Դեկտեմբերի 7-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ղազարյան Արաքսյային (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Արաքսյան իր երկու որդիների՝ Ռաֆայելի (13 տ.) և Մհերի (9 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Արմավիր քաղաքի Սիլիկյան 23/5 հասցեում: Ամուսնալուծվելուց հետո վեց տարի է, ինչ Արաքսյան միայնակ է խնամում իր տղաներին: «Առողջական մի շարք խնդիրներ ունեմ, որ չեմ կարողանում լուծել ֆինանսական խնդրի պատճառով: Հիվանդություններիս սրման պատճառով այժմ ի վիճակի չեմ աշխատելու, իսկ ընտանեկան նպաստի գումարը չի բավարարում անգամ մեր նվազագույն կարիքները հոգալու համար: Ավագ որդիս, երեք տարի ֆուտբոլի խմբակ հաճախելով, մեծ արդյունքների է հասել, մեդալակիր է, բայց այժմ Ֆինանսական խնդրի պատճառով չի հաճախում խմբակ, փոքր որդիս գերազանց է սովորում, նա մի շարք նախասիրություններ ունի, որոնք ևս նույն խնդրի պատճառով բաց են մնացել»,- ասաց Արաքսյան և իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին:
Աստծո հետ առողջ հարաբերության մեջ գտնվող անձը ձգտում է նաև առողջ հարաբերություն ունենալ իր նմանի հետ, քանի որ հնարավոր չէ պաշտել Աստծուն՝ անտեսելով Աստծո պատկերը կրող մարդուն: Բոլոր մարդիկ՝ որպես մեկ հասարակության անդամներ, կապված են մեկը մյուսի հետ, ուստի որևէ մեկի անտարբեր վերաբերմունքն իր հետքն է թողնում հասարակության մեջ՝ վնասելով նրան՝ որպես ամբողջական մեկ օրգանիզմի: Ռուս գրող և դրամատուրգ Ա. Պ. Չեխովն ասել է. «Անտարբերությունը հոգու կաթված է և վաղաժամ մահ»: Քրիստոնյայի կյանքում որպես մնայուն սկզբունք պետք է լինի եղբայրասիրությունը, ինչի մասին Պողոս առաքյալն ասել է. «Գալով եղբայրասիրությանը՝ կարիք չկա, որ ձեզ գրենք, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել» (Ա Թեսաղ. 4:9):
Կարինե Սուգիկյան