26 Նոյեմբեր, Գշ
Ճշմարիտ սեր ունեցողը մերձավորին համարում է Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մեկը, որը նաև Աստծու տաճար է համարվում: Նա, ով սիրում է իր մերձավորին, դրախտային երանելի վիճակ է ապրում՝ ի տարբերություն նրա, ում սրտից բացակայում է այդ սերը: Ճշմարիտ սեր ունեցողը մշտապես ուրախ է, իսկ եթե մերձավորի կողմից որևէ անախորժության է հանդիպում, ապա մեծահոգաբար և համբերությամբ տանում է այն, քանի որ սերն, ըստ Պողոս առաքյալի, համբերատար է (Ա Կորնթ. 13:6): Սերը մերձավորի հանդեպ մարդկության սփոփանքն է ու զարդարանքը, այն պատրաստակամորեն և մեծահոգաբար կրում է մերձավորի թերությունները, օգնության ձեռք է մեկնում կարիքավորին, մխիթարում վշտացածներին, այցելում հիվանդներին, բանտարկյալներին, ներում է վիրավորանքները: Անթիվ են ճշմարիտ սիրո արտահայտությունները և հնարավոր չէ մեկ առ մեկ թվարկել դրանք: Ահա, թե ինչ երանելի խոսքերի են արժանանալու ճշմարիտ սեր ունեցողները Տիրոջ կողմից, երբ Նա Իր փառքով գա հրեշտակների հետ և նստի Իր թագավորական գահին. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցե՛ք այն արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր, որովհետև Ես քաղցած էի, և Ինձ կերակրեցիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվիք, օտարական էի, և Ինձ ընդունեցիք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի և Ինձ խնամեցիք, բանտում էի, և այցելեցիք Ինձ» (Մատթ. 25:34-37):
Ճշմարիտ սիրո արտահայտություններից են Հայ եկեղեցու գործունեության կարևոր մաս համարվող սոցիալական ծրագրերը: Սեպտեմբերի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, այցելեց Վարդանյան ընտանիքին, որ բնակվում է ք. էջմիածին, Պետ-Տնկարանում: Տունը, որտեղ բնակվում է հինգ հոգուց բաղկացած ընտանիքը, ժամանակավոր կացարան է, որ տրամադրել է հարևանը: Ընտանիքի մայրը՝ Մելոյան Անահիտը (48 տ.), նշեց, որ ամուսինն արդեն երկար ժամանակ մշտական աշխատանք չունի, հակառակ դեպքում իրենք կկարողանային մաս առ մաս վճարել վաճառքի հանված տան գումարը և փողոցում հայտնվելու մտավախություն չէին ունենա: Տեր Գրիգորն Անահիտին փոխանցեց դրամական աջակցություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ընտանիքի մայրը շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:
Կարինե Սուգիկյան