Անհիշաչարություն

Լսեցի, որ մեկը պատմում էր հայր Մոտիի մասին, որի աշակերտն էր Իսահակը, և սրանք երկուսն էլ ընտիր հայրեր եղան: Հայր Մոտին Հերակլայում սկսեց իր առաջին վանքը կառուցել, սակայն այնտեղ դժվարին կացության մեջ ընկնելով` այլ տեղ գնաց և դարձյալ սկսեց կառուցել: Սակայն այնտեղ  նույնպես բանսարկուի ազդմամբ  մի թշնամի գտնվեց, որ նեղում էր նրան: Ծերը վեր կացավ գնաց իր գյուղը, իր համար վանք շինեց և այնտեղ փակվեց: Շատ Ժամանակ անց հավաքվեցին այնտեղի ծերերը, որտեղից նա հեռացել էր, իրենց հետ վերցնելով նաև այն եղբորը, որ տրտմեցրել էր նրան, գնացին նրա մոտ, որ աղաչեն նրան և իրենց վանքը բերեն: Երբ մերձեցան այն տեղին, ուր հայրն էր, թողեցին իրենց մախաղները այնտեղ, ինչպես նաև այն եղբորը, որը տրտմեցրել էր նրան, մենակ թողեցին այնտեղ: Եվ երբ բախեցին, ծերը սանդուղքն իջեցրեց, նայելով՝ տեսավ նրանց և ճանաչեց, ապա հարցրեց. «Ո՞ւր են ձեր մախաղները»: «Այսինչ անունով եղբոր մոտ են»,– պատասխանեցին նրանք: Եվ ծերը, երբ լսեց այն եղբոր անունը, ցնծությունից վերցրեց կացինը, կոտրատեց դռները և դուրս գալով ընթացավ դեպի եղբայրն ու ընկնելով նրա առաջ` առաջինը նրան ողջունեց: Եվ նրանց բոլորին տանելով իր խուցը` երեք օր ուրախացրեց նրանց` ինքն էլ հետները ուրախանալով, ինչը բնավ սովոր չէր անել, այնուհետև վեր կենալով  գնաց նրանց հետ: Սրանից հետո եպիսկոպոս ձեռնադրվեց և դարձավ սքանչելագործ այր: Եվ երանելի Կյուրեղը նրա աշակերտ Հայր Իսահակին եպիսկոպոս ձեռնադրեց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․