Մարդն արարչագործությունից ի վեր վայելում է արարչատուր սիրո բնական ուժը: «Աստված մեր բնության մեջ այնպիսի ուժ է սերմանել, որը դրդում է սիրել մերձավորին: «Յուրաքանչյուր կենդանի էակ,- ասված է,- իր նմանին է սիրում, և յուրաքանչյուր մարդ իր մերձավորին» (Սիրաք 13:19): Նայի՛ր, առաքինագործ լինելու համար, ինքը բնությունն է տվել սերմերը»,- ասում է Ս. Հովհան Ոսկեբերանը: Տիրոջ կամքն է, որ առաքինության սերմերը, պարարտ հողի մեջ ընկնելով, պտուղ տան մեկի տեղ հարյուր, մեկի տեղ՝ վաթսուն և մեկի տեղ՝ երեսուն: Եվ Քրիստոսահիմն եկեղեցին իր ծառայական առաքելության մեջ ջանում է զարկ տալ սիրո բնական ուժերին՝ առատ բերքի բերկրանքն ունենալու ձգտումով: Քրիստոսահիմն եկեղեցու անդաստանում իր անխոնջ ծառայությունն է բերում նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ կյանքի կոչելով իր սոցիալական ծրագրերը:
Սեպտեմբերի 6-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սեդա Գրիգորյանին (53 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Սեդան իր ամուսնու՝ Գրիգորյան Սեյրանի (55 տ.) և որդու՝ Գրիգորյան Մխիթարի (29տ.) հետ բնակվում է Շահումյան 4-րդ փ. 73/4 հասցեում տեղակայված տնակում, որը զուրկ է տարրական պայմաններից: Ընտանիքի բոլոր անդամները հաշմանդամ են. տիկին Սեդան և իր ամուսինը 2-րդ խմբի հաշմանդամ են, իսկ նրանց որդին՝ 3-րդ խմբի: «Գոյատևում ենք թոշակների գումարներով և ընտանեկան նպաստով, հնարավորության դեպքում փորձում եմ աղջկաս ևս օգնել, նա ամուսնալուծվել է և միայնակ է խնամում իր երկու զավակներին: Առողջական մի շարք խնդիրներով հանդերձ՝ ստիպված ենք լինում ամեն օր ջուր կրել, քանի որ մեր տնակում ջուր չունենք: Շնորհակալ եմ Տեր Գրիգորից և աջակից անձից, որ արձագանքեցին ընտանիքիս խնդիրներին»,- ասաց ընտանիքի մայրը:
Կարինե Սուգիկյան