26 Նոյեմբեր, Գշ
- Հա՛յր, ի՞նչ տարբերություն կա անփութության ու ծուլության միջև:
- Անփութությունը հոգևոր ծուլությունն է, իսկ ուղղակի ծուլությունը և՛ հոգուն է վերաբերում, և՛ մարմնին: Բայց ավելի լավ է, որ ո՛չ մեկը լինի, ո՛չ՝ մյուսը: Երբեմն անփութությունն ու ծուլությունն այնպիսի հոգիներ են ախտահարում, որոնք հոգևոր կյանքի նախադրյալներ ունեն, զգայուն ու պատվախնդիր հոգիներ են:
Գայթակղությունն անտարբեր մարդու մեջ այդքան չարիք չի գործում: Բայց եթե զգայուն մարդը վշտանում է, ապա հետո անփութություն է զգում: Նա պետք է իր տխրության պատճառը գտնի, հոգևորապես բժշկի՝ կրկին կամք ձեռք բերելու և իր հոգևոր շարժիչը գործի գցելու: Պետք է հետևել, որպեսզի չբժշկված վերքեր չմնան, որովհետև մարդը հետո ընկնում է դրանց պատճառով:
Հոգևոր տկարությունը, որը հետագայում մարմնական տկարության է բերում, մարդուն անպիտան է դարձնում: Բժիշկը ոչինչ չի գտնում, որովհետև վնասվածքը գայթակղության հետևանք է:
Իսկ որքա՜ն պատվախնդիր, հոգևորապես զգայուն մարդկանց եմ տեսնում, որ անպիտան են դարձել:
- Հա՛յր, ինձ այնքան ուժասպառ եմ զգում, որ ամենևին չեմ կարողանում հոգևոր գործունեությամբ զբաղվել: Դա հոգնածությունի՞ց է, թե՞, միգուցե, անփութությունից:
- «Իմ բազում մեղքերից տկարանում է մարմինս, տկարանում է նաև հոգիս»,- մի՞թե այդպես գրված չէ Աստվածածնին նվիրված շարականում: Դա մարմնի հոգնածություն չէ, այլ՝ հոգեկան թուլություն: Դա մարմնական հոգնածությունից ավելի վատ է: Հոգեկան թուլությունից մարդը հավասարակշռությունը կորցնում է, ասես մեքենա է դառնում, որի մեխանիզմը կարգին է, իսկ շարժիչն՝ անսարք:
- Հա՛յր, նախկինում հոգևոր գործունեությունը սիրում էի, իսկ այժմ ոչինչ չեմ կարողանում անել:
- Ինչո՞ւ չես կարողանում ոչինչ անել: Ուժ չունե՞ս: Ես տեսնում եմ, որ ունես: Հիշո՞ւմ ես, առաջ, երբ մենաստանը կառուցվում էր, դու ողջ օրն աշխատում էիր շինարարության վրա, և ժամանակդ բավարարում էր գործունեությանը:
- Միգուցե խնդիրն այն է, որ գլխովին տրվել եմ աշխատանքի՞ն:
- Ավելի շուտ բանն այն է, որ քեզ թույլ ես տվել թուլանալ: Ե՛կ, քեզ դժվարությունների վարժեցրու, սխրանքը սիրի՛ր: Ես, որ ընդամենը կես թոք ունեմ, գիտե՞ս քանի երկրպագություն եմ անում: Չեմ կարող քեզ ասել: Միայն կասեմ, որ երբ տերողորմյայով աղոթելիս խոնարհվելով երկրպագություն եմ կատարում, երբ մի ձեռքս հոգնում է, մյուսով եմ խաչակնքվում: Դա քեզ սիրելով եմ ասում: Մյուսներն այն նախադրյալները չունեն, ինչ՝ դու, իսկ գիտե՞ս, թե ինչպես են ճգնում, պայքարում: Դու պիտի դեսանտային զորքերում ծառայեիր: Ինչպե՞ս ես քեզ այդ վիճակի հասցրել: Կաղոթեմ քեզ համար, բայց դու էլ պիտի ջանաս: Հասկանալի՞ է: Հոգևորին պետք է ողջ ուժերդ ուղղես, այնժամ հնազանդության մեջ էլ կառաջադիմես:
- Հա՛յր, երբեմն, երբ խցում եմ, անփութություն է իջնում վրաս:
- Մի՞թե խցում չես աղոթում, չես կարդում: Հնարավորինս ջանա, որպեսզի ժամանակն անգործ չանցկացնես: Չե՞ս կարող աղոթել: Ուրեմն կարդա այն, ինչ այդ պահին օգտակար է քեզ: Այլապես սատանան կարող է քո վատ վիճակից օգտվել և փորձության մատնել քեզ:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը