26 Ապրիլ, Կիր
«Աշակերտների մեջ մի վեճ առաջ եկավ, թե արդյոք իրենցից ո՛վ է մեծ։ Երբ Հիսուս իմացավ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մեջ իր մոտ և ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. Որովհետև, ով որ ձեր մեջ փոքրագոյնն է, նա՛ է մեծ»։ (Ղուկ. 9:46-48)
Սիրելի հավատացյալներ,
Ավետարանական այս հատվածը, որտեղ առաքյալները վիճում են առաջնության մասին, հիշատակվում է նաև Մատթեոս և Մարկոս առաքյալների կողմից գրված ավետարաններում (Մատթ. 18:1-5, Մարկ. 9:33-37): Ահա նաև մեկ այլ ուշագրավ դրվագ, որն անմիջական կապի մեջ է մեր քննարկելիք հատվածի հետ. «Զեբեդէոսի որդիները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մեկս՝ քո աջում և մյուսս՝ ձախում, քո փառքի մեջ» (Մարկ. 10:35-38):
Այս հատվածները բացահայտում են մեզ մարդկային հպարտության ու փառասիրության դրսևորումները, որ չէին շրջանցել նաև առաքյալներին: Սակայն պիտի պարզաբանենք, որ դրանք ի հայտ եկան և նկարագրվեցին ավետարաններում` Աստծո թույլտվությամբ, որպեսզի հետագա սերունդների առջև բացվի մարդկային էության ողջ մեղսավորությունը, թուլությունն ու ոչնչությունը: Նաև պարզ է դառնում մեզ համար, որ ինչքան էլ Քրիստոսի աշակերտներն ի սրտե սիրում էին ու նվիրված էին Տիրոջը, սակայն ոչ մի կերպ չէին կարողանում ձերբազատվել Աստծո Մեսիայի թագավորության մասին հրեական սխալ պատկերացումներից, ուստի և ողջ խորությամբ չէին ընկալում Նրա սուրբ գործը: Բանն այն է, որ այս իրադարձություններից անմիջապես առաջ` մեր Տեր Հիսուս Քրիստոս սկսեց արդեն բացահայտ խոսել իրեն սպասվող չարչարանքների, խաչի վրա անարգ մահվան և երրորդ օրվա հարության մասին (Մատթ. 16:20): Եվ այստեղ ևս մեկ անգամ համոզվեց, թե դեռևս որչափ հեռու էին աշակերտներն Իրեն հասկանալուց: Նա նրանց հետ խոսում էր իրեն սպասվող տանջանքների ու մահվան մասին, իսկ նրանք` փառքի: Իհարկե, վերջ ի վերջո Հիսուս Քրիստոս փառաբանվելու էր, սակայն այդ փառքին Նա գնալու էր չարչարանքների ու խաչի միջոցով: Առաքյալները չէին հասկանում, որ եթե Տերը բառացիորեն, անմիջապես կատարեր նրանց խնդրանքը` ապա նրանք պիտի հայտնվեին այն տեղում, որտեղ երկու ավազակներն էին, այսինքն խաչի վրա: Քանի որ գահը, որի վրա բարձրացնելու էին Աստծո որդուն մարդիկ` խաչն էր: Ուստի Տերն ուղղակի պատասխանեց, ասելով. «Չեք իմանում, թե ինչ եք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ» (Մարկ. 10:38):
Իսկ ահա Տիրոջ պատասխանն աշակերտների այն հարցին, թե ով պետք է իրենցից մեծը լիներ Քրիստոսի արքայությունում, որին շուտով սպասում էին, ուղղակի և վճռականորեն ուղղված էր արմատախիլ անելու նրանց ձգտումները դեպի առաջնության. «…այլ ձեզնից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը. և ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի.» (Մարկ. 10:43, 44)։ Եվ չնայած Երկնային Արքայի հայտնությունը մարդկային մարմնում, ծնունդը` ոչ թե արքայական պալատում, այլ` ախոռում, թափառական ու ամենայն հարմարավետությունից զուրկ կյանքը, իսկ այնուհետև կրած չարչարանքներն ու անարգ մահը` մարդկության մեղքերը քավելու համար, արդեն իսկ մի ակնհայտ օրինակ էր` մեծագույն խոնարհության, սակայն Հիսուս Քրիստոս տեսավ անհրաժեշտությունը, ևս մեկ անգամ, Իր խոսքով մեկընդմիշտ սահմանելու համայն մարդկության համար, որ առաջնությունն իր արքայությունում տրվելու է ոչ թե նրան, ով ձգտում է ամենքից բարձր լինել, այլ նրան` ով խոնարհեցնում է իր անձը` մյուսներին զիջելով առաջին ու բարձր տեղերը: Այսինքն նրանք մեծ պիտի լինեին խոնարհության մեջ: Եվ Աստվածորդու սեփական օրինակը, որ Տերը մատնացույց արեց` մեծագույնն էր առաքյալների և մեզ համար, որին պետք է բոլորը հետևեն. «որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և տալու իր անձը որպես փրկանք շատերի փոխարեն» (Մարկ. 10:45): Այսպիսով, Տերն ամբողջովին գլխիվայր է շրջում մարդկային թյուր պատկերացումները` պաշտոնակարգության վերաբերյալ: Քանզի երկրային արքաներն ապրում էին շքեղության ու աշխարհիկ փայլի մեջ և իրենց կարծեցյալ բարձունքից էին նայում իրենց հպատակների աղքատությանն ու նեղություններին: Իսկ Տերը ցույց տվեց լրիվ հակառակ կերպարը` խոնարհ սիրո վսեմության ու վեհության կերպարը: Եվ որպեսզի ավելի ակնհայտ ու հասկանալի լինի այս նոր կարգը, Տերն իր մոտ է կանչում մի մանուկի, որը ժամանակագրի վկայությամբ, հետագայում դարձավ Անտիոքի եպիսկոպոս, սուրբ նահատակ Իգնատիոս Աստվածազգյացը, կանգնեցրեց նրան աշակերտների միջև և մատնացույց անելով` ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մէջ նա՛ է մեծ։ Եվ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կընդունի» (Մատթ. 18:3-5)։ Այսինքն, եթե նրանք չհրաժարվեին իրենց սխալ պատկերացումներից Քրիստոսի թագավորության մասին և այդ թագավորության մեջ առաջին տեղերը գրավելու իրենց փառասեր հույսերից, ապա երբեք էլ չէին մտնի Երկնքի արքայություն:
Մանուկները մաքրամաքուր սիրտ ունեն ու պարզամիտ են: Նրանք զուրկ են իրենց անձը բարձրացնելու ու ինչ-որ բան ձեռք բերելու կանխակալ մտքերից: Նրանք երկչոտ են ու խոնարհ: Նրանց մեջ բացակայում է նախանձը, փառասիրությունն ու առաջինը լինելու ցանկությունը: Ահա այս հատկանիշները պիտի ունենան նրանք, ովքեր ցանկանում են ժառանգել Աստծո երկնային արքայությունը: Այսինքն նա` ով կհրաժարվի իր կարծեցյալ մեծությունից, փառասիրությունից ու հպարտությունից և կընդունի խոնարհության և հեզության իմաստությունը, կդառնա այնքան փոքր, որքան այդ փոքր երեխան էր` հենց նա էլ մեծ նշանակություն կունենա Տիրոջ երկնային արքայությունում:
Միաժամանակ Հիսուս Քրիստոս մի հրաշալի օրինակ տվեց իր աշակերտներին` Աստծո արքայության ժառանգորդների փոխհարաբերությունների մասին. «Եվ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կընդունի» (Մատթ. 18:5)։ Այսինքն յուրաքանչյուր ոք, ով Հիսուս Քրիստոսի անունով` սիրով կվերաբերվի այդպիսի փոքրիկ երեխաներին կամ այն հեզ ու խոնարհ մարդկանց, որոնք նման են այդ մանուկներին, հետևած կլինի Հիսուսի պատգամին` սիրով վերաբերվելու բոլոր տկարներին ու անարգվածներին, դրանով էլ ընդունելով հենց Աստծո Միածին Որդուն:
Ինչպես արդեն նշեցի, մեր Տիրոջ ողջ կյանքն է խոնարհության մի մեծ դաս, որ տրվեց մեզ` մեր իսկ փրկության և Աստծո արքայությանն արժանանալու համար: Ու ինչքան էլ մեր մեղավոր հոգիների համար դժվար թվա մեր հպարտությունից ու փառասիրությունից հրաժարումը, մենք պիտի քաջ գիտակցենք, որ խոնարհությունն է Աստծո արքայություն տանող ճշմարիտ ուղին: Եվ պետք է հասկանանք, որ Քրիստոսի խոնարհությունն ամենևին էլ թուլություն չէ, ինչպես կարծում են անհավատները, այլ բացարձակ ու կատարյալ ուժ: Քանի որ ինչպես բազմիցս ցույց է տվել մարդկային պատմությունը, այն աշխարհիկ թագավորներն ու բռնապետերը, որոնք իրենց իշխանությունը հիմնել են բռնության ուժով, ժամանակավոր բնույթ են կրել և անխուսափելիորեն կործանման են ենթարկվել: Իսկ թագավորության ու բարձրության օրինակը, որ Քրիստոս ցույց տվեց խոնարհության և զոհաբերության միջոցով, դա այն փառքն ու մեծությունն է, որ հավիտենական է: Իհարկե, բոլորն էլ ցանկանում են հարմարավետ ու անհոգ կյանքով ապրել: Սակայն Հիսուս Քրիստոս մարդկության առջև բացեց մեկ այլ հարթություն` չփնտրել սեր, այլ պատգամեց` սիրել, չգերադասել իր անձն, այլ խոնարհեցնել այն ուրիշների առջև: Տերը մեր առջև բացեց Երկնքի բոլոր գաղտնիքները, Նոր Ուխտի, նոր ծնունդի բոլոր օրենքները, որպեսզի դրանց հետևելով` վերածնվենք նոր արարածների:
Այսպիսով մեր առջև դրված խնդիրն է` խորհել ու գործել Քրիստոսի այն պատգամների համաձայն, որ այսօր սովորեցինք Ավետարանական այս հատվածներից և որոնք էլ մեր առջև բացում են հավիտենական կյանքի ու Աստվածային ուրախության ճշմարիտ ճանապարհը: Հիշենք, որ Մարդու Որդին չեկավ, որպեսզի իրեն ծառայեն, այլ որպեսզի Ինքը ծառայի` սիրո, զոհաբերության ու խոնարհության ծառայությամբ և Իր կյանքը տա` մեզ մեր մեղքերից փրկագնելու ու հավիտենական կյանքին արժանացնելու համար:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան