Նկատել եմ, որ այժմյան երեխաները, հատկապես նրանք, որ հետո համալսարան են գնում, արդեն ծնողական հարկի տակ են փչանում: Սկզբում լավ երեխաներ լինելով՝ արդյունքում անպիտան են դառնում: Նրանք ոչ մի բանի մասին չեն մտահոգվում, նրանց մոտ ինչ-որ անտարբերություն կա: Նրանց հենց իրենց ծնողներն են փչացնում, կործանում, ովքեր ծանր տարիներ են ունեցել և այժմ ուզում են, որպեսզի իրենց երեխաները ոչնչի կարիք չունենան: Ծնողները երեխաների մեջ ջերմեռանդություն չեն դաստիարակում, որպեսզի նրանք ուրախանան զրկանքներից: Պարզ է, որ այդ ամենը ծնողները բարի մտադրությամբ են անում: Այո՛, բարբարոսություն է երեխաներին անիմաստ զրկանքների ենթարկել: Բայց շատ լավ է երեխաներին օգնել վանական խիղճ ձեռք բերել, որպեսզի հետո նրանք ինչ-որ զրկանքներ կրելով՝ իրենք ուրախանան: Իսկ այժմ իրենց բարությամբ, իրենց անխոհեմ բարությամբ ծնողներն իրենք են երեխաներին բթացման հասցնում: Ծնողներն ամեն բան սկուտեղի վրա են մատուցում իրենց երեխաներին՝ ուղիղ նրանց ձեռքերի մեջ, նույնիսկ ջուր են բերում: Նրանք դրան են սովորեցնում նրանց: Այդպես են անում, որպեսզի երեխաները դասերը սովորեն և չշեղեն իրենց ուշադրությունը, բայց այդ կերպ անպիտան են դարձնում թե՛ տղաներին, և թե՛ աղջիկներին: Որովհետև հետո երեխաները ամեն ինչ ուզում են պատրաստի ստանալ, սկուտեղի վրա, և ուզում են մշտապես, այլ ոչ թե միայն դասերը սովորելիս: Իսկ այդ չարիքը մայրիկներից է սկսվում. «Սովորի՛ր, որդի՛ս, սովորի՛ս: Իսկ ես գուլպաներդ կբերեմ, ոտքերդ կլվանամ: Քաղցրեղեն կեր, սուրճ խմիր»: Երեխաները ջանք չեն թափում, այդ պատճառով էլ չեն հասկանում, թե իրենց մայրը որքան է հոգնել իրենց սպասարկելով: Իսկ հետո սկսվում է. մեկանգամյա օգտագործման ափսեներ, հագուստ, [պիցցայանոցներ, մակդոնալդսներ], նույնիսկ մի կտոր պիցցան չեն կարողանում թղթի մեջ փաթաթել: Եվ երեխաներն այդպես դառնում են ոչ պիտանի մարդիկ: Հետո կյանքն ինքն էլ է նրանց համար ծանր: Կոշիկի կապերն արձակվեցին. «Մայրի՛կ, կապի՛ր»: Իսկ քանի դեռ մայրը չի կապել, զավակն արձակված կապերով կշրջի ու կոխ կտա դրանք: Էլ ի՞նչ առաջադիմություն սպասես այդպիսի երեխաներից: Նրանք ո՛չ վանական կյանքի համար են պիտանի, ո՛չ՝ ընտանեկան: Այդ պատճառով էլ մայրերին խորհուրդ եմ տալիս. «Երեխաներին թույլ մի՛ տվեք ողջ օրը կարդալ: Քանի որ նրանք կարդում են, կարդում և խճճվում: Թող տասնհինգ, երեսուն րոպե ընդմիջում անեն և տնային որևէ գործ կատարեն: Այդպես նրանց մտքերը մի քիչ կցրվեն, նորմալ վիճակի կգան»:
Այժմյան երիտասարդության այդ վատ սովորությունը վանականության մեջ էլ է ներթափանցել: Եվ այժմ տեսնում ես, թե վանքերի գրասենյակներում ինչպես են յոթական վանական-քարտուղարներ նստած, բոլորը երիտասարդ, կրթված, իսկ նրանց հետ ծեր վանական է նստում, որ նախկինում այդ հանձնարարությունն էր կատարել: Առաջ վանքերում մեկ քարտուղար կար: Նրա կրթությունը հաճախ սահմանափակվում էր միջնակարգ դպրոցի երկու դասարաններով, բայց միևնույն ժամանակ նա միայնակ կարողանում էր ողջ աշխատանքը կատարել: Իսկ այժմ նրանք յոթն են և բոլորն էլ այնպես են գործի մեջ խեղդված, որ նույնիսկ վանական կարգը կատարելու ժամանակ չունեն: Բայց ախր ծերունի քարտուղարին էլ բաց չեն թողնում, նա ստիպված է նրանց հետ նստել և օգնել…
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի