25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
«Ապա ուրեմն հավատը լսվածից է, և լսվածը Քրիստոսի խոսքից»
Սիրելի հավատացյալներ,
Առաքյալները անմիջապես Քրիստոսից լսեցին փրկարար խոսքը և այդ հրաշագործ խոսքով բոցավառվեցին և այդ աստվածային կրակը տարածեցին աշխարհով մեկ: Եվ մինչ այսօր բարենորոգ այդ հուրը միմյանց են փոխանցում քրիստոնյաները: Այո, այդպես է՝ Փրկչին չես գտնի մինչև չլսես Աստծո խոսքը՝ խոսք, որը մարդկային մտքի, փիլիսոփայության արգասիք չէ, այլ Սուրբ Հոգու ներգործություն: Յուրաքանչյուրս էլ, լսելով կամ կարդալով, եկել ենք Եկեղեցի: Աստծո խոսքը պարզապես լսելն ու հավատալը չէ, այլ ընդունելն է հոգու և մտքի մեջ: Եվ այն ոչ միայն նոր մտածելակերպ է մեր մեջ ձևավորում, այլ նոր կյանք: Հավատացյալի հոգու բոցավառումը պիտի նկատելի լինի հասարակության մեջ, արթնացնելով մարդկանց սրտերում հուզմունք, իսկ մտքում՝ կասկած իրենց համոզմունքների մեջ: Պիտի նկատվի նոր կյանքը մեր մեջ: Այսպիսին պիտի լինի Քրիստոսի աշակերտը, ով ձգտում է նմանվել իր Ուսուցչին: Հակառակ դեպքում, մենք ոչ թե աշակերտ ենք, այլ ունկնդիրներ: Տիրոջ աշակերտ լինելը նշանակում է՝ լսել, ընդունել և կատարել, բայց ոչ այնպես, ինչպես ծառաները պարտադրաբար թագավորի հրամանն են կատարում, այլ որպես Հոր հետ համամիտ, համախոհ որդիներ:
Հիշենք Փրկչի խոսքերը՝ «Ով ականջ ունի, թող լսի»: Ուշադիր լինենք ինչպես ենք լսում. ոմանք լսում են մեծ ուշիմությամբ, նույնիսկ հոգում բոցավառություն է առաջանում, սակայն կրակն արագ մարում է: Այսինքն. պատրաստակամություն չունեն լսածը կյանքի կոչել: Ոմանք փորձում են կյանքի կոչել, սակայն երբ հասնում է պահը զոհաբերություն կատարել, հրաժարվել մի սիրելի, ցանկալի սովորությունից հետ են կանգնում: Այստեղ մեզ մեծ արիություն է պետք: Տերն ասում է այսպես կամ այնպես վարվեք, հրաժարվեք այս կամ այն տեսակի չար սովորությունից, ուրեմն խիզախությամբ գնանք այդ քայլին, որպիսի մեզ դիտելով՝ Աստծո նմանություն նկատեն: Աստծո խոսքը լսելու և կատարելու կարևորությունը երևում է նաև Քրիստոսի հետևյալ զգուշացումից. «Ով անարգում է ինձ և իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ նրան դատում է. Այն խոսքը, որ Ես խոսեցի, դա պիտի դատապարտի նրան վերջին օրը»: Ուրեմն, Տիրոջ խոսքն այնպես լսենք, որ այն ազդեցություն բերի ոչ միայն մեր սրտին ու մտքին, այլ նաև կյանքին:
Եվս մի կարևոր հանգամանքի մասին կուզենայի ասել: Մենք նկատում ենք, որ սուրբգրային ընթերցվածքները, եկեղեցական տոները յուրաքանչուր տարի կրկնվում են, բազմիցս լսել ենք բացատրություններ: Եվ կարող է ոմանց մոտ թյուր կարծիք առաջանալ, թե ինչ իմաստ ունի ամեն տարի նույնը լսել: Աստվածաշնչյան ընթերցվածքները անծայրածիր խորություն ունեն, և յուրաքանչուր անգամ Տերը նորանոր գաղտնիքներ է բացում՝ դիպչելով մեր սրտին, և բացի այդ. ցավոք, մենք լսելով խրատները՝ հաճախ կյանքի չենք կոչում և վերստին կարիք ենք ունենում նույն պատգամը լսելու:
Բոլորիս առջև դժվարին խնդիր է դրված. լսելով լուսավորվել և խոսելով ու գործելով ուրիշներին լուսավորել: Ուրեմն ամենայն նվիրումով ու խիզախությամբ գործելով մեր Լուսավորչի արժանի զավակներ լինենք:
Սեր, շնորհ և խաղաղություն ամենքին: Ամեն:
Տեր Զգոն քհն. Աբրահամյան