Անհիշաչարության մասին

Անհիշաչարության մասին  | Anhishacharutyan Masin

 «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանիր  նրան, երբ դու և նա մենակ էք. եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր: Իսկ եթե քեզ չլսի, առ քեզ հետ մեկին և կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատվի ամեն ինչ: Իսկ եթե նրանց էլ չլսի, կասես եկեղեցու մեջ. իսկ եթե եկեղեցուն էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպես հեթանոսը և մաքսավորը» (Մատթ. 18.15-17):    

 

  Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, այստեղ կարծես քրիստոնեական համայնքի, քրիստոնեական եկեղեցու հաստատման ու գործունեության հիմքերն է ներկայացնում. մի թողեք, որ անօրենությունը տեղ գտնի ձեր մեջ: Եթե մեկը մեղանչում է քո դեմ, ապա սիրով, առանց բարկության, առանց չարության ու ոխակալության, երբ դու և նա մենակ եք, հանդիմանիր նրան, մատնացույց արա իր մեղքը, և ցույց տուր, որպեսզի բժշկվի եղբայրը: Եվ եթե լսեց քեզ, շահեցիր քո եղբորը և քո հոգին էլ շահեցիր ու փրկեցիր: Քրիստոս այստեղ ողջախոհ մթնոլորտի մասին է խոսում, երբ դատում են և սիրով են միմյանց ուղղում և շտկում, և ոչ թե թշնամաբար, միմյանց կոխոտելու, վերացնելու և ոչնչացնելու նպատակով, այլ սիրո, փոխհամաձայնության հոգին է տիրում, երբ կարող են միմյանց սխալները տեսնել և շտկել: Այնուհետև Տերը շարունակում է և ասում. «Եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար իմ Հոր կողմից, որ երկնքում է. որովհետև ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ  անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ.18.19-20):  Եկեղեցու սուրբ հայրերը Քրիստոսի այս խոսքերը մեկնաբանում են նախ մարդու կառուցվածքի առումով՝ ասելով. «Երկու հոգին սիրով միաբանված»  նշանակում է, որ եթե հոգին և մարմինը մարդու ներաշխարհում սիրով միաբանված են, այսինքն՝ հոգին իշխում է մարմնի վրա, ապա այդ միաբանության մեջ Երկնավոր Հորից հայցված ամեն տեսակի խնդրանք, ամեն տեսակի պաղատանք պետք է կատարվի: Եվ երեք հոգին՝ միտքը,  հոգին և մարմինը (մարդու ողջ կառուցվածքը), ուր միտքն աստվածային իմաստությամբ  և խոհեմությամբ իշխում և ղեկավարում է հոգուն և մարմնին, Տիրոջ առջև ընդունելի է և Աստված նրա խնդրանքները պետք է լսի և կատարի: Բայց Քրիստոս այս խոսքերն ասում է նաև քրիստոնյաների միաբանության մասին. այնտեղ, որտեղ երկու և երեք հոգի միաբանված են սիրով, ինչ խնդրանքի համար էլ լինի, որը Տիրոջ կամքի համաձայն է և բարի է, ապա Աստված պետք է լսի նրանց խնդրանքը և ի կատար ածի: Այսպիսի սիրո միաբանություն էր Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպության ժամանակ. երկու մարգարեները և երեք առաքյալները Քրիստոսի սիրով աստվածային փառքի մեջ միաբանված էին, և Հայր Աստված նրանց պաղատանքը լսեց և կատարեց՝  ասելով. «Դա է Իմ սիրելի Որդին, դրան լսեցեք» (Մարկ. 9.6): Բացի այդ, այնտեղ որտեղ Քրիստոսով միաբանված են, Քրիստոս նրանց մեջ է, ինչպես ասում է Ավետարանի հաջորդ խոսքը. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18.20): Ի՞նչ է նշանակում Քրիստոսի անունով հավաքված լինել: Դա նախ նշանակում է նույն հավատքով միաբանված, Քրիստոսի սիրով, ուղղափառ հավատքով միաբանված լինել: Եվ ճշմարիտ չեն աղանդավորներն ու հերձվածները, որ այսօր ներկայացնում են, իբրև թե «մենք երկու և երեք հոգի հավաքվել ենք, ուրեմն Քրիստոս մեր մեջ է»: Բայց պետք է հավաքվել Քրիստոսի անունով, այսինքն՝ ուղղափառ և ճշմարիտ հավատքով պետք է միաբանվել, իսկ նրանց հավատքը և միաբանությունը ըստ Աստծո չէ և ուղղափառ չէ, ուստի չի կարող Քրիստոս նրանց մեջ լինել: Եվ «ինչ էլ, որ խնդրեն, կկատարվի նրանց համար Իմ Հոր կողմից, որ երկնքում է» (Մատթ.18.19): Բայց ամեն խնդրանք չէ, որ Աստված կատարում է: Խնդրանքը նախ պետք է Աստծո կամքի համաձայն լինի, հոգևոր և իրական, հոգու փրկության, երկնքի արքայության համար պետք է լինի, ինչպես մեր Տերն Ավետարանում ասում է. «Փնտրեցե°ք և խնդրեցեք  Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված  ձեզ  ավելիով կտա» (Մատթ. 6.33,Ղուկ. 12.31): Փնտրել Աստծու արքայությունը նշանակում է փնտրել մեր հոգու խաղաղությունը, և Նրա արդարությունը մեր մեղքերի թողությունն է: Ուստի, եթե մենք փնտրենք մեր հոգու խաղաղությունը և մեր մեղքերի թողությունը, ապա Աստված ավելիով մեզ պետք է շնորհի ինչ որ խնդրում ենք, որովհետև սա է ամենաբարի և կատարյալ խնդրանքը, և Աստված սիրով է կատարում այն: Իսկ մնացածը մենք կարիք էլ չկա, որ խնդրենք, որովհետև Աստված մնացածը գիտի և ավելիով է մեզ տալու, այսինքն՝ կերակուր, հագուստ, կյանքի անհրաժեշտ պարագաներ, տուն, տեղ, հաջողություն, ամեն ինչ, եթե մենք փնտրենք և խնդրենք երկնքի արքայությունը: Գիտեք, Պողոս առաքյալը, որի վրա սատանայի մի փորձություն կար և անընդհատ նեղում էր իրեն, խնդրում էր, որ այն վերանար: Բայց  Աստված չվերացրեց այդ փորձությունը Պողոս առաքյալի վրայից, որովհետև գիտեր, որ դա օգտակար էր հոգու համար, որովհետև տկարության մեջ է ամբողջանում Տիրոջ զորությունը:  Այդպես էլ շատ փորձություններ ու հիվանդություններ, որ կան մեր կյանքում, մենք չպետք է խնդրենք, որ Աստված դրանք վերացնի մեզանից, այլ պետք է խնդրենք, որ Աստված մեզ համբերություն, ուժ և կարողություն տա, որպեսզի դիմակայենք այդ փորձություններին և դրանցից հոգևոր մեծ շահ ունենանք, և մեր տկարության մեջ ամբողջանա Տիրոջ զորությունը, ինչպես Պողոս առաքյալին ասվեց: Այնուհետև Պետրոս առաքյալը մոտենում է Քրիստոսին և ասում. «Տեր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. մինչև յո՞թն անգամ»: Հիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թե` մինչև յոթն անգամ, այլ՝ մինչև յոթանասուն անգամ յոթը» (Մատթ. 18.21-22): Եվ թեպետ քո եղբայրը քո դեմ մեղանչի, դու նրան հանդիմանիր, որպեսզի ուղղվի և շտկվի, և մեղքը, չարիքը վերացնես ձեր միջից: Սակայն պետք է նաև ներես նրան, թշնամաբար չպետք է վերաբերվես, և պետք է ներես նրան ոչ թե յոթն անգամ, այլ յոթանասուն անգամ յոթ, այսինքն՝ անվերջ, անսահման, միշտ պետք է ներես քո եղբորը, որովհետև Ես էլ ներեցի մարդկանց մեղքերը, որովհետև Ես էլ ներողամտության Հոգին փչեցի ձեզ վրա, որպեսզի դուք էլ միմյանց ներեք, որովհետև եթե ներեք ձեր եղբայրներին, ապա ձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ պետք է ների: Ուրեմն, օրհնյալ են Տիրոջ խոսքերը, որ այսօր մենք լսեցինք: Փորձենք հաստատել դրանք մեր սրտերում և իրականացնել մեր կյանքում: Ամեն:

 

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան 

26.11.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․