Սովորական, հոգսաշատ մի առավոտ էր, երբ մոտավորապես 8:30-ին ծեր մի մարդ` մոտ ութսուն տարեկան, եկավ հեռացնելու իր ձեռքի բութ մատի կարերը։ Երևում էր, որ շատ է շտապում, և հուզմունքից մի փոքր դողացող ձայնով ասաց, որ ինքը շատ կարևոր գործ ունի ժամը 9:00-ին։ Ներողամտորեն գլուխս տարուբերելով`խնդրեցի, որպեսզի նստի, իմանալով, որ բոլոր բժիշկները զբաղված են և նրանով կարող են զբաղվել ոչ շուտ, քան մեկ ժամից։ Սակայն, նկատելով, թե ինչ տխրությամբ է անընդհատ հայացքը նետում ժամացույցի սլաքներին, իմ մեջ նրան օգնելու անթաքույց ցանկություն արթնացավ։ Եվ քանի որ բախտի բերմամբ, ես այլ հիվանդ չունեի, որոշեցի ինքս զբաղվել նրա վերքով։ Հետազոտելով ծերունու մատը, ես համոզվեցի, որ վերքը հասցրել է լավանալ, և խորհրդակցելով բժիշկներից մեկի հետ` ստացա համապատասխան գործիքներ ու դեղորայք՝ կարերը հանելու և վերքը մշակելու համար։ Զբաղվելով նրա վերքով` մենք զրույցի բռնվեցինք.
– Դուք երևի հանդիպու՞մ ունեք, որ այդպես շտապում եք։
– Ոչ, ոչ։ Ես պարզապես պետք է հասցնեմ գնալ մեկ այլ հիվանդանոց, որպեսզի կերակրեմ իմ հիվանդ կնոջը։
Այդ ժամանակ հարցրեցի, թե ինչ է պատահել իր կնոջը։ Եվ ծերունին պատասխանեց, որ ցավոք, իր կնոջ մոտ հայտնաբերել են Ալցգեյմերի հիվանդություն։ Մինչ մենք զրուցում էինք, հասցրեցի հանել կարերը և մշակել վերքը։ Նայելով ժամացույցին, ես հարցրի.
- Կանհանգստանա՞ արդյոք Ձեր կինը, եթե մի փոքր ուշանաք։
- Իմ կինը ինձ չի հիշում արդեն հինգ տարուց ավելի է: Նա անգամ չգիտի, թե ով եմ ես, որ միշտ իր մոտ եմ գնում,- ասաց ծերունին:
- Ու դուք ամեն առավոտ գնում եք նրա մոտ, չնայած այն բանի, որ նա Ձեզ չի՞ հիշում: Նա ժպտաց ու հայրաբար բռնելով ձեռքս` ասաց.
- Նա չգիտի, թե ով եմ ես, բայց չէ՞ որ ե՛ս գիտեմ, թե ով է նա:
Ես հազիվ էի զսպում արցունքներս, փշաքաղվել էի: Մտածում էի. «Հենց սա է այն սերը, որի մասին միշտ երազել եմ»:
Աղբյուրն՝ անհայտ