25 Նոյեմբեր, Բշ
- Արդյո՞ք անհանգստության զգացում ունենում ես,- ես այս հարցը բազմաթիվ մարդկանց եմ տվել, և նրանցից շատերը նայել են ինձ, ժպտացել ու պատասխանել.
- Հայր Սուրբ, դա հռետորակա՞ն հարցում է: Բնականաբար, բոլորս էլ անհանգստություն զգում ենք: Միգուցե՞, դո՛ւ չես անհանգստանում:
Եվ այդ պահին ես դժվարին իրավիճակում հայտնվեցի, երբ այդ հարցն ուղղեցի ինձ, հասկացա, որ ինձնում ևս անհանգստության զգացում է ապրում: Մենք բոլորս շատ ենք անհանգստանում: Եվ հիմա, ռադիոհաղորդումը սկսելուց առաջ, ես անհանգստանում էի ու մտածում, թե կկարողանա՞մ ասել այն, ինչ պետք է: Այո, ես նույնպես տագնապում եմ:
Գնում ես դպրոց և փոքր երեխաների ես տեսնում, պարզվում է, որ նրանց կյանքում ևս լարվածություն, մրցավազք, խուճապ և անվստահություն կա… Այո, մենք բոլորս անհանգստանում ենք: Անհավատալի է, բայց դա արդեն համատարած համաճարակի է վերածվել: Բոլորիս այդ վիճակն է պատում:
Ամենատհաճն այն է, որ անհնարին է նկարագրել տագնապը, չգիտես, թե այն ինչ է իրենից ներկայացնում: Փորձում ես բառեր գտնել և չես կարողանում: Ի՞նչ է դա վերջիվերջո: Դա հոգին բերնեբերան լցնող վախն է, անվստահությունը, մոտալուտ փորձանքի զգացումը կամ արդեն կատարվածի տանջալի վերհիշումը: Այդպես էլ ապրում ենք՝ կամ վախենում ենք նրանից, ինչ կարող է պատահել, կամ այն, ինչ արդեն կատարվել է, բաց չի թողնում մեզ, խռովում ու ճնշում է ներքուստ՝ հոգին ոչ մի րոպե հանգիստ չթողնելով:
Մենք անընդհատ ինչ-որ տեղ ենք շտապում, չենք կարողանում հաճույք ստանալ կյանքից, որ Տիրոջ պարգևն է մեզ: Անդադար մրցավազքի մեջ ենք, անընդհատ ինչ-որ նոր բանի ենք սպասում, որ տարբերվում է նրանից, ինչ ունենք այսօր: Եվ հարց է ծագում՝ իսկ ե՞րբ ենք ուրախանալու այսօրվա օրով: Ե՞րբ ենք վայելելու այն: Չէ՞ որ այն, ինչ այժմ այստեղ է՝ քո ձեռքերում, այնքա՜ն արագ է անհետանում: Ժամանակը թռչում է: Ես խոսում եմ, և ժամանակը թռչում-անցնում է: Ներկան շարունակ դուրս է պրծնում մեր ձեռքերից, մենք շարունակ մեկ այլ ժամանակում ենք ապրում՝ անցյալի ու ապագայի միջև, և չենք նկատում ներկան: Այժմ ժամացույցի սլաքները մեկն անց են ցույց տալիս, բայց մենք ոչ թե այդ ժամով ենք ապրում, այլ վաղվա կամ վաղը չէ մյուս օրվա օրով, մտածում ենք այն մասին, թե ինչ է լինելու մեկ ամիս անց, ինչպիսին ենք մենք լինելու: Եվ այնտեղ՝ դեպի ապագա, մենք ոչ թե ստեղծագործաբար ենք նայում, այլ՝ տագնապի զգացումով: Մշտապես ինչ-որ բանի սպասումը և դրա մասին մտքերը մեզ հիվանդ են դարձնում, և մենք կորցնում ենք ուրախանալու ընդունակությունը:
Օրինակ՝ հիմա որևէ աշխատանքով ես զբաղված, որը քեզ հաճույք է պատճառում, բայց ավելի ուշ կդադարես դրանով ուրախանալ, քանի որ կսկսես հաջորդ խնդիրների մասին մտածել, հետո՝ հաջորդների, և այդպես անվերջ: Մենք երբեք այսօրվա օրով չենք ապրում, չենք ապրում հիմա ու այստեղ, բայց չէ՞ որ դա միակ հուսալին ու անվտանգն է: Դա այն է, ինչ պատկանում է քեզ, շնորհիվ որի կարող ես Աստծո մեծագույն պարգևը վայելել, որը կոչվում է կյանք: Եվ այնուամենայնիվ, տագնապը մեզ բաց չի թողնում, մենք դեսուդեն ենք նետվում հիշողությունների, ապրումների, իրադարձությունների միջև, նրա միջև, ինչն անցյալում է եղել, և նրա, ինչ տեսականորեն կարող է լինել ապագայում: Այդ կերպ կյանքն անցնում է, տարիները՝ թռչում և մենք հիվանդանում ենք: Չենք ուրախանում, չենք վայելում, մեր դեմքերն անհանգիստ են, սրտերն՝ անհանգիստ, ժպտալ չենք կարողանում, չենք կարողանում խորամուխ լինել այն ամենի մեջ, ինչ կատարվում է և ասել. «Փա՜ռք Աստծո»: Մենք չենք կարողանում կանգ առնել: Սարսափ ես զգում, երբ մտածում ես, թե ուր ենք այդպես շտապում՝ շտապում ենք դեպի մեր կյանքի վերջը: Կարծես թե շտապում ենք արագորեն մեռնել:
Եթե կարողանում ես ներկայով ապրել, ապա հասկանում ես, որ հիմա ամեն ինչ լավ է քեզ մոտ, որովհետև իրականում այնքան էլ շատ խնդիրներ չունես, ինչպես որ քո անհանգիստ երևակայությունն էր հուշում: Մի այսպիսի խոսակցություն պատկերացնենք.
- Ես ինձ վատ եմ զգում:
- Ինչ-որ բա՞ն է պատահել:
- Ոչ, բայց ես անհանգիստ եմ:
- Ինչո՞ւ: Նստած խոսում ենք: Մրսո՞ւմ ես:
- Ոչ:
- Շո՞գ է:
- Ոչ, ամեն ինչ կարգին է:
- Միգուցե՞ սոված ես: Արի՛, ուտելու որևէ բան տամ քեզ:
- Չէ, շնորհակալություն:
- Միգուցե՞ ջուր ես ուզում:
- Ոչ:
- Այսինքն, ո՛չ սոված ես, ո՛չ՝ ծարավ, ո՛չ շոգում ես, ոչ էլ՝ մրսում: Բայց, միգուցե՞, ինչ-որ մեկը սպառնում է քեզ, միգուցե՞ կա մեկը, ով քեզ հետապնդում է:
- Ոչ, ամեն ինչ կարգին է:
- Այսպիսով, կյանքի պայմանների տեսանկյունից քեզ մոտ ամեն ինչ լավ է, դու ամեն ինչ ունես: Պատկերացրու, որ տիեզերքից ինչ-որ մեկը կարողանար տեսնել քեզ՝ Երկիր մոլորակի վրա ապրողիդ, լավ հագնված, կուշտ, ապա նա անպայման կզարմանար՝ դեմքիդ անհանգստություն տեսնելով, այն պարագայում, երբ այժմ ամեն ինչ ունենս: Այս պահին խնդիրներ չունես:
- Հասկանում եմ: Սակայն, բանն այն է, որ չգիտեմ, թե վաղը չէ մյուս օրը քննությունները, որոնց այնքան սպասում եմ, ինչպես կանցնեն: Այդ պատճառով էլ հուզվում եմ:
- Բայց, չէ՞ որ դա վաղը չէ մյուս օրն է լինելու: Իսկ այժմ, երբ հարցնում եմ քեզ, թե ինչ է պատահել, պատասխանում ես. «Ես ինձ վատ եմ զգում, տագնապած եմ, անհանգստանում եմ, թե ինչ է լինելու»:
Քո խնդիրը կայանում է նրանում, որ ամեն ինչ լավ է քեզ մոտ, բայց դու չես հասկանում, որ ամեն ինչ կարգին է, չես ուրախանում դրանով, ինքդ քեզ համար անհանգստանալու պատճառ ու առիթ ես փնտրում: Մտածում ես, թե քննություններից հետո ինչ կլինի, ինչ կլինի մի քանի տարի անց, ով կխնամի քեզ օր ծերության, ինչ կլինի մահիցդ հետո, ինչպես պիտի ապրեն երեխաներդ, ինչպես պիտի բաժանես ժառանգությունդ: Բայց ասա՛ ինձ՝ մի՞թե դա հիմա է լինելու: Եթե դու կյանքիդ ամեն վայրկյանը որպես պարգև զգայիր, որը քեզ Տերն է տալիս այժմ, ապա յուրաքանչյուր խնդրի համար միայն մեկ անգամ կանհանգստանայիր: Ե՞րբ, կհարցնես: Իհարկե այն ժամանակ, երբ խնդիրը կծագի: Իսկ հիմա ի՞նչ ես անում: Շարունակ անհանգստանում ես, բայց չէ՞ որ քեզ հուզող իրավիճակն, ի վերջո, կարող է և չծագել: Հասկացի՛ր, դու շատ ավելի ես անհանգստանում ու տանջվում, քան Տերը կցանկանար քեզ համար:
Աստված թույլ է տալիս, որ մենք ցավի հանդիպենք, բայց տագնապը մեր սեփական հիմարությունն է, մեր խելագարությունը, տագնապը սուտն է, որ ինքներս ենք ստեղծում, որով ապրում ենք և որով տանջվում: Ցավը փրկարար է. կյանքում պետք է տառապանքի, նեղությունների, հիվանդությունների միջով անցնել և դա քեզ դրախտ կտանի: Տեր Աստված ցավը թույլ է տալիս, որպեսզի քեզ ուրախություն տա: Այն իրական ուրախությունը, որ կորցրինք հիվանդագին հաճույքի, մեր եսասիրության բավարարման պատճառով, և այժմ միայն տառապանքի, ցավի միջոցով կարող ենք մոտենալ Աստծուն: Բայց տագնապը Տերը չի ստեղծել: Տագնապն այն ազատարար, ստեղծարար ցավը չէ, որն Աստված ուղարկում է մեզ և թույլ է տալիս վերապրել այն: Տագնապը տանջալի վիճակ է, որն ինքներս ենք հորինել մեզ համար, շնորհիվ որի ժամանակից շուտ ծերանում ենք, տանջվում ենք ինքներս և տանջում՝ ուրիշներին: Փորձի՛ր, ստիպի՛ր ուղեղիդ աշխատել, երևակայությունդ զսպի՛ր, այդ նա է մեղավոր այն բոլոր սցենարների համար, որ հորինում ես՝ մտքումդ պատկերելով իրադարձություններ, որ դեռ չեն կատարվել:
Ոմանք ասում են, որ երկրաշարժ է լինելու: Եվ գիտնականները չեն կարող ասել, թե երբ դա կլինի, որովհետև նրանք էլ հստակ չգիտեն: Ե՞րբ դա կպատահի՝ հինգ շաբաթի՞ց, թե՞ հինգ ամսից: Ամբողջ Հունաստանում խոսում են, որ չի կարելի տներում գիշերել, տանիքի տակ, հանկարծ գիշերը կարող է լինել: Բոլորը սպասում են: Սպասում են ու վախենում: Երկրաշարժի շուրջ առաջացած խուճապն արդյունքում կարող է ավելի կործանարար հետևանքների հանգեցնել, քան հենց երկրաշարժը:
Այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ ճշմարիտ հավատ չունենք: Եթե իսկապես հավատում ես Աստծուն, ապա քեզ չի տանջում այն միտքը, թե ինչ կպատահի վաղը կամ վաղը չէ մյուս օրը: Այն, ինչ անհրաժեշտ է, որ իմանաս, Տերն արդեն ասել է քեզ: Ասել է ոչ միայն այն, ինչ վաղն է տեղի ունենալու, այլև այն, ինչ լինելու է, երբ աշխարհի վերջը գա: Երկրորդ գալստյան մասին է ասել, ամեն ինչ արել է, որպեսզի չանհանգստանաս և իմանաս, որ գոյություն ունի Աստծո Արքայություն, որը հուսով եմ սպասվում է քեզ: Դու նաև գիտես, որ Աստծուց հեռու գտնվող մի վայր էլ կա և այն կոչվում է դժոխք: Տերն ասել է քեզ այն, ինչ պետք է և օգտակար, իսկ ուրիշ բանի մասին պետք չէ, որ իմանաս: Ինչո՞ւ: Որովհետև Աստված ողորմած և մարդասեր է: Նա գիտի և հասկանում է մեզ, որովհետև Ինքն էլ Մարդ է եղել: Նշանակում է դու նույնպես պետք է մարդկային լինես, հասկանաս մյուսին և չծանրաբեռնես նրան, որովհետև Տերը մեզ նեղություն չի պատճառում, Իր հոգսերով և Իր իմացությամբ չի ծանրաբեռնում, որովհետև մենք չենք կարող դրանք տանել: Նա մեզ տալիս է միայն այն, ինչ ի զորու ենք կրել, և չի ցանկանում տագնապ առաջացնել մեր մեջ: Տերը մեզ չասաց, թե Երկրորդ գալուստը երբ է լինելու, որովհետև գիտի, որ դա մեզ սաստիկ կհուզի: Աստված ուզում է, որ իմանանք, թե կյանքում ինչի կարող ենք բախվել, որպեսզի միշտ պատրաստ լինենք հանգիստ, խաղաղ, խոնարհությամբ, վստահությամբ ճգնելու, և երբ Նա գա, կարողանանք ուրախությամբ դիմավորել Նրան: Եթե ապրածդ յուրաքանչյուր օրը քեզ Աստծուն է մոտեցնում, ապա ինչ լինում է, թող լինի:
Ի՜նչ տարօրինակ է դարձել մեր կյանքը: Փոխարենն այն դրախտ դարձնենք, վերածել ենք դժոխքի: Մենք ամեն ինչ ունենք, բայց շարունակ անհանգստանում ենք: Եթե տանը մեկ մեքենա կա՝ անհանգստանում ենք մեկի համար, եթե՝ մի քանի, ապա անհանգստությունն աճում է տան մոտ կայանած մեքենաների թվի համեմատ: Ամառանոց ունես՝ ևս մի անհանգստություն է, որպեսզի այն չկողոպտեն: Ազդանշանային համակարգ ես տեղադրում և կրկին անհանգստանում ես՝ իսկ եթե չգործի՞: Մեր տներում իդեալական կողպեքներ են, կառավարման էլեկտրոնային համակարգեր, ազդանշանային համակարգ, շներ, որոնք հետևում և պահպանում են մեր պատշգամբը, այգին, կայանատեղին… Իսկ որքա՜ն ապահովագրական ընկերություններ կան այսօր: Կարող եք ապահովագրել ինչ ցանկանաք: Եվ միևնույն է, մեր հոգին տագնապում է, չենք կարողանում հանգիստ քնել: Մշտական անհարմարավետության զգացում ունենք, մեզ հետ ինչ-որ բան է կատարվում: Շատերի մոտ ֆիզիկական խնդիրներ են առաջանում մշտական սթրեսի պատճառով: Նրանք սրտի վրա ծանրություն են զգում, նրանց զարկերակային ճնշումը բարձրանում է, չեն կարողանում շնչել: Այս ամենը հոգու հիվանդություններ են, որ արտացոլվում են մարմնի վրա: Երբ հոգին ալեկոծված է, մարմինն էլ է այլայլվում: Երբ մարմինն անհանգիստ է, հոգին էլ է տառապում: Այդ ամենը փոխկապակցված է:
Երբ կկարողանաս հասկանալ, որ այն, ինչ անհանգստացնում է քեզ, այնքան էլ կարևոր չէ, ինչպես թվում է, ապա կդադարես անհանգստանալ: Քանի որ տագնապ ես զգում այն ժամանակ, երբ մտածում ես, որ այն, ինչ քեզ հուզում է, համաշխարհային նշանակության խնդիր է: Ամեն օր սպասում ես ու ասում. «Դա հաստատ լինելու է»: Եվ եթե սպասվող իրադարձությունը չլինի՝ կհիվանդանաս: Օրինակ՝ շատ ես ուզում զբոսնելու գնալ: Հրաշալի է, բայց չէ՞ որ այդ զբոսանքը ողջ կյանքիդ իմաստը չէ: Հանգամանքները կարող են այնպես դասավորվել, որ չես կարողանա ժամանակ հատկացնել զբոսանքի համար: Բայց եթե հոգիդ դնես դրա մեջ ու ամեն գնով աշխատես հասնել այդ զբոսանքին, ապա սարսափելի կտանջվես, եթե դա տեղի չունենա: Բայց չէ՞ որ այնքան հեշտ է ինքդ քեզ ասել. «Չստացվեց, դե ոչինչ, սարսափելի չէ, հաջորդ անգամ կգնամ»: Եթե մեր հոգին այնքան ճկուն դառնա, որ մենք հանգիստ, առանց համառելու կկարողանանք մեր պլանները, մեր որոշումները փոխել, ապա, ինչ էլ պատահի, մենք կսովորենք դա հանգիստ ընդունել՝ ասելով. «Հրաշալի՜ է, Տերը ուղարկեց դա ինձ: Ես մի բան էի ուզում, սակայն Աստված ինձ մեկ այլ բան տվեց: Նշանակում է, այդպես էր հաճո Աստծուն»:
Իսկ մենք, հիմնականում, նախընտրում ենք ամեն ինչի ուժով հասնել, համառություն ենք ցուցաբերում, մերն ենք պնդում և շատ ենք անհանգստանում մեր անհաջողության համար: Մի անգամ ես ուշադրություն դարձրի դրա վրա, երբ ուզում էի ինձ հետաքրքրող գիրքը գնել: Գնացի գրախանութ և չգտա այնտեղ: Այդժամ ուրիշ խանութ գնացի, բայց այնտեղ էլ որոնումներն արդյունք չտվեցին: Ժամանակն անցնում էր, և գրախանութներն սկսեցին փակվել: Ես սկսեցի անհանգստանալ, շտապել, որպեսզի հասնեմ ուզածիս և այնուամենայնիվ գնեմ այդ գիրքը: Երրորդ խանութը գնացի, բայց այնտեղ նույնպես չկար: Նյարդայնանում էի, ասում ինքս ինձ. «Շտապ պետք է մեկ այլ խանութ էլ գնալ, հարկավոր է շտապել, միգուցե չհասցնեմ և այն փակվի»: Եվ հանկարծ, երբ համարյա վազում էի, մտածեցի. «Ենթադրենք, որ կհաջողվի վերջապես գնել այդ գիրքը: Հենց հիմա կարդալո՞ւ եմ այն: Ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ հետո չգնել այն: Ասենք՝ վաղը»: Եվ հանգստացա:
Բոլորս պիտի սովորենք կամակոր չլինել, նպատակին ձգտելիս չհամառել, և այդ ժամանակ չենք անհանգստանա, չենք տառապի, այլ կկարողանանք հանգիստ ասել. «Թող ամեն ինչում Աստծո կամքը լինի: Տերն ամեն բան կդասավորի»: Եկեք սրբերի օրինակից սովորենք, որոնք ոչ միայն չէին անհանգստանում, երբ իրենց ցանկացածը չէին ստանում, այլ նաև սաստիկ չէին վշտանում, երբ կորցնում էին ինչ-որ բան: Դա նրանց չէր հուզում, չէր անհանգստացնում, լավն ընդունում էին խաղաղ սրտով և առ Աստված երախտագիտությամբ, իսկ կորուստի մասին հանգիստ ասում էին. «Լավ է, որ Աստված թույլ տվեց կորցնեմ դա»:
Սակայն, եթե ես հիմա տագնապի զգացումով գնամ Սուրբ լեռ, ապա այնտեղ էլ կկրեմ այն իմ հոգում: Այժմյան սուրբլեռնեցի վանականները մեր ժամանակների մարդիկ են, նրանք այլ մոլորակից չեն եկել, նրանք դեռ հրեշտակներ չեն, այլ՝ մարդիկ են: Իսկ հին սուրբլեռնեցիները, ովքեր հեռանում էին հանգիստ քաղաքային կյանքից, որպեսզի ավելի խաղաղ կյանքով ապրեն Սուրբ լեռան վրա և ամբողջությամբ նվիրվեն Աստծուն, երբ ուշանում էին Աթոսի շոգենավից, չէին զայրանում, այլ ասում էին.
- Սարսափելի չէ, հաջորդ շոգենավով կգնամ:
Իսկ գիտե՞ք երբ էր գալիս հաջորդը: Միայն հաջորդ օրը: Օրական մեկ շոգենավ:
Իսկ մենք, երբ ուշանում ենք ավտոբուսից, տրամվայից, գնացքից կամ մետրոյից, տանջվում ենք ու տառապում: Նստում ենք հաջորդ ավտոբուսը, որ տասը րոպեից է գալիս, և ողջ ճանապարհին չենք կարողանում հանգստանալ ու հանդարտվել: Իսկ նրանք ասում էին. «Սարսափելի չէ, հաջորդ շոգենավը կնստեմ»,- և նրանց դեմքերը խաղաղ էին: Վանականն իր մենաստանն էր վերադառնում, մթերքներով ուսապարկն իջեցնում էր ուսերից և սկսում աղոթել, հետո կրկին բանջարանոց էր գնում ու սկսում աշխատել: Ուրիշ կյանք, ուրիշ ռիթմ…
- Այո, հա՛յր,- կասեք,- բայց դա ե՜րբ էր: Այսօր մենք այդպիսին չենք: Այսօր մշտապես շտապում ենք: Եթե չշտապենք, կխեղդվենք առօրյա կյանքի այս ծովում:
Իսկ ես կպատասխանեմ. «Երբ պետք է՝ շտապի՛ր, բայց այնուհետև հանգիստ եղիր: Քանի որ հարցն այն չէ, որ արտաքուստ շտապես կամ ոչ, գլխավորը թույլ չտալն է, որ այդ շտապողականությունը հոգուդ մասը դառնա: Այո, շտապի՛ր, երբ անհրաժեշտ է, երբ շատ աշխատանք կա: Սուրբ լեռան վանքերում ևս վանականները շատ են աշխատում, երբ պաշտոնական հյուրեր կան կամ ինչ-որ տոն է, և մեծ հյուրասիրություն է սպասվում: Նրանք անդադար շարժման մեջ են, վազվզում են, անընդհատ ինչ-որ բան անում, բայց նրանց հոգին հանդարտ է, ոչ մի տեղ չի շտապում, այն Տիրոջ առջև է գտնվում: Եվ ամբողջ ժամանակ նրանք աղոթում են. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ: Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ»»:
Այսինքն, հոգիս Քրիստոսին է հանձնված և ես խաղաղ եմ: Եվ ամեն ինչ լավ է ընթանում: Այդպես պետք է լինի, և այդ մասին է հայր Պաիսիոսն ասում: Նա պատմում է, որ երբ Էսֆիգմենու մենաստանում էր ապրում, նրա և էլի մի եղբոր վրա դրված հանձնարարությունը Սուրբ Պատարագից հետո հյուրերի համար սուրճ պատրաստելն էր: Այն մյուս վանականն անհանգստանում էր և տաճարից շուտ էր դուրս գալիս, որպեսզի հասցնի սուրճը եփել, քանի որ ասում էր ինքն իրեն. «Այլապես չեմ հասցնի»:
- Իսկ ես,- պատմում էր հայր Պաիսիոսը,- ասում էի ինձ՝ հանգստացիր, մնա աղոթելու, որպեսզի հոգիդ հանդարտվի, իսկ հետո կգնաս սուրճ եփելու: Աստված ամեն ինչ գիտի, նա գիտի, թե քեզ ինչ է հանձնարարված:
Ծերն ապրում էր իր կյանքում Աստծո մշտական ներկայության գիտակցումով, հասկանալով, որ Աստված ամեն ինչ գիտի և միշտ օգնում է: Այդ պատճառով էլ սպասում էր: Պատարագն ավարտվում էր, նա նշխար էր վերցնում և հանգիստ գնում սուրճ եփելու:
- Եվ գիտե՞ք, թե ինչ նկատեցի,- ասում էր նա,- այն վանականի մոտ, որ ինձնից շուտ էր դուրս գալիս եկեղեցուց, ամեն ինչ վատ էր ստացվում՝ նա շտապում էր, նյարդայնանում, սուրճը թափում, ձեռքերն այրում: Իսկ ես ամեն ինչ հասցնում էի, ամեն բան ստացվում էր ինձ մոտ: Ի՜նչ լավ է Աստված ամեն ինչ կարգավորում:
Ինչպիսի՜ խրատական օրինակ: Մենք էլ, քանի դեռ հնարավորություն ունենք, չպետք է շտապենք, նյարդայնանանք, պետք է հանդարտ ռիթմով ապրենք, և այդ ժամանակ կհասցնենք անել այն ամենն, ինչ պետք է անենք:
Պետք է կյանքն այնպես դասավորել, որ հոգին չտագնապի և հանգիստ լինի: Այն վանականի հոգին, որի մասին հայր Պաիսիոսն ասում էր, խռով էր, այդ պատճառով էլ ոչինչ չէր ստացվում նրա մոտ: Սակայն եթե նույնիսկ նա իր հանձնարարությունը կատարեր, բայց Աստծո օրհնությունը չունենար, ապա նրա հոգին, միևնույն է, խաղաղ չէր լինի, այլ խռովք կարտահայտեր: Ողջ իմաստը սա է: Բուն էությունը սուրճ պատրաստելու մեջ չէ, այլ՝ մեր ներքին խաղաղության: Տագնապը չի անհետանում, այլ միայն աճում է, երբ խուսափում ես Աստծուց և չես վստահում Նրան: Ոմանք, օրինակ, եկեղեցուց դուրս են գալիս մինչ Պատարագի ավարտը, որպեսզի ծրագրված գործերը հասցնեն անել: Դա ճիշտ չէ: Սովորելով Եկեղեցու հետ նույն կյանքով ապրել, կսովորես ամեն ինչ հասցնել: Աստված կյանքդ կղեկավարի, և այնժամ ամեն ինչ իր ժամանակին կլինի ու դու ամեն ինչ կհասցնես, քեզ հանգիստ կզգաս, և բոլոր գործերդ Աստծո օրհնությունը կունենան:
Մի անգամ մի մարդու հարցրի.
- Տագնապի զգացումն ինչպե՞ս ես հաղթահարում:
- Ինձ թվում է, որ այն անհաղթահարելի է: Բոլորն էլ տագնապում են, դա անխուսափելի է,- պատասխանեց նա:
- Դա իրավացի է միայն նրանց պարագայում, ովքեր տագնապելու հակում ունեն,- ասացի:
Իսկապես, կան մարդիկ, ովքեր հատկապես սուր են վերապրում այն ամենն, ինչ կատարվում է շուրջբոլորը, և իրենց են պատասխանատու զգում դրա համար: Նրանց մոտ մեղավորության զգացումը խիստ զարգացած է, և նրանց համար շատ դժվար է հոգու խաղաղությունը պահպանել: Յուրաքանչյուր պարագայում խուճապի են մատնվում՝ ուզեն, թե չուզեն: Մարդը պետք է ճանաչի իր էության այդ յուրահատկությունը և այդ ժամանակ կսովորի տագնապը կառավարել, վերահսկել այն, որպեսզի ո՛չ իրեն տանջի, ո՛չ՝ ուրիշներին:
Ցավոք, այսօր այդ հիվանդագին վիճակն ընդունում ենք որպես բնական մի բան: Չնայած, խորը մտածելու դեպքում տարբերութունը միանգամայն ակնհայտ է դառնում: Մի բան է հուզմունքը, երբ հյուրերի ենք սպասում և այդ պատճառով տունը մաքրում ենք, կերակուր պատրաստում, սեղան գցում: Այդ պահին մենք ակտիվ ենք, շտապում ենք, դրական լիցքերով, կենսական ուժերով ենք լի, քանի որ անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի բոլորը գոհ լինեն: Եվ բոլորովին այլ բան է անհանգստության փտախտը, որ դանդաղորեն քայքայում է հոգին: Անվստահության այն տանջալի վիճակը, որը մարդուն հիվանդ է դարձնում: Այն մարդուն, ով անվերջ սթրեսի է ենթարկվում սեփական մեղքով, հակադրվում է հավասարակշռված մարդը, մարդ, ով ամեն ինչ հանգիստ է անում, բնականոն կերպով, ապրում է առանց խուճապի, առանց ցավագին հոգսերի, այսինքն այնպես, ինչպես Քրիստոս է պատվիրել մեզ:
Հիշե՛ք. Գործք Առաքելոցում պատմվում է այն մասին, որ սուրբ Պողոս և Շիղա առաքյալները հանգիստ քնած էին զնդանում, չնայած որ առավոտյան նրանց պետք է դատեին: Իսկ այժմ պատկերացրեք՝ մի քանի ժամից քեզ դատելու են, կյանքդ հարցականի տակ է, իսկ դու հանգիստ քնած ես: «Անհավանական է»,- կասեք դուք: Բայց այդ մեծ այրերը կարողացան հոգու խաղաղությունը պահպանել և իրենց ամբողջովին Աստծո բարի կամքին հանձնել: Մի՞թե Արարիչը կարող է Իր արարածին միայնակ թողնել:
Բայց նույնիսկ այն ժամանակ գործնականորեն չկային հոգու նման խաղաղություն ունեցող մարդիկ: Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերանի խոսքերի՝ նույնիսկ ինքը՝ Քրիստոս այն օրերում չկարողացավ գտնել մեկին, ով չէր անհանգստանում ապագայի համար, որպեսզի մեզ ասեր՝ նմանվե՛ք այս մարդուն: Այն ժամանակ նույնպես բոլորն անհանգստանում էին, վստահություն չունեին, թե գալիք օրն իրենց ինչ է բերելու: Չկար նման մարդ: Քրիստոս չէր կարող օրինակ բերել նրան առաքյալներին՝ ասելով. «Տեսե՛ք, թե նա ի՜նչ հանգիստ է: Դուք ևս նրա պես եղեք»: Իսկ սրտի մաքրության ու պարզության մասին խոսելով Քրիստոս երեխաներին որպես օրինակ բերեց: Այսինքն, Նրա համար ավելի հեշտ էր սրտով մաքուրների գտնել, քան չտագնապողների: Եվ այդժամ նա մեր միտքը, մեր աչքերը ուղղում է դեպի բնությունը, ծաղիկներին, երկնային թռչուններին. «Նայեցե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ հավաքում. և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց» (Մտթ. 6:26):
Տերը հոգ է տանում մեր մասին, որովհետև մենք Նրա արարածն ենք, Նրա սիրո, Նրա սրտի արարածը: Իսկ մենք այնպես ենք ապրում, ասես Աստված չունենք, ասես Երկնային Հայր չունենք, ասես Քրիստոս գոյություն չունի և մեզնից յուրաքանչյուրի կողքին չէ: Մենք ամեն րոպե մոռանում ենք այն խոստման մասին, որ Նա տվեց մեզ: Տերն ասում է՝ կարող է այնպիսի ժամանակ գալ, երբ մայրն իր զավակներին կմոռանա, սակայն Ես քեզ երբեք չեմ մոռանա, երբեք չեմ դավաճանի, չեմ լքի քեզ հիվանդության ժամին, հիվանադանոցի մահճակալին, հաշմանդամի սայլակի վրա, քեզ հետ կլինեմ այն ամենի մեջ, ինչն անհանգստացնում է քեզ, քո բոլոր վշտերում, չքավորության ու ցավի մեջ քո կողքին կլինեմ, խոստանում եմ քեզ: Նա Խաչի վրա դա ասաց և ստորագրեց Իր արյամբ: «Ավելի մեծ սեր չկա, քան Իմ սերն է, որ կյանքդ զոհես հանուն ընկերներիդ, և Ես ձեզ այնքան ուժգին եմ սիրում, որ անում եմ դա»,- ասում է մեզ Տերը:
Նշանակում է կյանքդ պատահականություն չէ, քեզ չեն թողել բախտի քմահաճույքին, Աստված հսկում է քեզ, պաշտպանում ու ասում. «Ես քեզ կյանք եմ տվել, մի՞թե կյանքի համար անհրաժեշտ ամեն բան չեմ տա և կլքեմ քեզ: Ես քեզ մարմին եմ տվել, մի՞թե հոգ չեմ տանի դրա մասին՝ սնունդի, ջրի, հագուստի, տանդ և այն ամնեի մասին, ինչ քեզ անհրաժեշտ է: Մի՞թե հոգ չեմ տանի քո մասին: Այդ դեպքում ինչո՞ւ քեզ մարմին տվեցի: Ինչո՞ւ հոգի տվեցի քեզ: Ինչո՞ւ դրեցի քեզ այդ մոլորակի վրա, մի՞թե, որպեսզի տանջեմ: Իհարկե՝ ո՛չ: Գողգոթայի՛ն նայիր, նայի՛ր դեմքիս, աչքերի՛ս նայիր, որպեսզի հասկանաս, որ սիրում եմ քեզ: Իսկ դու շարունակ վախենում ես ինչ-որ բանից, մշտապես անհանգիստ ես: Ես քեզ Իմ սիրո այդքան ապացույց եմ տվել, իսկ դու կույր ես, և աչքերդ ոչինչ չեն տեսնում»:
Ի՞նչ է սա: Ինչպե՞ս կարող ենք այդպիսի հրեշավոր վերք լինել Աստծո համար, վիրավորել Նրան մեր արարքներով, ցավ պատճառել, այո՛, ցա՛վ, որովհետև մեր կյանքերով կարծես անդադար ասում ենք Նրան. «Ես Քեզ չեմ հավատում: Չեմ հավատում, որ գոյություն ունես: Չեմ հավատում, որ սիրում ես ինձ: Չեմ հավատում, որ ինձ կօգնես»:
Կարծում եք դա ձեր մասին չէ՞: Կասեք. «Բայց, հա՛յր, ախր մենք եկեղեցի ենք գնում, աղոթում ենք, եկեղեցական ռադիոն ենք լսում, հնարավո՞ր բան է, որ չհավատանք»: Իսկ ես կպատասխանեմ. «Հնարավոր է»: Որովհետև տեսականորեն հավատում ենք, որ Աստված գոյություն ունի, ինչ-որ բան գիտենք և խոսում ենք այդ մասին, սակայն հավատը որպես վստահություն չենք ապրում: Վստահել նշանակում է առանց վախի, ամբողջությամբ տրվել:
Ում մանկական հասակում սովորեցրել են լողալ, հիշում է, որ ծնողներն իրեն ասում էին. «Մի՛ հուզվիր, թուլացրո՛ւ մարմինդ, մենք քեզ պահում ենք, օգնում ենք, հանգիստ շնչիր, եթե վախենաս, անհանգստանաս՝ կխեղդվես»: Այդպես էլ Տերն է ասում մարդուն. «Թուլացի՛ր, հանդարտվի՛ր, դադարի՛ր անհանգստանալ քո մասին, վստահի՛ր Աստծուն և այնժամ կզգաս, թե ինչ է նշանակում իսկական հավատը, ոչ թե տեսականը, այլ սրտի ու փորձի հավատը»: Փորձե՛ք ձեզ Աստծուն հանձնել և կտեսնեք, որ Աստված բարի է, փորձե՛ք և զգացե՛ք Նրա բարությունը, գթասրտությունն ու սերը: Եվ այնժամ կհասկանաք, թե ինչի մասին էր խոսում Քրիստոս՝ պատվիրելով մեզ վաղվա օրվա մասին հոգ չտանել, այլ այսօրվա օրով ապրել. «Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մտթ. 6:34): Այսինքն՝ օրվա խնդիրներն ու հոգսերն էլ բավական են, հավելյալ մի՛ ծանրաբեռնեք ձեզ, ապրեք հիմա՛, յուրաքանչյուր րոպեն այնպես ապրեք, որպեսզի զգաք, որ Աստված սիրում է մեզ, մեզանից յուրաքանչյուրին առանց բացառության:
Բայց… Չե՞ս հավատում, որ յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր վայրկյան Նա քո կողքին է: Ուրեմն, մի շարժում արա, ձեռք դիր սրտիդ ու զգա, թե այն ինչպես է բաբախում: Դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ այդ պահին, երբ դու կասկածում ես Նրան, Տերը հոգում է քո մասին և այդ պատճառով է սիրտդ բաբախում: Տերը սիրում է քեզ և վկայում է այդ մասին սրտիդ բաբախյունով, քո շնչառությամբ, քո աչքերով, որ տեսնում են աշխարհը, քո ականջներով, որ լսում են, զգայարաններով, որ կարող են Աստծո բոլոր պարգևները զգալ, որ տրված են մեզ այս կյանքում:
Մարդը պետք է սովորի իր կյանքում Աստծո ներկայության զգացումով ապրել, և այդ զգացումն աստիճանաբար կվանի նրա հոգուց հիվանդագին անհանգստությունը: Եթե մենք կարողանանք Աստծո սերն զգալ, ապա կտեսնենք, որ բոլոր խնդիրները կանհետանան: Մենք կհանդարտվենք, մեր հոգին կազատվի անվերջ սթրեսից, լարվածությունից, դժվարություններից, որոնք իրականում գործնականորեն գոյություն չունեն: Մեր տրամաբանությունը, ռացիոնալիզմն ընկճում են մեզ, մենք մեր ուժերին, մեր բանականությանը, մեր ընդունակություններին, փողերին ու ծանոթություններին ենք ապավինում և շատ քիչ ենք վստահում Աստծուն: Պետք է փոխել դա քո մեջ, քանի դեռ ուշ չէ, և գլուխը խոնարհելով՝ ասել. «Տե՛ր, կյանքս վերցրու և վարվիր այնպես, ինչպես ուզում ես, միայն թե զգամ, որ Դու ուղղորդում ես ինձ, որ Դու ինձ պահում ես, որ Դու ինձ պաշտպանում ես, որ Դու ինձ սիրում ես, որ Դու կողքիս ես: Դա բավական է ինձ համար»:
Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը