, քահանայի աջի մասին․․․ ասես աստվածային շնորհ է ելնում դրանից։

Շատ հաճախ հայր Պորֆիրիոսը ողջ գիշեր ընդունում էր նրանց, ովքեր արդեն գտնվում էին ինքնասպանության շեմին, կամ մոտ էին այն սահմանագծին, երբ մթագնում է գիտակցությունը, և մարդ հոգևորապես վնասվում է։ Նա նրանց հետ նստում էր մինչ լուսաբաց և նրա սիրո, նրանից ճառագող շնորհի ու նրա աղոթքների շնորհիվ բոլոր դժբախտությունները չքանում էին երազի պես։

«Եթե չես կարող առաջ գնալ, ապա գոնե մի՛ նահանջիր»,- մի անգամ ասաց ինձ հայր սուրբը, երբ ես համառորեն ասում էի, որ կրկնելու եմ այդ մեղքը։

«Ինչ գործ էլ, որ ձեռնարկում ես, իմացիր, որ քեզ սպասում են բազմաթիվ խոչընդոտներ, և դու վշտանալու ես։ Սակայն մի՛ նահանջիր, այլ աղոթի՛ր, և Աստված կհեռացնի բոլոր արգելքներն ու վշտերը, և դու հաջողության կհասնես»։

«Կենդանի է Աստված։ Երբ դու բոլորովին հուսալքվում ես, Նա մի այնպիսի բան է ուղարկում քեզ, որ ամենևին չես սպասում․․․ հարկավոր է միայն հավատալ Նրան ու սիրել։ Ինչպես և Նա է սիրում ու հոգ տանում մեզ, ինչպես հայրն իր զավակներին։ Մենք բոլորս Աստծու զավակներն ենք։ Եվ ողջ բարիքը, որ ունենք, Ատծուց է, Նրա պարգևն է։ Չե՞ս լսել Եկեղեցում․ «Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է» (Հակ․ 1։17)

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

19.08.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․