Իր մերձավորի բարօրության մասին մտածողը մտածում է նաև իր բարօրության մասին, քանի որ՝ ըստ երանելի Մակար Եգիպտացու. «Անհնար է փրկվել այլ կերպ, քան մերձավորի միջոցով»: Պողոս առաքյալն էլ հորդորում է. «Ոչ ոք թող չմտածի միայն իր մասին, այլ նաև իր ընկերոջ մասին» (Ա Կորնթ. 10:24), չէ՞ որ «Քրիստոսն էլ ինքն իր մասին չմտածեց» (Հռոմ. 15:3): Այնուհետև առաքյալը վկայում է և ասում, որ ինքը մնացել է երկու սրի արանքում. մի կողմից ցանկանում է դուրս գալ այս կյանքից և Քրիստոսի հետ լինել, ինչը որ անհամեմատ ավելի նախընտրելի է, բայց մյուս կողմից մարդկանց սիրո համար ավելի կարևոր է համարում մնալ այս կյանքի մեջ (Փիլ. 1:23-24): «Բավական չէ հոգ տանել միայն մեր մասին. անհնար է միության մեջ մտնել Մարդասերի հետ՝ առանց ուրիշների մասին հոգալու»,- ասել է եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանը:
Մերձավորի մասին հոգածությունն էր, որ կրկին համախմբեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը համայնքի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (100 000 դրամ) նոյեմբերի 15-ին փոխանցեց Սահակյան Անուշին (41 տ.): Անուշն իր ամուսնու, երկու զավակների և տատիկի հետ բռնի տեղահանվել է Արցախի Ստեփանակերտ քաղաքից: Ընտանիքի հայրը մասնակցել է Արցախյան քառօրյա, 44-օրյա և 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին: Ընտանիքի ավագ զավակը Դաունի համախտանիշ ունի: Այժմ ընտանիքը բնակվում է Չարբախի Շիրակի 8 բն. 3 հասցեում:
Կարինե Սուգիկյան