Ամեն անգամ ճշմարտության սյունը և խարիսխը հանդիսացող կենդանի Աստծո եկեղեցին զորանում է, երբ նրա անդամները գործում են սիրո և ներդաշնակության մեջ: Իրական ճշմարտությանը հնազանդվողը՝ որպես վերստին ծնված մեկը, սկսում է ընթանալ հավատի նոր և կենդանանար ճանապարհով: Եվ այդ ընտրության հետևանքն ոչ այլ ինչ է, եթե ոչ կյանքի արմատական փոփոխություն:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքում ի փառս Աստծո և ի բարօրություն կարիքավոր ընտանիքների աճում է սիրո ծառայության նախանձախնդիր ոգին՝ իր շուրջը սփռելով սեր, ջերմություն և ուրախություն: Անկեղծ եղբայրասիրության դրսևորումներին իրենց մասնակցությունն են բերում ոչ միայն համայնքի անդամները, այլ նաև արտերկրում ապրող հավատավոր հայորդիներ:
Օգոստոսի 29-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական տնայցին իր աջակցությունը բերեց մոսկվաբնակ Արմեն Կիրակոսյանը: Հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ համայնքն այցելեց Ազիզյան ընտանիքին, որ վարձակալությամբ է բնակվում Ներքին Շենգավիթի 4/56-ի երկու սենյականոց փոքր բնակարանում: 75-ամյա Ազիզյան Ալիսան իր աղջկա և երեք չափահաս թոռների հետ սոցիալապես անապահով վիճակում են հայտնվել, քանի որ իր կենսաթոշակի և աղջկա ոչ մշտական աշխատանքի գումարները չեն բավարարում տան և կոմունալ վարձերի, նաև երեք թոռների առողջական խնդիրները լուծելու համար: Տիկին Ալիսան նշեց, որ թոռներից երկուսն էլ այժմ ստացիոնար բուժում են ստանում:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց Արմեն Կիրակոսյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը (50 000 դրամ), որով ընտանիքը կփորձի հոգալ ավարտական դասարանի աշակերտուհի Արաքսյայի դպրոցական ծախսերը:
Ազիզյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, աջակից անձին և համայնքին:
Կարինե Սուգիկյան